ՎԵՐԵԼՔ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի միջոցառումների ծրագրի շրջանակում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցել են «Վերելք՝ հանուն խաղաղության» արշավին։ 13 երկրների ավելի քան հինգ տասնյակ զինծառայողների շարքում Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները եզակիներից են, որ հաղթահարել են Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթը՝ Էլբրուսը։
Հայկական պատվիրակության ղեկավար, փոխգնդապետ Մայիլյանն ասում է. «Բնավ հեշտ չէր սառնաշունչ բքի պայմաններում հաղթահարել զառիթափ բարձունքը։ Հարկ էր լինում պարբերաբար վերականգնել ուժերը, կարգավորել շնչառությունն ու, անտեսելով թթվածնային քաղցը, համառորեն առաջ շարժվել»։
-Միջոցառումը մրցութային չէր, սակայն կար որոշակի մրցակցային մթնոլորտ և ոգի։ Յուրաքանչյուր թիմ փորձում էր առաջինը բարձրանալ և նվաճել գագաթը։ Ամենադժվար պահը այն էր, որ արդեն մոտ 5 կմ բարձրանալուց հետո սկսվեց, այսպես ասած, թթվածնային քաղցը։ Զգում ես, որ ֆիզիկական ուժդ բավարար է, բայց չես կարողանում լիարժեք շունչ քաշել ու շարունակել վերելքը։
Ի տարբերություն Սերգեյի՝ թիմի անդամ Արսեն Գրիգորյանն արդեն նվաճել էր Էլբրուսի գագաթը և ուներ լեռնագնացության որոշակի փորձառություն։ Ասում է՝ ընդհանուր 12 կիլոմետրանոց երթուղու ընթացքում պատվի և արժանապատվության հարց էր՝ լարելով ուժերն անել առավելագույնը և հասնել բարձունքին։ Միջազգային ռազմական հարթակում ներկայացնում էին ոչ միայն իրենց, այլև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը։
-Ուժերս ճիշտ բաշխեցի, քանի որ այդ արգելքն արդեն հաղթահարել եմ և հեշտ բարձրացա: Պետություն էինք ներկայացնում, ինչը կրկնակի պարտավորեցնում էր բոլոր ուժերն ու ջանքերը կենտրոնացնել խնդրի իրականացման վրա՝ բարձրանալ գագաթը և ծածանել մեր եռագույն դրոշը։
Խոսելով լրացուցիչ ուժ հաղորդող շարժառիթի մասին՝ Սերգեյ Մայիլյանը վերհիշում է՝ լեռնալանջին անընդհատ ականջին էին իր անմիջական ղեկավարի հորդորներն ու մաղթանքները, որոնք իբրև զինվորական ընդունել էր որպես յուրօրինակ հրաման։
-Վերելքի դժվարությունը երբեք չես մոռանա, բայց երբ մտքիդ կա պարտադիր հասնել և կատարել առաջադրանքը, ու գիտակցում ես, որ պարտավոր ես հասնել մինչև վերջ, կարծես ուժերի նոր լիցք ես ստանում։ Ղեկավարիս խոսքերը տպավորվել էին՝ որպես հրաման։ Գագաթին հասնելը անմոռանալի պահ էր։ Մոռացա հոգնածությունը ու ոգևորված զեկույց գրեցի պետիս՝ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները «Վերելք՝ հանուն խաղաղության» միջոցառման շրջանակում նվաճեցին Էլբրուս լեռան ամենաբարձր գագաթը։
Ֆիզիկական հոգնածության հաղթահարման, բնակլիմայական պայմաններին դիմագրավելու պայքարն ավարտված էր, խնդիրը՝ պատվով կատարված։ Հայ սպաները մեր բանակով հպարտանալու ևս մի առիթ տվեցին։
Նրանք շեշտում են՝ ամեն նման միջոցառում փորձառություն ձեռք բերելու, հայկական բանակի անունն ու պատիվը բարձր պահելու ևս մեկ հարթակ ու հնարավորություն է։ Ցանկացած արգելք հաղթահարելը ավելի է կոփում, ամրացնում հետագա խնդիրները կատարելու համար։
Այս միջոցառումը լինելու է ամենամյա։ Մեր զինծառայողները լրջորեն պատրաստվելու են շատերի համար անհասանելի բարձունքներ նվաճելու, ցանկացած դժվարություն հաղթահարելու համար։
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Խորագիր՝ #29 (1542) 27.08.2024 - 03.09.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում