Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԵՐԴՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Ազգային բանակի զորամասերի համալրումը երիտասարդ զինվորներով ընդամենը մի քանի օր առաջ՝ հունիսի 30-ին է ավարտվել, այնինչ զինվորական երդում են ընդունում դեռեւս այն նորակոչիկները, որոնք ավելի շուտ են զորակոչվել եւ պատրաստ են ամառային-աշնանային ուսումնական փուլից առաջ զբաղեցնել մարտական ստորաբաժանումներում ազատված տեղերը։
Հուլիսի 2-ին հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդումը խոսքով ու ստորագրությամբ հաստատեցին գնդապետ Ա. Մելիքյանի հրամանատարությամբ գործող զորամասում իրենց ծառայությունն սկսող զինվորները։

ՀՀ զինված ուժերում հուլիսի 18-ից երեք փուլով մեկնարկում է N 27 վարժությունից «Լավագույն վաշտ» մրցույթը, որի ընթացքում ստորաբաժանումներն իրենց ամբողջ անձնակազմերով պետք է հաղթահարեն արգելագոտին։ Առաջին՝ զորամասային փուլի հաղթողները կշարունակեն մրցապայքարը օգոստոսի 1-ից 27-ը կայանալիք երկրորդ՝ ներփնջային փուլին։ Եզրափակիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 1-9-ը:

ՀՀ զինված ուժերում հունիսի 13-ից 30-ը անցկացվեց քառամարտի, ռազմականացված կրոսավազքի եւ հրաձգության առաջնությունների առաջին` ներզորամասային փուլը, որի հաղթողները հուլիսի 4-ից 23-ը կշարունակեն իրենց մրցապայքարը երկրորդ՝ ներփնջային փուլում։

Հուլիս ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին նվիրված` ս.թ. սեպտեմբերի 21-ին կայանալիք զորահանդեսին պատշաճ մակարդակով պատրաստվելու համար Արմավիրի ուսումնական զորամասում անց են կացվելու ամենօրյա պարապմունքներ շարային պատրաստությունից։

ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պլանի համաձայն` ս.թ. հուլիսի 25-ից 29-ը կանցկացվի հրամանատարական պատրաստության հավաք` ՀՀ ԶՈՒ ՄՊՎ հրամանատարական խմբերի հետ։ Հավաքի նպատակն է բարձրացնել մասնակիցների տեսական գիտելիքների մակարդակը եւ կատարելագործել նրանց գործնական ունակություններն ու հմտությունները։

2011թ. ուսումնական տարվա ամառային ուսումնական փուլը սկսելու կապակցությամբ ս.թ. հուլիսի 12-ից 14-ը ՀՀ ԶՈՒ զորամասերում կանցկացվեն մարտավարաշարային պարապմունքներ մարտական պատրաստականությունից։ Պարապմունքների նպատակն է ստուգել նոր ուսումնական փուլին զորամասերի պատրաստ լինելը, օգնություն ցուցաբերել ստորաբաժանումների հրամանատարներին մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կազմակերպման ու անցկացման գործում։

ՀՈՒՅՍԻ ԵՎ ՈՒԺԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտություններ կան, որոնց արժեքը, նշանակությունը հնարավոր չէ սահմանել, դրանք անգնահատելի են ցանկացած մարդու համար: Այդպիսին է բժշկի մասնագիտությունը, որ կոչված է պահպանելու մեկ այլ մարդու առողջությունը, անհրաժեշտության դեպքում` փրկելու կյանքը: Է՛լ ավելի պատասխանատու է զինվորական բժշկի մասնագիտությունը, քանի որ նա հոգ է տանում զինվորի` հայրենիքի պաշտպանի առողջության մասին: Խաղաղ եւ պատերազմական իրավիճակում նրա պատրաստվածությունից, հոգատար վերաբերմունքից է կախված հիվանդ կամ վիրավոր զինծառայողի շուտափույթ ապաքինումն ու շարք վերադառնալը: