Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՔԼԻՆԹՈՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՀՐԱՀՐՈ՞ՒՄ  Է

ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Վրաստան կատարած այցի ընթացքում խոստանալով շարունակել այդ երկրին սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարումները, Թբիլիսիին դրդում է Կովկասում ձեռնարկելու նոր պատերազմների:

ՌՈՒՍ ՍՊԱՆ ԴԻՄԵԼ Է ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ

Ալեքսանդր Իլյիչենկոն, որ ժամանակին չորսուկես տարի ծառայել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչությունում, անբավարար է համարել ծառայության բերումով պետական գաղտնիքների տիրապետող քաղաքացիների իրավունքների սահմանափակման մասին ՌԴ սահմանադրական դատարանի պարզաբանումները և դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ ՌԴ դաշնային միգրացիոն ծառայությունը հրաժարվել էր նրան արտասահմանյան անձնագիր և երկրից դուրս գալու թույլտվություն տալ:

ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ՏՈՊՈԼ» ՀՐԹԻՌԻ ՀԱՋՈՂ ԱՐՁԱԿՈՒՄ

ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը երեկ, Աստրախանի մարզում գտնվող «Կապուստին Յար» զինափորձարանից Մոսկվայի ժամանակով 21.39-ին իրականացրել են «Տոպոլ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող արձակում: Հրթիռի մարտական մասը հանձնարարված ճշգրտությամբ խոցել է Ղազախստանի տարածքում գտնվող «Սարի-Շագան» զինափորձարանում եղած պայմանական նշանակետը:

ՄՈՍԿՎԱՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ Է ՄՈՏԵՑՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՌՄԲԱԿՈԾԻՉՆԵՐ

ՌԴ արևմտյան զինվորական օկրուգի ռազմաօդային ուժերը շուտով կհամալրվեն 14 ճակատային «Су-34» ժամանակակից ռմբակոծիչներով, որոնք աստիճանաբար կփոխարինեն արդեն հնացած համարվող «Су-24» ռմբակոծիչներին:

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՐՅՈՒՆԱԼԻ ԴՐԱՄԱՅԻ ՊԱՏՃԱՌԸ

Ղազախստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «Արքանքերգեն» սահմանապահ ուղեկալում 14 զինվորի ու անտառապահի սպանության պատճառ են եղել անձնակազմի շրջանում ոչ կանոնադրային հարաբերություններն ու ներքին հակասությունները: Ուղեկալի պետը մայիսի 28-ից 30-ը զորամասից ուղեկալի հետ կապի բացակայությունը միտումնավոր թաքցնելու մեղադրանքով ձերբակալվել է: Այրված ուղեկալի մոտակայքում մեկ շաբաթ առաջ հայտնաբերվել էր կենդանի մնացած միակ զինվորը՝ Վլադիսլավ Չելախը, որը նաև միակ ռուսն էր անձնակազմում:

ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

Երեկ Լեոն Պանետտան ժամանել է Քաբուլ` վերահսկելու գրոհայինների դեմ իրականացվող գործողության ընթացքը և քննարկելու ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի՝ 2014 թվականին նախատեսված դուրսբերմանն առնչվող խնդիրներ: Նա հանդիպել է Աֆղանստանում կոալիցիայի ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ալլենի, Միացյալ Նահանգների դեսպան Ռայան Քրոքերի և Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակի հետ:

«ՆՈՂԿԱԼԻ ՍԱԴՐԱՆՔ»

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահ է և լրագրողներին երաշխավորել է, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը թույլ չի տա Սիրիայում դիմել ռազմական միջամտության:
Միաժամանակ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Քոֆի Անանի առաջարկած ծրագիրը տապալելու նպատակով իրականացված «նողկալի սադրանք» է որակել նախօրեին Համա նահանգի Ալ-Քուբեյր և Մաարզաֆ գյուղերում տեղի ունեցած նոր խոշոր ողբերգությունը, որին զոհ է գնացել առնվազն 86 մարդ, այդ թվում նաև կանայք ու երեխաներ: