Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

«ՆԱՐՈՏ-ԿԱՐՈՏ» ՏԵՍԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Նարոտ-կարոտ». այս վերնագիրն է կրում «Սասուն» համույթի ռազմահայրենասիրական երգերի նոր տեսասկավառակը, որի շնորհանդեսը փետրվարի 3-ին տեղի ունեցավ պաշտպանության նախարարությունում` նախարար Սեյրան Օհանյանի անմիջական նախաձեռնությամբ:
Համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հեղինակած սկավառակում տեղ են գտել տասներկու հայրենասիրական երգ եւ մարտական պար: Համույթը ուղեւորվել է Արեւմտյան Հայաստան եւ յուրաքանչյուր գավառին բնորոշ երգ-երաժշտությամբ, պար ու տարազով ամբողջացրել տեսահոլովակների նկարահանումը:
Նման նախաձեռնությունների նշանակությունը հայ զինվորի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում կարեւորեց ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը եւ տեղեկացրեց, որ տեսասկավառակի մեծ քանակություն կառաքվի զորամասեր:

Ռուսական «ՌՍ-20Վ» «Վոյեվոդա» հրթիռը, որը ՆԱՏՕ-ի դասակարգմամբ կոչվում է «Սատանա», ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում մարտական հերթապահություն կիրականացնի մինչեւ 2026 թվականը: Փորձագետների կարծիքով, աշխարհում ամենահզոր այդ հրթիռի շահագործման ժամկետի երկարաձգումը ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման ու կրճատման նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններում Ռուսաստանի խոսքն ավելի «ծանրակշիռ» դարձնելու նպատակ է հետապնդում:

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունում աշխատում են 546 տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, այդ թվում` միջազգայնագետներ, քաղաքագետներ եւ սոցիոլոգներ, ինչպես նաեւ աշխարհի 76 լեզուների տիրապետողներ: Այս թիվը պատկերացում է տալիս Ռուսաստանի քաղաքական շահերի աշխարհագրական ընդգրկման մասին. գործնականում դա ամբողջ աշխարհն է:

ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԻՆ

Հունվարի 31-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպեցին ԵՊՀ զոհված ազատամարտիկների մայրերին նվիրված մեծարման ցերեկույթ:
ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դահլիճում հավաքվել էին համալսարանական ազատամարտիկների հարազատները, մարտական ընկերները, ուսանողներ: «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության նախագահ Գեւորգ Մելքոնյանը նշեց, որ միջոցառումը նպատակ ունի մեծարելու ԵՊՀ զոհված ազատամարտիկներին և նրանց մայրերին, ամրապնդելու բանակ-հասարակություն, բանակ-երիտասարդություն կապերը, բարձրացնելու երիտասարդության ռազմահայրենասիրական ոգին:

Հունվարի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Աննա Թովմասյանի՝ փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայում նկարահանված «Կամավորը» ֆիլմի շնորհանդեսը։
Ֆիլմի ցուցադրությունից հետո գլխավոր հերոսը՝ Դիմա Մոտրիչը, ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվեց «Արիության» մեդալով, իսկ նրա հայրը՝ Անատոլի Մոտրիչը, պարգեւատրվեց «Մարտական ծառայության» մեդալով։

Բացահայտվել են ամերիկյան հեռանկարային F-35B ինքնաթիռի որոշ թերություններ: Այժմ լրացուցիչ փորձարկումներ են անցկացվում՝ դրանք լիովին ի հայտ բերելու և վերացնելու համար: ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը երկու տարի փորձաշրջան է նշանակել. ինքնաթիռների համար, եթե այդ ընթացքում «Lockheed Martin» ընկերությունը չկարողանա վերացնել թերությունները, նախագծի ֆինանսավորումը կդադարեցվի: Ինքնաթիռը նախատեսված է ծովային հետևակին աջակցելու համար:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ծրագրում է գնել ամերիկյան «Lockheed Martin» ընկերության արտադրած «F-35 LightningII» մակնիշի հինգերորդ սերնդի 100 ինքնաթիռ, ևս 16-ի մատակարարման համար պայմանագիր է կնքվել: Նշենք, որ Թուրքիան ինքնաթիռի ստեղծման ծրագրի մասնակից ինը երկրներից մեկն է: