Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՆԱՏՕ-Ն ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆԸ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՆՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՄՇԱԿՈՒՄ

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Աֆղանստանի կառավարությունն ու կազմակերպության ղեկավարությունը սկսել են իրականացվելիք նոր խաղաղապահ առաքելության ծրագրի մշակումը, որը կգործի 2014 թվականի ավարտին, երբ երկրի տարածքից միջազգային խաղաղապահ զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում կայունությունը կապահովեն երկրի անվտանգության ուժերը` շուրջ 300.000 զինվոր ու ոստիկան: Նոր ծրագիրը չի նախատեսում մարտական գործողությունների վարում, այլ նախատեսված է Աֆղանստանի անվտանգության ուժերի ուսուցման և անհրաժեշտ օգնության ցուցաբերման համար:

ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՄԱՄԲ

Լիտվայի, Լատվիայի ու Էստոնիայի խորհրդարանների միջազգային հարաբերությունների կոմիտեների անդամներն «անընդունելի» և «բացահայտ սպառնալիք պարունակող» են համարել ՌԴ Կալինինգրադի մարզի ռազմականացումը և նշել, որ այն էապես կբարդացնի Ռուսաստանի հարաբերությունները Բալթյան երկրների, Եվրոպական Միության և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Նրանց մտահոգությունն են հարուցում նաև վերջին շրջանում Ռուսաստանի ռազմական հզորության մեծացման մասին ՌԴ քաղաքական ու ռազմական ղեկավարության հաճախացած հայտարարությունները և խորհրդարանականները կոչ են արել այդ հանգամանքը ևս հաշվի առնել Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների պլանավորման ժամանակ:

ԹԵԼ ԱՎԻՎԸ ՍԽԱԼ Է ՀԱՄԱՐԵԼ ՇԱԼԻԹԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

Իսրայելի բանակային հետախուզությունն ու ընդհանուր անվտանգության ծառայությունը հայտարարել են, որ կապրալ Շալիթի հետ փոխանակված և Գազայի հատված ուղարկված պաղեստինցի գրոհայինները ողջ թափով նախապատրաստվում են հրեա զինծառայողների առևանգումների: Իրավիճակն ավելի է բարդանում այն պատճառով, որ գրոհայինները լավ գիտեն տեղանքը և բացի այդ, իրենց քարոզչությամբ մեծապես ազդում են տեղի բնակչության տրամադրվածության վրա:

ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՄԱՐԶՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԱՆԱՂՄՈՒԿ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

Ժամկետանց զինամթերքը «Разрушитель» սարքի օգնությամբ ոչնչացվում է անպայթյուն եղանակով: Սարքը թույլ է տալիս մինչև 20 անգամ նվազեցնել զինամթերքի ոչնչացմանն ուղեկցող ձայնային էֆեկտները: Սարքը մշակվել է Ուրալի պիրոտեխնիկական գործարանում: «Разрушитель»-ի աշխատանքը հիմնված է կոմուլյատիվ էֆեկտի վրա և թույլ է տալիս ոչնչացնել 4-5 անգամ ավելի շատ զինամթերք, քան դա հնրավոր է կատարել պայթեցման եղանակով: Լենինգրադի մարզի զորավարժարաններում այս սարքը կիրառում են պատրաստող գործարանի մասնագետները, ինչը թույլ է տալիս զինծառայողներին ազատել նման աշխատանքների կատարումից:

ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՐ

Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության նախագահ Միխայիլ Բերգմանի հատուկ ներկայացուցիչը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին՝ խնդրելով հետաքննել հանրապետության նախկին նախագահ Իգոր Սմիռնովի և պետական անվտանգության նախկին նախարար Վլադիմիր Անտյուֆեևի մեղսակցությունը մարդկանց առևանգման ու զենքի վաճառքի բազմաթիվ դեպքերին:

ԼԻԲԻԱՅՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ ԱՊՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ

Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիները, ովքեր մեղադրվում էին Քադաֆիի վարչակարգին աջակցելու և նրան հավատարիմ զորքերի զրահատեխնիկան նորոգելու համար, դատապարտվել են 8-10 տարվա ազատազրկման, իսկ ՌԴ մեկ քաղաքացին, ով մեղադրվում էր խմբի գործողությունները համակարգելու մեջ` ցմահ բանտարկության:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ՍՊԱՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մուրմանսկում քրեական գործ է հարուցվել երկու սպաների նկատմամբ, ովքեր մեղադրվում են ծայրահեղական կազմակերպությանն անդամակցելու մեջ: Հետաքննության տվյալներով, նրանք 2010 թվականից անդամակցել են Էդուարդ Լիմոնովի հիմնած «Ուրիշ Ռուսաստան» կազմակերպությանը և ծավալել ակտիվ գործունեություն: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են թռուցիկներ, քարոզչական պլակատներ, դեռ 2002-ին արգելված «Лимонка» թերթի համարներ, ուր կոչ էր արվում ուժով փոխել Ռուսաստանի իշխանությունը: