Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

5.4.ՍՈՂԱՆՔՆԵՐ

Սողանքը լանջերի վրայի ապարազանգվածի սահքն է ծանրության ուժի ազդեցության տակ: Սողանքի առաջացմանը նպաստում են տարբեր գործոններ` մակերեսային և ստորգետնյա ջրեր, լանջի վրա ավելորդ բեռնվածքի ավելացում (կառուցապատում), սեյսմիկ կամ տեխնածին ցնցումներ և այլն:

Սողանք` լեռնալանջերի, գետահովիտների և արհեստական թեքությունների վրա զգալի չափերի ապարազանգվածի տեղաշարժ (սահք), որը կատարվում է (կատարվել է) ծանրության կենտրոնի տեղափոխման հետևանքով, որը հետևանք է գրավիտացիոն ուժերի, ինչպես նաև ջրադինամիկ ճնշման, լանջի վրա արհեստական բեռնվածքի ավելացման (կառուցապատման), սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների և այլ ուժերի ներգործության:

Սողանքները շատ տարածված են Շվեյցարիայում, որտեղ մինչև 1990թ. զոհվել է 6000-ից ավելի մարդ: Իսկ աշխարհում սողանքներից զոհվել է ավելի քան 100000 մարդ վերջին հարյուրամյակում:

Սողանքներն առաջանում են այն ժամանակ, երբ բնական գործընթացներով կամ մարդու գործունեության արդյունքում խախտվում է լանջի կայունությունը: Ապարների կապակցվածության ուժերն ինչ-որ պահի լինում են ավելի փոքր, քան ծանրության ուժն է, և տեղի է ունենում զանգվածի սողք, կարող է և տեղի ունենալ աղետ:

Հայաստանի Հանրապետության բնատարածքը, ընդհանուր առմամբ, ակտիվ սողանքային շրջաններից է: Ակտիվ սողանքային երևույթներով աչքի են ընկնում համեմատաբար խոնավ կլիմա ունեցող շրջանները` հյուսիսարևելյան, Լոռի-Փամբակ, հարավային Զանգեզուր և այլն: Սակայն առանձին սողանքներ և սողանքային խմբեր հանդիպում են գրեթե բոլոր շրջաններում: Հայաստանի տարածքի տնտեսական յուրացման պայմաններն այնպիսին են, որ կարևոր ժողովրդատնտեսական օբյեկտները, բնակավայրերի մեծ մասը, արժեքավոր հողահանդակները, հաղորդակցության ուղիները և այլ կոմունիկացիաներ գտնվում են գետահովիտներում: Հայաստանի Հանրապետությունում սողանքների զգալի մասը զարգացած է գետահովիտների ստորին լանջերին: Այս իմաստով կարելի է նշել, որ գոյություն ունեցող սողանքների գերակշռող մասն այս կամ այն ձևով առնչվում է տնտեսական գործունեության հետ: Այստեղից պարզ է, թե ինչպիսի կարևոր նշանակություն ունեն սողանքների կամ սողանքային խմբերի ժամանակին հայտնաբերումը և համակողմանի ուսումնասիրությունը, նրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների մշակումը:

ՀՀ բնատարածքում ակտիվ սողանքները մեծ տարածում ունեն հատկապես Լոռի-Փամբակ-Աղստև-Տավուշ շրջանների խոշոր` հատկապես Դեբեդի և Փամբակի հովիտներում: Իսկ հարավային շրջաններում` Ախուրյանի, Հրազդանի, Վեդիի հովիտներում, որպես ակտիվ սողանքային տարածքներ, կարելի է նշել Որոտան և Ողջի գետերի հովիտները:

Սողանքը բնութագրող հիմնական ցուցանիշները

Սովորաբար սողանքները բնութագրվում են հետևյալ ցուցանիշներով.

-սողանքային մարմնի մակերես, որը գնահատվում է քառակուսի մետրով.

-սողանքային մարմնի զանգված, որը չափվում է խորանարդ մետրով.

-սողանքային մարմնի զանգվածի կշիռ, որը գնահատվում է տոննայով.

-սողանքի մակերեսի տեղադրման միջին խորություն, որը չափվում է գծամետրով.

Սողանքների հիմնական խոցող գործոնը հանդիսանում է ապարների զանգվածի ծանրությունը, որն իր ճանապարհին կործանում և ծածկում է ամեն ինչ: Սողանքային վտանգի գնահատման ցուցանիշը նրա ծավալն է: Չափելով սողանքի մարմնի երկարությունը, լայնությունը և խորությունը` հեշտությամբ կարելի է հաշվել նրա ծավալը, հետևաբար և կշիռը` տոննայով:

Սողանքի մասշտաբները բնութագրվում են նաև գործընթացի մեջ ներգրավված մակերեսով. շատ փոքր` մինչև 5 հա, փոքր` 5-50 հա, միջին` 50-100 հա, մեծ` 100-200 հա, շատ մեծ` 200-400 հա և ահռելի` 400 հա և ավելի:

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Ընդհանրապես, սողանքային երևույթների դեմ կարելի է պայքարել: Պայքարի ձևերը լինում են երկու տեսակ` պասիվ և ակտիվ:

Պասիվ միջոցառումներն ունեն կանխարգելիչ բնույթ: Դրանց նպատակն է սահմանափակել սողանք առաջացնող պատճառները, բացառել մթնոլորտային և վերգետնյա ջրերի մուտքը, լեռնային աշխատանքները, ծանր և արագընթաց տրանսպորտային երթևեկությունը:

Ակտիվ միջոցառումները բազմաթիվ են, աշխատատար և ավելի որոշակի:

Նշենք մի քանիսը:

1. Պայքար սողանք առաջացնող երևույթների դեմ: Արգելել մթնոլորտային և հոսող ջրերի մուտքը: Հեռացնել ստորերկրյա ջրերը արտաքին ցամաքուրդ համակարգերով: Սողացող հողային զանգվածի ամրացում: Ռելիեֆի և սողանքի հետ ներդաշնակեցված հենապատերի կառուցում: Որպես կանոն, հենապատի հիմքը պետք է իջեցնել սահքի մակերեսից ավելի խորը, իսկ պատի մեջ թողնել ցամաքուրդային անցքեր: Շատ հաճախ սողանքը ամրացնում (մեխում) են հիմքի ապարներին: Դա կարելի է իրականացնել երկաթե սյուներով կամ էլ դրանց համար անցկացված հորատանցքերը երկաթբետոն լցնելով:

2. Սողանքի ապարների դիմադրության արհեստական բարձրացում: Ապարների ցեմենտացում կապակցող նյութերով (սիլիկատային սոսինձ, ցեմենտ) էլեկտրաքիմիական և այլ եղանակներով:

3. Սողացող զանգվածի առանձին հատվածների հեռացում կա՛մ ամբողջովին, կա՛մ առանձին աստիճաններով: Այն դեպքում, երբ հեռացման ենթակա լանջն ունի մեծ բարձրություն, այն կարելի է հատել ու հեռացնել փոքր շերտերով: Սա ամենաապահով եղանակներից մեկն է:

5.5. ԲՆԱԿԱՆ ՀՐԴԵՀՆԵՐ

Հրդեհ – չվերահսկվող այրում, որը բարոյական, ֆիզիկական, գույքային վնաս է հասցնում անձին, հասարակության և պետության շահերին, վտանգում է մարդու առողջությունը և կյանքը:

Բնական հրդեհները առաջանում և տարածվում են բնական միջավայրում` զանազան բնական և մարդածին գործոնների ազդեցության տակ:

Տարբերվում են`

♦ լանդշաֆտային հրդեհ, որը պատում է լանդշաֆտի տարբեր մասերը.

♦ տափաստանային հրդեհ, որն առաջանում է տափաստաններում.

♦ տորֆային հրդեհը չորացրած կամ բնական գործային ճահճի բոցավառում է, որը տեղի է ունենում արևի ճառագայթներով գերտաքացման կամ կրակի հետ մարդկանց անփույթ վարվելու հետևանքով.

♦ անտառային հրդեհը բուսականության անվերահսկելի այրումն է, որը տարերայնորեն տարածվում է անտառային տարածքում: Անտառային հրդեհները լինում են ստորին, վերին (գագաթային) և ստորգետնյա: Վերին անտառային հրդեհների ժամանակ այրվում են ծառերի պսակները: Տարածվում են ոստյուններով կամ հոծ պատով: Ստորին անտառային հրդեհների ժամանակ այրվում են վերգետնյա ծածկը, թփերը:

Խոշոր անտառային հրդեհների ուրվագիծը անկայուն է և կախված է քամու ուղղությունից, ուժգնությունից, վառվող նյութերի տեսակից, ջրային սահմաններից և այլն: Անտառային հրդեհների սահմանում ծագում են ծխի ընդարձակ գոտիներ, կտրուկ նվազում է տեսանելիությունը, հաճախակի է մարդկանց և կենդանիների թունավորումը ածխաթթու գազից: Անտառային հրդեհները 90%-ով մարդու անփույթ վերաբերմունքի հետևանք են. դրանք լինում են աշխատանքի և հանգստի վայրերում բնակչության կողմից հակահրդեհային անվտանգության միջոցառումները չպահպանելու, ինչպես նաև անտառում աշխատելիս անսարք տեխնիկա օգտագործելու հետևանքով: Անտառային հրդեհներն առաջանում են ամպրոպի ժամանակ ճայթքող կայծակից, ինչպես նաև տորֆի ինքնաբռնկումից, մի բան, որ հաճախ է պատահում անտառներում և օդերևութաբանական ոչ բարենպաստ պայմաններից (օդի բարձր ջերմաստիճան, անձրևների տևական բացակայություն):

Երբ ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվում հրդեհների օջախները վերացնելու ուղղությամբ, սովորաբար դրանք վերածվում են զանգվածային հրդեհների և կատարյալ աղետ դառնում: Առանձին ոչ մեծ օջախները զանգվածային հրդեհների են վերածվում նաև իրադրությունը ոչ ճիշտ գնահատելու և օպերատիվ միջոցառումներ չձեռնարկելու հետևանքով:

Ստորին հրդեհները լինում են թռուցիկ և կայուն, երբեմն տարածվում են շատ արագ, շրջանցելով առավել խոնավ մասերը: Թռուցիկ հրդեհներն առավել հաճախ լինում են գարնանը, երբ չորանում է դյուրավառ շերտի վերին մասը: Ստորին կայուն հրդեհի խորանալու դեպքում այրվում են ծառերի արմատները և կեղևը, անտառաթփուտները: Կայուն հրդեհներն առաջանում են ամռան կեսերից սկսած: Ստորին թռուցիկ հրդեհի դեպքում առավելապես բոց է լինում:

Ստորին կայուն հրդեհը մեծ մասամբ թռուցիկ հրդեհի երկրորդ փուլն է:

Ստորգետնյա հրդեհների դեպքում սովորաբար այրվում է անտառային զանգվածի տակ ընկած տորֆը: Այրվում է մասամբ` մինչև խոնավ շերտերին հասնելը: Ստորգետնյա հրդեհները անտառներում սովորաբար կապված են անտառային վերգետնյա հրդեհների հետ:

Գագաթայինները բնորոշ են նրանով, որ բռնկվում են ծառերի սաղարթները, տերևները, մանր ճյուղերը: Այդպիսի դեպքերում բոցը տարածվում է ինչպես վերգետնյա ծածկույթով, այնպես էլ ծառերի սաղարթամասերով: Ստորին հրդեհի կրակը ծառաշարերին է փոխանցվում դեպի ցած իջնող սաղարթներով:

Գագաթային հրդեհներն ավելի հաճախ են պատահում լեռնային անտառներում, կրակը թեք լանջերով դեպի վեր է տարածվում: Դրան նպաստում է նաև ուժեղ քամին:

Գագաթային հրդեհները լինում են կայուն և թռուցիկ: Կայունի ժամանակ կրակը տարածվում է սաղարթներով:

Գագաթային թռուցիկ հրդեհի ժամանակ, որն առաջանում է միայն ուժեղ քամու դեպքում, կրակը սովորաբար տարածվում է թեքությամբ, «թռիչքաձև», երբեմն զգալիորեն գերազանցելով ստորին հրդեհի ճակատը: Կրակի այդպիսի տարածումը հավանաբար բացատրվում է նրանով, որ քամու ուղղությամբ այրվող սաղարթներից շեղակի բարձրացող տաքությունը մասնակիորեն է ազդում հարևան սաղարթների վրա և, հավանաբար, չի բավականացնում սաղարթը տաքացնելու և բռնկման նախապատրաստելու համար:

Սաղարթով կրակի առաջ շարժվելու ժամանակ քամին ցրում, տարածում է կայծեր, այրվող ճյուղեր և խշուր, որոնք հիմնական օջախից մի քանի տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մետրեր առաջ ստորին հրդեհի նոր օջախներ են ստեղծում: Թռիչքի ժամանակ բոցը սաղարթներով տարածվում է 15-20կմ/ժ արագությամբ:

2 քառ. կմ մակերեսից մեծ տարածքով անտառային հրդեհը համարվում է խոշոր հրդեհ:

Շարունակելի

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #39 (955) 4.10.2012 – 10.10.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


10/10/2012