Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆՀԱՅՏ Է



ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆՀԱՅՏ ԷՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը կրկին դռներն է բացել իր նոր սաների առջև: Նոր ուսումնական տարվա մեկնարկը մեծ շուքով ու հանդիսավորությամբ է ազդարարվել վարժարանում։ Այժմ արդեն հագեցած օրակարգով դասերն են ընթանում։ Այստեղ բոլոր հնարավորություններն ու պայմանները ապահովված են հետագայում լավ ու գրագետ զինվորական դառնալու համար:

Վարժարանի կարգախոսը նույնն է՝ ճանապարհ դեպի բարձունք։ Նորեկները առաջին քայլերն են անում  դեպի բարձունք տանող ճանապարհին՝ ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ։ Նրանցից մեկը Սերգեյ Գինոսյանն է։

-Հպարտ եմ, որ դարձել եմ Մոնթեի սան։ Վարժարանը լայն հնարավորություններ է տալիս, օրինակ՝ կարող ենք ընդունվել ռազմական ակադեմիա, դառնալ արժանի զավակ ընտանիքի ու պետության համար: Ուսման ընթացքում ես ձգտելու եմ առավելագույնին։

Մոնթեականները շարային երթով գնում են զբաղեցնելու իրենց տեղերը լսարաններում։ Ուսումնառությունն աշխույժ շարունակվում է: Առաջին կուրսեցիները շեշտում են՝ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունը կրող այս վարժարանում ուսանելը առաջին հերթին պատիվ է: Նրանք վստահ են՝ այստեղ կստանան որակյալ կրթություն և կկայանան  որպես  բանիմաց ու հաստատակամ անհատներ։

-Ես Հարությունյան Ժորան եմ, ուզում եմ դառնալ ռազմական բժիշկ։ Այստեղ կրթության մակարդակը շատ բարձր է, մեծ հորիզոն է բացվում սովորողի համար։ Լավ եմ սովորելու, որ հետագայում շարունակեմ ուսումս, դառնամ իմ ուզած մասնագետն ու ազգին պիտանի մարդ։

Այս տարի աննախադեպ մեծ թվով աշակերտներ են ընդունվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։  Ընդ որում, նրանց շարքում մեծ թիվ են կազմում նաև աղջիկները:

-Որոշեցի գալ վարժարան, որովհետև սպա դառնալու լավագույն ճանապարհը հենց այստեղից է սկսվում: Հարմարվել եմ արդեն առօրյային, նոր ընկերներ եմ ձեռք բերել,- ասում է Միլենա Քերոբյանը։

Սյուզաննա Մանուկյանը ռազմամարզական վարժարան ընդունվելով՝ իր մանկության երազանքն իրականացնելու սկիզբն է դրել։

-Փոքրուց ուզել եմ ծառայել բանակում։ Վարժարանի մասին շատ էի լսել, ու ընտրությունն ակնհայտ էր։ Ինչ խոսք, այստեղ շատ ավելի լայն հնարավորություններ կան սովորելու, քան որևէ այլ նմանատիպ ուսումնական հաստատությունում: Սովորելու եմ լեզուներ, բարելավելու եմ նախորդ դպրոցում ստացած գիտելիքներս։

Վալենտինա Բադալյանն էլ վճռական է տրամադրված, հստակ գիտի իր ուզածն ու անելիքը։

-Ընտրել եմ վարժարանում ուսումը, քանի որ մեծացել եմ զինվորականի ընտանիքում և ցանկացել եմ շարունակել հայրիկիս մասնագիտությունը: Ջանք չեմ խնայելու, որ ապագայում դառնամ լավ սպա, քանի որ աղջիկներն էլ կարող են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը։

Շատերին  կրթահամալիրը գրավել է հատկապես իր ռազմական բաղադրիչով, որը եղել և շարունակում է մնալ ուսումնառության կարևոր ուղղությունը: Վարժարանը իր սաներին հնարավորություն է ընձեռում ստանալ ռազմական գիտելիքներ, խորացված ուսումնասիրել նախնական զինվորական պատրաստություն առարկան և կոփվել ֆիզիկապես, ինչը հետագայում ռազմական ակադեմիայում կրթությունը շարունակելու հիմք է։

Երեք տարի այստեղ ուսանելուց հետո սաներն իրավունք ունեն ընտրելու իրենց նախընտրած մասնագիտությունը, բայց առաջին կուրսեցիների մեծ մասն ընդունվել  է վարժարան արդեն հստակ որոշմամբ՝ ապագայում կրթությունը շարունակելու է ռազմաուսումնական հաստատություններում և համալրելու է զինված ուժերի շարքերը։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ Ալեքսանդր Մանուչարյանը վստահեցնում է՝ կրթօջախը հանրապետությունում լավագույններից մեկն է: Այստեղ ստեղծված են ուսումնառության միջազգային չափանիշներին համապատասխանող պայմաններ: Կրթությունը կազմակերպվում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող մանկավարժների միջոցով: Վարժարանում գործում են մի շարք խմբակներ։ Սաները հնարավորություն ունեն սովորելու միաժամանակ մի քանի լեզու՝ անգլերեն, հունարեն, թուրքերեն, իտալերեն և այս տարվանից սկսած՝ նաև ֆրանսերեն։

Շուտով կբացվեն նաև ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիաները, որտեղ դասընթացը կկազմակերպվի գործնական ձևաչափով։

Հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին՝ վարժարանը մշտապես բարելավում է կրթության որակը, փոխառում միջազգային առաջադեմ փորձը: Այսուհետ յուրաքանչյուր մոնթեական ստանալու է անվանական կրթաթոշակ՝ ըստ ուսման առաջադիմության։

Սկզբնական շրջանում բոլորին կտրամադրվի 15000 դրամ ամսական կրթաթոշակ, որի չափը կվերանայվի ամեն կիսամյակի ամփոփիչ քառորդային գնահատականներից հետո։ Միջին առաջադիմությամբ սովորողի կրթաթոշակը կկրկնապատկվի, իսկ գերազանց առաջադիմությամբ սովորողները կստանան 45000 դրամ:

Ընդհանուր մոտեցումը հետևյալն է՝ վարժարանում սովորողները պիտի դառնան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան սնուցող հիմնական զարկերակն ու բաղադրիչը: Մտավոր ներուժի ու ֆիզիկական կարողությունների համադրումը կոփելու ու ձևավորելու է մեր երկրի ապագա հայրենատեր ու հայրենապաշտ քաղաքացիներին, որոնք պատրաստ են առավելագույն ուժերով սովորելու, կրթվելու ու դաստիարակվելու՝ արժանի լինելով Մոնթեականի բարձր կոչմանը:

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #30 (1543) 04.09.2024 - 10.09.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/09/2024