Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԱՐԿՏԻԿԱՅՈՒՄ ԻՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ՆԱՏՕ-ի անդամ երկրները և մի շարք ասիական պետություններ սպառնում են Արկտիկայում Ռուսաստանի տնտեսական շահերին:

Այդ մասին հայտարարել է ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար ծովակալ Վլադիմիր Վիսոցկին` կառավարությանն առընթեր ծովային կոլեգիայի նիստի ժամանակ: Նրա գնահատմամբ, արկտիկական տարածաշրջանը իրենց հետաքրքրությունների ոլորտ են համարում Հյուսիսատլանտյան դաշինքը, Չինաստանը, Ճապոնիան, Կորեան, նաև այնպիսի հանրահայտ «արկտիկական» երկրներ, ինպես Մալայզիան, Թայլանդը, ընդ որում այդ երկրների գործողությունների ակտիվացումը համակարգված, կոալիցիոն բնույթ է կրում:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ

2012 թվականին դրանք կկազմեն 1 տրիլիոն 847 միլիարդ ռուբլի, 2013-ին` 2 տրիլիոն 334 միլիարդ, իսկ 2014-ին` 2 տրիլիոն 752 միլիարդ:

Լրացուցիչ գումարը հիմնականում նախատեսված է զինված ուժերը նոր տեխնիկայով ու սպառազինությամբ համալրելու համար, իսկ մյուս ոլորտներում առավելապես նախատեսվում է ծախսերի կրճատումներ:

ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՆԿԵՐԸ ՏԱԼԼԻՆ ՉԵ՟Ն ՀԱՍՆԻ…

«Էստոնիայի բանակն ի վիճակի է կանգնեցնելու ռուսական տանկերը, մինչև օգնության հասնեն Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերը»,– օրերս հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Մարտ Լաարը:

«Եթե Վրաստանը կարողացավ ռուսական տանկերին թույլ չտալ անցնելու Ցխինվալից մինչև Թբիլիսի ընկած 90 կիլոմետրը, ինչո՞ւ նույնը չենք կարող անել և մենք»,– ասել նա` չքննարկելով այն հարցը, թե ռուսական տանկերն արդո՞ք ունեին մինչև Թբիլիսի հասնելու առաջադրանք:

2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՈՒՆԵՆԱ 425 ՀԱԶԱՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

Նրանց թիվը 6 տարում կավելանա շուրջ 2.5 անգամ, իսկ բանակի ընդհանուր թվաքանակն այլևս չի կրճատվի և կկազմի 1 միլիոն մարդ: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը` նշելով, որ պայմանագրայինների թվաքանակի պլանաչափ ավելացման շնորհիվ բանակը կխուսափի նաև զորակոչի հետ կապված` 2014 թվականին սպասվող մեծ բարդություններից, որի պատճառը 1990-ականներին ծնելիության նվազումն է:

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԵՐԵՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԳԵՆԵՐԱԼՆԵՐ

Նրանք են` ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ գլխավոր վարչության պետ, 50-ամյա գեներալ-լեյտենանտ Անդրեյ Տրետյակը, Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի 1-ին տեղակալ, Ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, 50-ամյա գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սկոկովը և ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության պետ, գեներալ-մայոր Օլեգ Իվանովը: Ի դեպ, նրանք երեքն էլ ՌԴ Նախագահի կողմից հաստատված կադրային ռեզերվում համարվում էին ծառայողական առաջքաշման ենթակա զինվորականներ:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԿՐՃԱՏՈՒՄ Է ԱՏՈՄԱՅԻՆ ԶԻՆԱՆՈՑԸ

2010թ. հրապարակված` ազգային անվտանգության ռազմավարության պահանջների համաձայն` Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն սկսել է երկրի ատոմային սպառազինության կրճատումը: Նվազեցվելու է և´ հրթիռների, և´ ատոմային մարտագլխիկների քանակը` ատոմային զինանոցը առաջիկա 10 տարվա ընթացքում 180 միավորի հասցնելու համար:

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐԸ

«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը և Չինաստանի պաշտպանության նախարարությունը պայմանագիր են ստորագրել 500 միլիոն դոլարի 123 հատ ԱԼ-31ՖՆ շարժիչներ Չինաստանին մատակարարելու մասին:
Այս շարժիչները նախատեսված են չինական J-10 և J-11 (ՍՈՒ-27-ի փոփոխված տարբերակ) կործանիչների համար: Ընդ որում, ասիական այդ երկիրը պարբերաբար ռուսական շարժիչներ է գնում, քանի որ սեփական արտադրանքը հուսալի չէ: Չինաստանը գնում է նաև ռուսական ՌԴ-93 շարժիչներ` FC-1 կործանիչների վրա տեղադրելու համար: