Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Տարածաշրջան

ՌՈՒՍԱԿԱՆ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՄՆ-Ը ԶԳՈՒՇԱՆՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆԻՑ

ԱՄՆ-ում անհանգստացած են այն փաստից, որ Չինաստանը ցանկանում է ձեռք բերել ռուսական արտադրության «Կլաբ» թևավոր հրթիռներ` սուզանավերի վրա տեղակայելու համար:
Ռուսաստանը արտահանում է այս հրթիռների արձակման կոնտեյներանման համալիրներ` «Կլաբ-Կ» անվանումով: Կոնտեյներում տեղավորվում է 4 հրթիռ: Կայանը սպասարկում են 2 օպերատորներ, որոնք արբանյակային կապի միջոցով ուղղորդում են հրթիռները: ՆԱՏՕ-ի դասակարգմամբ հրթիռն ունի SS-N-27 Sizzler անվանումը:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՌՈՒՍ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 16-23-ը ՌԴ «Գորոխովեցկի» և «Աշուլուկ» հրաձգարաններում կանցկացվի «Միության վահան-2011» ռուս-բելառուսական համատեղ օպերատիվ զորավարժությունը:
Երկու կողմից զորավարժությանը կմասնակցի 12 000 զինծառայող, 50 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 200 միավոր մարտական տեխնիկա, այդ թվում` 100 տանկ:
Զորավարժության օպերատիվ միացյալ իրավիճակի սցենարով նախատեսվում է իրագործել պաշտպանական բնույթի միջոցառումներ:

2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՄԲ ԿԳԵՐԱԶԱՆՑԻ ԱՄՆ-ԻՆ

Այս մասին ասվում է Պենտագոնի` ԱՄՆ կոնգրեսին ուղղված զեկույցում և մտահոգություն հայտնվում, որ դա կխախտի ռազմական հավասարակշռությունը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Զեկույցում նշվում է, որ թեպետ Չինաստանն ունի մեծ քանակությամբ հին սպառազինություն և մարտական գործողությունների վարման աղքատիկ փորձ, այդուհանդերձ, մեծ արագությամբ կրճատում է ժամանակակից բանակների համեմատ իր տեխնոլոգիական հետամնացությունը, ինչի վկայություններից են ավիակիրների կառուցումը և հինգերորդ սերնդի J-20 ՙանտեսանելի՚ կործանիչի ստեղծումը:

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ ՉԻ ՍՊԱՌՆԱ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Պատրաստ է Սևծովյան նավատորմի վերաբերյալ ռուս-ուկրաինական 2 պայմանագիր: Ռուսաստանում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Ելչենկոն հայտնել է, որ դրանք կոստորագրվեն ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի առաջիկա նիստում: Դրանցից մեկը կկարգավորի տեղակայման վայրերից դուրս Սևծովյան նավատորմի զինծառայողների գտնվելու հարցերը, իսկ երկրորդը` տարերային աղետների դեպքում համատեղ գործողությունների իրականացման հետ կապված խնդիրները:

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԹԲԻԼԻՍԻ

Օգոստոսի 25-ին երկօրյա այցով Վրաստան է ժամանել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը: Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի հետ հանդիպման ընթացքում նա քննարկել Աֆղանստանում ռազմական գործողություններին Վրաստանի մասնակցության հետ կապված հարցեր:
Այսօր Աֆղանստանում ԱՄՆ և Ֆրանսիայի պատասխանատվության գոտում են վրացի 900 զինծառայողներ: Այս տարվա սկզբից նրանց քանակն ավելացել է` հասնելով 1500 մարդու: Աֆղանստանում ռազմական գործողությունների մասնակցելու ամբողջ ընթացքում Վրաստանը տվել է 8 զոհ և շուրջ 20 վիրավոր:

ԻՐԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Իրանը Ռուսաստանի դեմ հայցով դիմել է միջազգային դատարան: Նա Ռուսաստանից պահանջում է կատարել 2007թ. կնքված պայմանագրի դրույթները և մատակարարել խոստացված «С-300» զենիթահրթիռային համալիրները, որոնց վաճառքը, պաշտոնական Թեհրանի կարծիքով, չի հակասում 2010թ. հունվարին Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառմանը: Որպես տարբերակ` Իրանը Ռուսաստանին առաջարկում է մատակարարումն իրականացնել Վենեսուելայի միջնորդությամբ:

ԻՐԱՆԸ ԿՑՈՒՑԱԴՐԻ ՆՈՐ ԹևԱՎՈՐ ՀՐԹԻՌ

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ երկրի ռազմական ձեռնարկություններն սկսել են առավել մեծ հեռավորության նոր թևավոր հրթիռ արտադրել:
Նոր հրթիռը կցուցադրվի «Ռազմական արդյունաբերության օրվան» նվիրված միջոցառումների ընթացքում:
Ներկայումս Իրանի զինված ուժերի սպառազինությունում կանգնած ամենամեծ հեռահարությամբ հրթիռը «Շահաբ-3»-ն է, որը կարող է թիրախներ խոցել մինչև 2000 կմ հեռավորության վրա: