Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

Օրերս «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպությունն իր հերթական նիստն անցկացրեց, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ տարվա երկրորդ կիսամյակում կատարված աշխատանքները, ինչպես նաեւ քննարկվեցին այս տարվա առաջին կիսամյակում անհրաժեշտ անելիքները: Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ վետերանների խորհրդի նախագահ գնդապետ Ս. Եսայանը: Նա նշեց, որ միավորման նախագահության եւ ենթահանձնաժողովների նիստերի ընթացքում բարձրացվել են վետերաններին հուզող տարաբնույթ հարցեր ու խնդիրներ, ընդունվել են համապատասխան որոշումներ, որոնց կյանքի կոչման համար հետեւողական աշխատանք է տարվում:

ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՆՑ…

Այսօր՝ Բանակի օրը, ծերունի կենսաթոշակառուիս թույլ տվեք հպարտանալ. ես՝ գյուղական ուսուցիչս, նախարար եմ կրթել, այն էլ ինչ նախարար՝ պաշտպանության…
Չեք հավատա. իմ նախկին աշակերտին ճանաչեցի գրագետ, տրամաբանված խոսքից, կիրթ, չափված-ձեւված պահվածքից, ուղիղ կեցվածքից։ Հեռուստացույցով նայում էի ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի ելույթն ու մտածում, թե՝ տեսնես ո՞վ է այս զինվորականի ուսուցիչը եղել, որտե՞ղ է դաստիարակվել, ո՞ւմ տղան է… «Օհանյան» ազգանունն ինձ կասկածի մեջ գցեց։ Սկսեցի հետաքրքրվել… Պարզվեց՝ Մրգաշենի դպրոցի, որտեղ ես տնօրեն եմ աշխատել, մեր ռուսաց լեզվի վաստակաշատ ուսուցիչ Մուշեղ Օհանյանի եւ հարգված դասվար Լ. Ամիրջանյանի տղան է, իմ գերազանցիկ շրջանավարտը։

ՈՐՔԱ՜Ն ԱՌԱՎԵԼ ՄԵ՛ՆՔ…

Հունվարի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Աննա Թովմասյանի` «Հայկ» կինոստուդիայում նկարահանված «Կամավորը» ֆիլմի շնորհանդեսը:
Ֆիլմի գլխավոր հերոսը` Վլադիվոստոկից Արցախյան պատերազմին մասնակցելու համար կամավոր Արցախ եկած, ազգությամբ սերբ Դիմա Մոտրիչը, ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվեց «Արիության» մեդալով, իսկ Դիմայի հայրը` Անատոլի Մոտրիչը, որը որդու զոհվելուց հետո ինքն էլ է մասնակցել Արցախյան ազատամարտին, պարգեւատրվեց «Մարտական ծառայության համար» մեդալով:
«Կամավորը» ֆիլմի ռեժիսոր Աննա ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ընթերցողին պատմում է ֆիլմի ստեղծման պատմությունը, փորձում հասկանալ Դիմա Մոտրիչի եւ նրա նմանների` հայ ժողովրդի ազատագրական պայքարին մասնակցելու շարժառիթը:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

Հայոց բանակի օրվա առթիվ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նախօրեին այցելեց մարզի տարածքում տեղակայված հակաօդային պաշպանության զորքերի ստորաբաժանումներ, ուր մարզի ղեկավարին դիմավորեցին զինվորական ողջույններով:
Ողջունելով ու շնորհավորելով զինվորներին ու սպայական անձնակազմին Հայոց բանակի ստեղծման 19-ամյակի կապակցությամբ` մարզպետն ընդգծեց Հայոց բանակի զինվորի ու սպայի հանդեպ բացառիկ ուշադրությունն ու հոգատարությունը, որ դրսեւորվում է երկրի ղեկավարության, գերագույն գլխավոր հրամանատարի եւ ընդհանուր ազգաբնակչության կողմից:

ՄԵՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵՑ…

Մեր որդին՝ Վարազդատ Մեհրաբյանը, ծառայում է հայոց ազգային բանակում։ Կա՞ ավելի մեծ հպարտություն՝ որդիդ զինվոր է՝ մեր թանկ ու սուրբ հողի պաշտպանը։ Իսկ մեր հպարտությունն է՛լ ավելի կրկնապատկվեց, երբ որդուս ծառայավայրից շնորհակալական նամակ ստացանք. «Հարգելի Մեհրաբյաններ, մեր զորամասի լավագույն մարտիկների շարքում է ծառայում ձեր որդին՝ կրտսեր սերժանտ Վարազդատ Մեհրաբյանը, որը հմտորեն է տիրապետում իր զինվորական մասնագիտությանը, դարձել է ուսման առաջավոր, կարգապահ մարտիկ։ Նա բարեխղճորեն է կատարում իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ, զինվորական կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է հանդիսանում ծառայակիցների համար։

ՎԱՀԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏՔԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ

Սիրելի՛ «Հայ զինվոր»
Մեր որդին՝ Վահե Արմենի Սարգսյանը, ծառայում է գնդապետ Ա. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասում։ Գոհ է թե՛ հրամանատարությունից եւ թե՛ ծառայակից ընկերներից, արդեն ազատ խոսում է մեր հազարամյա մայրենիով։ Բանն այն է, որ մեր երկրի անկախացմանը հաջորդող «մութ ու ցուրտ» տարիներին հանապազօրյա հաց վաստակելու համար մենք ստիպված էինք թողնել հայրենի տունն ու հանգրվանել ՌԴ Կեմերովոյի մարզում, որտեղ էլ Վահեն ավարտեց ռուսական դպրոցը, ստացավ ատեստատն ու պարտքը հայրենիքի հանդեպ կատարելու, մանկուց փայփայած երազանքն իրագործելու վճռականությամբ մեկնեց Հայաստան, զինվորագրվեց հայոց բանակին։

ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿ

Արցախյան պատերազմի տարիներին ուսուցչուհի էի Գորիսի N 5 դպրոցում, միաժամանակ որպես թղթակից գնում էի թեժ գիծ, գրում սահմանին խրոխտ ու աներեր կանգնած քաջ տղաների մասին։ Շատ ժամանակ է անցել այն օրերից, շատ ջրեր են հոսել, բայց ոչինչ չեմ մոռացել, բոլորին հիշում եմ եւ կարոտում։ Հաճախ եմ թերթում օրագրային գրառումներս, հոգիս փոթորկվում է, ծառս լինում։ Որտե՞ղ եք դուք, ինձ հարազատ դարձած զինվորներ, կռվող տղերք։ Որտեղ էլ լինեք, մեր այս խելահեղ մոլորակի որ անկյունում, ես ձեզ երջանկություն եմ մաղթում։