Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՈՒՆԵՆԱ 425 ՀԱԶԱՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ



Նրանց թիվը 6 տարում կավելանա շուրջ 2.5 անգամ, իսկ բանակի ընդհանուր թվաքանակն այլևս չի կրճատվի և կկազմի 1 միլիոն մարդ: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը` նշելով, որ պայմանագրայինների թվաքանակի պլանաչափ ավելացման շնորհիվ բանակը կխուսափի նաև զորակոչի հետ կապված` 2014 թվականին սպասվող մեծ բարդություններից, որի պատճառը 1990-ականներին ծնելիության նվազումն է:

Ռուսաստանում զինված ուժերի համալրման սկզբունքների մասին պատկերացումները վերջին մեկ տարում միանգամայն անորոշ ու հակասական էին, ինչպես և զինված ուժերի զարգացման հայեցակարգը, որը վերջին երեք տարիներին երեք անգամ փոխվեց:

2010 թվականի գարնանը ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտնեց, որ բանակը հրաժարվելու է համալրման պայմանագրային սկզբունքից, իսկ նույն տարվա աշնանը պաշտպանության նախարարությունը հայտարարեց զինված ուժերի ընդհանուր թվաքանակում պայմանագրային զինծառայողների թիվը 10%-ի շրջանակում սահմանափակելու ծրագրերի մասին: Այժմ էլ պարզվում է, որ պայմանագրայիններն ավելի շատ կլինեն, քան ժամկետային զինծառայողները, որոնց թիվը կկազմի ենթադրաբար շուրջ 300 հազար մարդ:

Պայմանագրային զինծառայողների քանակն ավելացնելու համար նախատեսվում է ծախսել Ռուսաստանի` 1,2 տրիլիոն ռուբլի կազմող ռազմական բյուջեի շուրջ 10%-ը:

Ռուսական բանակի շուրջ 180 հազար պայմանագրային զինծառայողների աշխատավարձն այժմ 40 հազար ռուբլի է, իսկ Պետդուման առաջիկայում քննարկելու այն ՌԴ միջին աշխատավարձից 25%-ով բարձր սահմանելու հարցը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


06/07/2011