Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՊԱՌԱԿՏՈՒՄ ԱՍԱԴԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ

Ասադի վարչակարգի դեմ զինված պայքար մղող ընդիմության շարքերում լուրջ պառակտում է սկսվել: Ընդիմության ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչներ դուրս գալով Սիրիայի ազգային խորհրդից, հայտարարել են «Սիրիական հայրենասերների խմբեր» անվանվող նոր ընդիմադիր կազմավորում ստեղծելու մասին: Նրանք իրենց քայլը պատճառաբանել են այն իրողությամբ, որ «Սիրիայի ազգային խորհուրդը չկարողացավ հասնել գոհացուցիչ արդյունքների և իրականացնել սիրիական ընդիմության պահանջները»:

ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՀՈՄՍԻՆ

ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում գտնվող ռուսաստանյան դիվանագետները ջանքեր են գործադրում մարդասիրական օգնություն ցուցաբերելու Հոմս քաղաքի մի շարք թաղամասերի բնակչությանը, մասնավորապես փորձելով գրոհայինների ու կառավարական զորքերի չդադարող բախումների ընթացքում «մարդասիրական դադար» հաստատել, ինչը թույլ կտա տարհանել Բաբ ալ-Ամրի և մարտական գործողությունների գոտու շրջագծի այլ թաղամասերում գտնվող վիրավորներին, կանանց ու երեխաներին, ինչպես նաև օտարերկրյա լրագրողներին:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵՑ ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆԸ

Եվրամիության 27 պետությունների արտգործնախարարները Բրյուսելում հայտարարել են, որ Սիրիայի ազգային խորհրդին ճանաչում են որպես «սիրիացիների լեգիտիմ ներկայացուցիչ, որը ձգտում է ժողովրդավարական խաղաղ բարեփոխումների»:
Հատկանշական է, որ այս ճանաչումը տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ Դամասկոսը հայտարարեց, որ հանրաքվեին մասնակցածների 89,4 տոկոսը կողմ է քվերակել սահմանադրության փոփոխութուններին:

ԱՄՆ-Ը ԺԽՏՈՒՄ Է ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԹԱԼԻԲՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԱԹՍ-Ի ՈՉՆՉԱՑՎԵԼՈՒ ԼՈՒՐԸ

Սպիտակ տան ներկայացուցիչը հերքել է ՙԹալիբան՚ շարժման Պակիստանի մասնաճյուղի հայտարարությունը, թե Աֆղանստանի հետ սահմանի մերձակայքում փետրվարի 25-ին կործանված ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է իրենց կրակի արդյունքում:
Վերջիններս հավաքել են ԱԹՍ-ի բեկորները և մտադիր են հրապարակել դրանց լուսանկարները:

ԿՈՐԾԱՆՎԱԾ ՍՈՒԶԱՆԱՎԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՆՈՐԸ

2000 թվականին Բարենցի ծովում կործանված «Курск» ատոմային սուզանավին կփոխարինի և հատուկ խնդիրներ կկատարի նույն` «Антей» նախագծի «Белгород»-ը, որի կառուցումը սկսվել էր 1992-ին, նույն 90-ականներին էլ դադարեցվել, 2006 թվականին վերսկսվել, և երբ արդեն 80 տոկոսով պատրաստ էր, վերստին դադարեցվել ֆինանսավորման բացակայության պատճառով:

ՀԻՆԸ  ՆՈՐՈԳԵԼ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ, ԻՍԿ ՆՈՐԵՐԻՑ ՔԻՉ ՈՒՆԵՆ

Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, ՌԴ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է նորոգել 120 կիլոմետր շրջագծում վերգետնյա նշանակետերի խոցման համար նախատեսված մի քանի հարյուր «”Точка-У» հին հրթիռային համալիրների ղեկավարման ավոտմատ համակարգերը, բայց և չի հասցնում դրանք փոխարինել նոր` 500 կիլոմետր գործողության շառավիղ և անհրաժեշտության դեպքում միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորություն ունեցող «Искандер»-ներով:

ԱԳՐԵՍՈՐՆԵՐԻՆ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆ ՊՈՂՊԱՏԵ ԲՌՈՒՆՑՔՈՎ

Բանակին, նավատորմին ու ռազմարդյունաբերական համալիրին աջակցության Համառուսաստանյան ժողովրդական ճակատի կամավոր շարժման հիմնադիր համագումարում Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ներկա ռազմաքաղաքական բարդ իրավիճակում Ռուսաստանը պետք է կարողանա ցուցադրել իր «պողպատե բռունցքի» ուժը, միաժամանակ այդ բռունցքին հագցնելով դիվանագիտության «թավշյա ձեռնոց»: Ըստ այդմ, նա առաջարկել է վարել «նոր` թավշյա ձեռնոցով պողպատե բռունցքի քաղաքականություն, որը թշնամիներին կդարձնի գործընկերներ, գործընկերներին` չեզոքներ, սրանց` դաշնակիցներ, իսկ վերջիններիս` անմիջական բարեկամներ»: