Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՆԱՏՕ-Ն ՇՐՋԱՆՑԻԿ ՈՒՂԻՆԵՐ ԳՏԱՎ

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը Ղազախստանի, Ուզբեկստանի ու Ղրղզստանի հետ համաձայնագրեր է կնքել Աֆղանստանից միջազգային խաղաղապահ զորախմբի ռազմական տեխնիկան դուրս բերելիս այդ պետությունների տարածքներն օգտագործելու վերաբերյալ:

ՄԵՐՁՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐԵՆ «ՏԱՆԿԱՅԻՆ ԲԱԼԵՏ»

Մեծ թատրոնի բալետմայստերների բեմադրած «տանկային պարը», որին կմասնակցեն Т-90 տանկեր և 152 միլիմետրանոց Мста-С ինքնագնաց հրետանային կայանքներ, հունիսի վերջին կցուցադրվի ՌԴ պաշտպանության նախարարության Մերձմոսկվայում կազմակերպելիք «Տեխնոլոգիաներ և մեքենաշինություն» միջազգային համաժողովի ընթացքում, որը, մասնագետների կարծիքով, ապագայում կդառնա МАКС միջազգային ավիասալոնի ցամաքային տարբերակը: Ներկայացման 14 փորձերը կկայանան մերձմոսկովյան Ալաբինոյում և Ժուկովսկում:
«Տանկային բալետն» առաջին անգամ ցուցադրվել է 2010 թվականին:

ՄՇԱԿՎՈՒՄ Է ԱՎՏՈՄԱՏԻ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ

«Իժմաշ» գիտաարտադրական միավորման մասնագետները մշակում են АК-12 ավտոմատի նոր տարբերակ, որը կոչված է առավելագույնս բավարարելու հատուկ նշանակության ստորաբաժանումների պահանջները: Նախատեսվում է ավտոմատի առաջին նմուշը մասնագետներին ու զինվորականներին ներկայացնել արդեն այս տարվա աշնանը:

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ 14 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ՓԱՐԻԶԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Ռուսաստանյան պաշտպանական արդյունաբերության համալիրի 14 ձեռնարկություններ և ֆիրմաներ, այդ թվում “Рособоронэкспорт”-ը Տուլայի “Конструкторское бюро машиностроения” ձեռնարկությունը, “Уралвагонзавод”-ը “Концерн ПВО “Алмаз-Антей”-ը, “Ижмаш”-ը, իրենց արտադրանքի շուրջ 200 ցուցանմուշ կներկայացնեն ցամաքային զորքերի և վերգետնյա միջոցների սպառազինության ու ռազմական տեխնիկայի “ЕВРОСАТОРИ – 2012” փարիզյան միջազգային ցուցահանդեսում, որը կգործի հունիսի 11-ից 15-ը:

ՊԱԿԻՍՏԱՆԸ ԹԵՎԱՎՈՐ ՀՐԹԻՌ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ

Իսլամաբադը հաջողությամբ փորձարկել է միջուկային մարտագլխիկ կրելու ունակ «Խատֆ-7 Բաբուր» թևավոր հրթիռը, որն արձակվել է շարժական համալիրից: Խոցման բարձր ճշգրտությամբ այս հրթիռն ունի գործողության 700 կիլոմետր շառավիղ անտեսանելիության «Սթելս» տեխնոլոգիաներ: «Բաբուրը» և մայիսին նույնպես հաջողությամբ փորձարկված ավիացիոն թևավոր «Ռահադ» հրթիռը դառնալու են Պակիստանյան բանակի հիմնական թևավոր հրթիռները:

ՓՈԽԱՆԱԿՎԵՑԻՆ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՉՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸ

Միացյալ Նահանգների ու Վիետնամի պաշտպանության նախարարներն առաջին անգամ փոխանակել են 1975 թվականին ավարտված վիետնամական պատերազմի ընթացքում զոհված վիետնամցի ու ամերիկացի զինվորների անձնական իրերը: Դրանք հիմնականում գրառումներ և չուղարկված նամակներ են։

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀՐԴԵՀՎԱԾ ՈՒՂԵԿԱԼՈՒՄ ՈՂՋ ՄՆԱՑԱԾ ՄԻԱԿ ԶԻՆՎՈՐԸ

Ղազախստանյան սահմանապահ ուղեկալում մայիսի 28-ին տեղի ունեցած ողբերգությունը վերապրած միակ զինվորը, որին մեկ շաբաթ շարունակ որոնում էին լեռներում, պատառոտված ու ցեխոտ հագուստով, մոտն ունենալով ատրճանակ, հայտնվել է հրդեհված ուղեկալի մոտ: Բնակիչները նրան իսկույն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ սահմանապահին դիմավորել են երկրի ազգային անվտանգության նախարարության քննիչները: