Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԵՐԵՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԳԵՆԵՐԱԼՆԵՐ



Նրանք են` ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ գլխավոր վարչության պետ, 50-ամյա գեներալ-լեյտենանտ Անդրեյ Տրետյակը, Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի 1-ին տեղակալ, Ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, 50-ամյա գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սկոկովը և ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության պետ, գեներալ-մայոր Օլեգ Իվանովը: Ի դեպ, նրանք երեքն էլ ՌԴ Նախագահի կողմից հաստատված կադրային ռեզերվում համարվում էին ծառայողական առաջքաշման ենթակա զինվորականներ:

«Հրաժարականների շքերթն», ըստ երևույթին, լուրջ շփոթ է առաջացրել ՌԴ պաշտպանական գերատեսչությունում: Մինչ պաշտպանության նախարարության կողմից պաշտոնական հաղորդագրություն հրապարակելը (ըստ դրա` երեք գեներալներն էլ առողջական վիճակի պատճառով ապրիլ-հունիս ամիսներին զորացրման դիմումներ էին ներկայացրել, և վերջնական որոշում պետք է ընդունվի ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությունից հետո միայն), լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրվեց ՌԴ ՊՆ «բարձրաստիճան ու անանուն աղբյուրից» ստացված տեղեկությունը, թե երեքի դեպքում էլ պատճառը համաձայն ռոտացիոն կարգի` մայրաքաղաքից հեռու այլ զինվորական օկրուգներում համարժեք պաշտոններում ծառայությունը շարունակելու առաջարկն է եղել, որին Տրետյակը, Սկոկովն ու Իվանովը չեն համաձայնել:

Սակայն անհասկանալի է, թե հատկապես օպերատիվ գլխավոր վարչության պետին համարժեք ի՟նչ պաշտոն է հնարավոր առաջարկել: Այդտեղից կամ զորացրվում են, կամ դառնում գլխավոր շտաբի պետ, ինչպես եղավ վերջին շրջանում ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբը ղեկավարած Անատոլի Կվաշնինի և Յուրի Բալուևսկու պարագայում:

Անանուն այլ աղբյուրներ պնդում են, թե հրաժարականների պատճառը նրանց անհամաձայնությունն է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովի կողմից բանակում իրականացվող բարեփոխումների ուղեգծին, թեև այս տարվա փետրվարին Տրետյակը բանակային «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում միանշանակորեն պաշտպանել էր իրականացվող բարեփոխումները:

Ստեղծված շփոթը խորացնում է այն հանգամանքը, որ երեք գեներալներն էլ հրաժարվում են մեկնաբանել իրենց քայլը: Որոշ լռությունից հետո միայն գեներալ-լեյտենանտ Տրետյակն առավել քան հակիրճ տոնով հայտարարեց, թե իր հրաժարականը կապ չունի բանակում իրականացվող բարեփոխումների հետ, բայց չներկայացրեց բուն պատճառը…

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


06/07/2011