Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Անտառային հրդեհները պետք է մարվեն այն կազմակերպությունների կողմից, որոնք տնօրինում են այդ անտառները: Անտառապահը պարտավոր է ի հայտ բերել հրդեհը և միջոցներ ձեռնարկել դրա վերացման համար: Փոքր հրդեհը հանգցնում է անձամբ անտառապահը: Անհրաժեշտության դեպքում օգնության են հասնում կամավորական խմբերը և բնակչությունը:

Անտառտնտեսություններին կից գործում են մասնագիտացված ստորաբաժանումներ` հագեցված հրշեջ ավտոցիստեռնով, բեռնատար մեքենայով, սայլակով մոտոցիկլերով և շարժական մոտոպոմպերով:

Հրշեջ կայանները բաշխվում են հրդեհավտանգ տեղամասերում:

Գործում են նաև ավիացիոն բաժանմունքներ, որոնց կցում են որոշակի անտառատարածքներ:

Առավել հրդեհավտանգ շրջաններում կազմակերպվում են անտառահրդեհային կազմավորումներ:

Հրշեջ պրոֆիլակտիկայում կարևոր է անտառում արգելափակիչ գոտիների և անջրպետների ստեղծումը:

Պրոֆիլակտիկ հակահրդեհային միջոցառում է նաև բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքը:

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Հրդեհը վերացնում են հետևյալ փուլերով` հրդեհի դադարեցում (բոցերի դադարեցում), տեղափակում, մարում և հսկողություն:

Բնական է` բոլոր եղանակները կախված են հրդեհի տեսակից, ուժգնությունից, չափերից, օդերևութաբանական պայմաններից, տեղանքի բնույթից, հրշեջ ուժերի և միջոցների առկայությունից:

Հանգցնելու հիմնական եղանակներն են` հրդեհի եզրերի ձաղկումը կամ վրան հող լցնելը, արգելափակիչ և հանքաբացված գոտիներ և ակոսներ բացելը, ջուր կամ հրամարիչ քիմիկատային լուծույթներ օգտագործելը, հրաշիջումը (հանդիպակաց կրակ բաց թողնելը):

Հրդեհի եզրերը ձաղկելն անտառային հրդեհը հանգցնելու պարզագույն եղանակն է: Օգտագործում են 1-2մ երկարությամբ ճյուղերի խրձեր կամ ոչ մեծ, առավելապես սաղարթախիտ ծառեր:

Տարածվող կրակի ճանապարհը փակելու, հրաշիջման հենակետային գոտի ունենալու և կասեցված հրդեհը հուսալիորեն տեղափակելու համար ստեղծվում են արգելափակիչ և հանքաբացված գոտիներ և ակոսներ:

Կրակի դեմ տարվող պայքարում անչափ արդյունավետ է ջուրը: Գոլորշիանալով՝ ջուրը կլանում է մեծ քանակությամբ ջերմություն, որի հետևանքով այրման գոտին հովանում է: Սակայն ջուրը վատ ջերմահաղորդիչ է և դուրս է հոսում: Դրա համար նպատակահարմար է գործել ցրիվ շիթով: Որոշ դեպքերում գոլորշին կարող է արգելափակել թթվածնի ներթափանցումը դեպի կրակ:

100մ հրդեհաեզր մարելու համար պահանջվում է 10 րոպե, ծախսվում է 20 լ ջուր:

Դյուրավառ նյութի մեջ ջրի թափանցելիությունը մեծացնելու համար ջրին խառնում են խոնավացուցիչ նյութեր, օրինակ` ծկ-1 սուլֆանոլը:

Հրդեհներ հանգցնելու համար արդյունավետ է հրամարիչ քիմիկատների լուծույթների (քլորական կալցիում, քլորական մագնիում) օգտագործումը:

Մշակված են նաև բազմաթիվ հրդեհաշիջման եղանակներ, ինչպես նաև անտառային հրդեհները հանգցնելու մարտավարական եղանակներ: Անտառային հրդեհները և դրանց հետևանքները բացառելու համար արգելվում է`

♦ անտառում հրդեհավտանգ սեզոնին գետնին գցել վառվող լուցկու, ծխախոտի մնացորդներ,

♦ անտառում թողնել դյուրավառ նյութերով ներծծված թղթեր և շորի կտորներ,

♦ արևի տակ ապակի թողնել,

♦ մեքենայի շարժիչի աշխատանքի ժամանակ բաքը լիցքավորել վառելիքով,

♦ խարույկ վառել և այլն:

6. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ԳՈՐԾՈՆԵՐ

Դասակարգումը: Արտակարգ իրավիճակներում որոնողափրկարարական աշխատանքների կատարումը կապված է մարդկանց վրա վտանգավոր և վնասակար գործոնների ազդեցության հետ:

Վնասակար և վտանգավոր արտադրական գործոններն ըստ մարդու օրգանիզմի վրա ազդեցության բնույթի բաժանվում են` ֆիզիկական, քիմիական, կենսաբանական, հոգեֆիզիոլոգիական տեսակների:

Ֆիզիկական վտանգավոր և վնասակար գործոններն են`

-շարժվող մեքենաներ և մեխանիզմներ,

-արտադրական սարքավորումների շարժվող մասեր,

-տեղաշարժվող իրեր, մասեր, նախապատրաստված նյութեր,

-փլուզվող կոնստրուկցիաներ,

-փլուզվող լեռնային ապարներ,

-աշխատատեղում բարձր փոշոտվածություն և աղտոտվածություն,

-աշխատատեղում օդի բարձր և ցածր ջերմաստիճան,

-աշխատատեղում աղմուկի անթույլատրելի բարձրացում և վիբրացիա (թրթռում),

-աշխատատեղում ինֆրաձայնային տատանումների մակարդակի բարձրացում,

-աշխատատեղում ուլտրաձայների սահմանի բարձրացում,

-աշխատատեղում մթնոլորտային ճնշման կտրուկ բարձրացում և իջեցում,

-օդի խոնավության բարձրացում ու իջեցում,

-օդի բարձր և ցածր իոնացում,

-էլեկտրական շղթայում լարման կտրուկ բարձրացում, որը կարող է անցնել մարդու մարմնի միջով,

-էլեկտրական ճառագայթների մակարդակի բարձրացում,

-բնական լույսի անբավարարություն և աշխատատեղի վատ լուսավորություն,

-պայծառ լույսի առկայություն,

-ուղիղ արտացոլող փայլ,

-ինֆրակարմիր ճառագայթների մակարդակի բարձրացում,

-նախապատրաստվող նյութերի, գործիքների և սարքավորումների վրա սուր, քերծող մասնիկների առկայություն,

-աշխատատեղի գտնվելը գետնից զգալի բարձրության վրա:

Քիմիական վտանգավոր և վնասակար արտադրական գործոններ են`

-ըստ ազդեցության բնույթի` թունավոր, գրգռիչ, քաղցկեղ առաջացնող, մուտագեն, վերարտադրող ֆունկցիայի վրա ազդող,

-մարդու օրգանիզմ ներթափանցելը` շնչառական օրգաններով, աղեստամոքսային տրակտով, մաշկով, լորձաթաղանթով:

Կենսաբանական վտանգավոր և վնասակար արտադրական գործոններն իրենց մեջ ընդգրկում են հետևյալ օբյեկտները`

-պաթոգեն միկրոօրգանիզմներ (վիրուսներ, մանրէներ, սնկեր) և դրանց կենսագործունեությունն ապահովող միջավայր և միկրոօրգանիզմներ (բուսական և կենդանական աշխարհ):

Հոգեֆիզիոլոգիական վտանգավոր և վնասակար արտադրական գործոններն իրենց ազդեցությամբ և բնույթով բաժանվում են`

-ֆիզիկական գերծանրաբեռնվածություն,

-նյարդահոգեբանական ծանրաբեռնվածություն:

Շարունակելի

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #40 (956) 11.10.2012 – 17.10.2012, Ռազմական


17/10/2012