Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԲԱՅԿՈՆՈՒՐԻՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՐԲԱՆՅԱԿ ԿԱՐՁԱԿՎԻ

«Ан-124-100» («Руслан») ինքնաթիռով Միացյալ Նահանգներից Ղազախստանում գտնվող Բայկոնուր տիեզերակայան է տեղափոխվել «Intelsat 23» հեռուստակոմունիկացիոն արբանյակը, որը ռուսաստանյան «Протон-М» կրող հրթիռն ուղեծիր դուրս կբերի հուլիսի երկրորդ կեսին:

ԻՐԱՆԸ ԿԻԲԵՌՆԵՏԻԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Է ՄՇԱԿՈՒՄ

Երկրի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Գոլյամ-Ռեզա Ջալիլին հայտարարել է, որ Իրանի գիտնականներն ու ինժեներները ձեռնամուխ են եղել կիբեռնետիկ հարձակումներից պաշտպանվելու նպատակով երկրի համակարգչային պաշտպանության ծրագրի մշակմանը:
Իրանն արդեն իսկ ունի համակարգչային հրամանատարություն, և այժմ մշակվում է նրա հայեցակարգը, որն ունի բացառապես պաշտպանական ուղղվածություն, ինչպես նաև նոր համակարգչային վիրուսներից պաշտպանության եղանակները:

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՈՎԱԾ ՊԱՏՐԱՍՏԵԼԻՍ

Ղրիմի ծովափերից մեկում հանգստացողների խումբը խորովածի համար կրակը կույր պատահականությամբ վառել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից հողի մեջ խրված հրետանային արկի վրա: Քիչ անց որոտացած պայթյունը խլել է մեկ մարդու կյանք և ծանր վերքեր հասցրել ևս երկուսին:

ԴՐԱՄԱՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ

Սիրիայի ընդիմությունը ՄԱԿ անվտանգության խորհրդին կոչ է արել երկիր ուղարկել խաղաղապահ զինված ստորաբաժանումներ և միաժամանակ տարակուսանք է հայտնել գեներալ Ռոբերտ Մուդի ղեկավարած ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի դիտորդական առաքելության դադարեցման համար, «ինչն օգուտ է միայն Ասադի վարչակարգին, իսկ շարքային սիրիացիներին զրկում է ամեն տեսակ աջակցությունից»: Ընդիմադիր Սիրիական ազգային խորհուրդն «անարդար ու անընդունելի» է համարել միջազգային հանրության կողմից «խաղաղ քաղաքացիներին պաշտպանելը դադարեցնելը»:

ԿԱԶԱՏԵՆՔ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ

Լիբիայի իշխանությունները հայտարարել են, որ հունիսի 7-ին երեք գործընկերների, այդ թվում նաև Նիդեռլանդների Թագավորությունում ՌԴ նախկին դեսպան Ալեքսանդր Խոդակովի հետ ձերբակալված Միջազգային քրեական դատարանի աշխատակցուհի Մելինդա Թեյլորին ազատ կարձակեն միայն գնդապետ Քադաֆիի որդու`Սեյֆ-ալ-Իսլամի «աջ ձեռքը» համարվող Մոհամմեդ Իսմայիլի գտնվելու վայրի մասին տեղեկությունների տրամադրման դեպքում: Վերջինս, Լիբիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի պնդմամբ, մեծ վտանգ է ներկայացնում երկրի նոր իշխանությունների համար:

ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ Է ԶԵՆՔԻ ՄԱՔՍԱՆԵՆԳ ԽՈՒՄԲ

Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ու Չինաստանի իրավապահ մարմինների համատատեղ գործողության արդյունքում երկրում ձերբակալվել է 23, իսկ ԱՄՆ-ում` 3 կասկածյալ: Եվս երկուսի ձերբակալման վայրի մասին ոչինչ չի հաղորդվում:
Հանցավոր խմբի անդամներից մեկն ԱՄՆ ազգային գվարդիայի սերժանտ էր, որի մոտ դեռ մայիսին հայտնաբերվել էր 12 ատրճանակ: Ենթադրվում է, որ սերժանտը պատրաստվում էր դրանք անցկացնել Չինաստան:

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳԵՆԵՐԱԼԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

Հարավային Կորեայում ամերիկյան զորքերի (USFK) հրամանատար, գեներալ Ջեյմս Թուրմանը երեկ հայտարարել է, որ անհրաժեշտ է ամերիկյան զորախմբին հատկացնել լրացուցիչ մարտական ու հետախուզական ավիացիա, ինչպես նաև ուժեղացնել բալիստիկ հրթիռներից պաշտպանության միջոցները:
Հարավկորեական լրատվամիջոցների հավաստմամբ, նախատեսվում է կազմավորել սպառազինությունում «Apache» ուղղաթիռներ ունեցող ավիացիոն նոր գումարտակ, ինչպես նաև երկրում տեղակայել զենիթահրթիռային «Patriot» համալիրների նոր խմբաքանակ: