Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍԻՐԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ 16 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ԶՈՀՎԵԼ

Լոնդոնում գտնվող «Մարդու իրավունքների պահպանության դիտարկման սիրիական կենտրոնի» հաղորդմամբ, երեկ առավոտյան Սիրիայի հյուսիսում Դարեթ Ազեխ ու Քաֆար Հալաբ գյուղերի մոտով անցնելիս հարձակման ենթարկվել եւ, զոհվել է 16 զինծառայող: Համաձայն նույն կազմակերպության հաղորդման, Դարեթ Ազեխում գրոհայիններն ուրբաթ օրը սպանել են կառավարամետ «Շաբիխա» կազմակերպության 25 աշխարհազորայինի, ապա գյուղից առևանգելով գնդակահարել են խաղաղ բնակիչների և այլանդակել նրանց մարմինները:

ԹՈՒՐՔ-ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ Է ՈՉՆՉԱՑՎԵԼ

Սիրիայի սահմանապահ զորքերը ոչնչացրել են Թուրքիայի տարածքից Սիրիա ներթափանցել փորձող ահաբեկչական մի խումբի: Մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, Սիրիային սահմանակից թուրքական շրջաններում է գտնվում ԿՀՎ ներկայացուցիչների խումբը, որը համակարգում է Թուրքիայի, Քաթարի ու Սաուդյան Արաբիայի միջոցներով գնվող զենքի` մասնավորապես ավտոմատների ու հակատանկային միջոցների մատակարարումն ընդիմադիր Ազատ սիրիական բանակին:
Թուրքիայի արտգործնախարարությունը ժխտել է իր մասնակցությունը սիրիական ընդիմությանը զենքի մատակարարելու գործին:

ՈՉՆՉԱՑՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉԻ ՇՈՒՐՋ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՄԱՐՈՒՄ

Վկայակոչելով կոլեկտիվ պայմանագրի 4-րդ կետը, որով նախատեսվում են կազմակերպությունների անդամ պետությունների խորհրդատվական քննարկումներ, եթե պետություններից մեկի պնդմամբ, սպառնալիքի տակ են իր տարածքային անվտանգությունը, քաղաքական ինքնիշխանությունը կամ անվտանգությունը, Թուրքիան պահանջել է ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ գումարել` քննելու հունիսի 22-ին Սիրիայի ՀՕՊ համակարգի կողմից թուրքական հետախուզական «RF-4E» կործանիչի ոչնչացման հարցը:

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ձևավորել է երկրի նոր կառավարություն: Առանցքային` պաշտպանության, ներքին գործերի ու արտաքին գործերի նախարարները չեն փոխվել: Ռաուդ Ռաջիի` պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելը վերջ է տվել ընդիմադիր գրոհայինների կողմից նրա սպանվելու մասին շրջանառվող լուրերին:

ՀԱՍՏԱՏՎԵՑ ՌԴ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ

ՌԴ կառավարությանն առընթեր այս մարմինը վերստին կղեկավարի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, իսկ նրա առաջին տեղակալի պաշտոնում կշարունակի աշխատել Յուրի Բորիսովը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով հանձնաժողովի կազմը վերջերս բավական ընդլայնվեց և նրանում ներառվեցին ներքգործնախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, որը մինչ այժմ հանձնաժողովի նախագահի տեղակալն էր, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ու առողջապահության նախարարներ Վլադիմիր Պուչկովն ու Վերոնիկա Սկվորցովան, պաշտպանական պատվերի դաշնային ծառայության տնօրեն Լյուդմիլա Վորոբյովան, տիեզերական դաշնային ծառայության ղեկավար Վլադիմիր Պոպովկինը:

ԱՄՆ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ԻՐ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԱՌԵԼ… ԿԱՅԾԱԿԸ

Միացյալ Նահանգների զինվորական մասնագետները փորձում են գտնել մարտի դաշտում կայծակ առաջացնելու եղանակները և հավաստիացնում են, որ արդեն զգալի առաջընթաց են արձանագրել՝ կարողանալով կայծակի միջոցով ոչնչացնել ուսումնական թիրախները: Կայծակի օգտագործումը թույլ կտա ոչնչացնել հակառակորդի տեղադրած ականադաշտերը և անգամ` զրահատեխնիկան:

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳ ՔԵՆԻԱՅՈՒՄ

Քենիայում Միացյալ Նահանգների դեսպանատունը նախազգուշացրել է երկրի մեծությամբ երկրորդ` առափնյա Մոմբաս քաղաքում ահաբեկչության վտանգի մասին և ԱՄՆ քաղաքացիներին առաջարկել է հեռանալ քաղաքից:
Ավելի վաղ հայտարարվել էր Քենիայում Իրանի երկու քաղաքացիների ձերբակալության մասին, որոնց մոտ հայտնաբերվել էր պայթուցիկ նյութ հիշեցնող փոշի:
1998 թվականին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած պայթյունը խլեց ավելի քան 200 մարդու կյանք: