Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՀՐԱՁԳԱՐԱՆՈՒՄ



Նոյեմբերի 11-ին Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում ՀՀ պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձինք՝ շուրջ 40 մարդ, պաշտպանության նախարարության կազմակերպած հավաք-պարապմունքների շրջանակում մասնակցեցին գործնական պարապմունքի:

Երեք ուսումնական կետից առաջինում կատարվում էր ավտոմատ զենքի քանդում-հավաքում՝ ըստ ժամանակային նորմացույցի, երկրորդում կրակային վարժություն էր ընթանում, իսկ երրորդում՝ ուսումնական (իմիտացիոն) նռնակներ նետում: Գործնական պարապմունքները ղեկավարում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի գնդապետ Հակոբյանը: «Մասնակիցներից ոմանք զինվորական ծառայություն են անցել, մասնակցել են պատերազմին, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք առաջին անգամ են առնչվում զենք-զինամթերքին»,- ասաց նա:

Զորամասի վաշտի հրամանատար մայոր Հ. Ղուլինյանը պարապմունքն անցկացնում էր պատմողական-ցուցադրական մեթոդով: Նա նախ ներկայացրեց AK74 ինքնաձիգի մարտավարական բնութագրերը, ապա ցուցադրեց զենքը քանդել-հավաքելու ճիշտ ձեւը: Հերթը մասնակիցներինն էր: Տարածքային կառավարման նախարության աշխատակից Արթուր Սողոմոնյանը, օրինակ, վստահեցրեց, որ դպրոցում ուսանելիս հիմնավոր գիտելիքներ է ձեռք բերել, իսկ այժմ վերհիշում է անցածը:

Ուսումնական տարածքի մյուս հատվածում գնդապետ Հակոբյանը նախապատրաստում էր մասնակիցներին հրաձգության. «Կրակային պատրաստությունից անցկացնելու ենք առաջին ուսումնական վարժությունը զորատեսակների համար: Ըստ վարժության կանոնների՝ ցուցադրվելու է երեք թիրախ՝ երկուսը լրիվ հասակով, մեկը՝ կրծքային: Կրակային վարժությունը իրականացվում է կանոնադրության ծրագրի պահանջների համաձայն, այսինքն՝ կրծքային թիրախի վրա կրակելու են մենահատ կրակոցներով, հասակով թիրախները պետք է խոցվեն ավտոմատ կրակոցներով»: Մարտական զենքից մեկ թիրախ խոցելու դեպքում մասնակիցը գրանցում է «բավարար» գնահատական, երկուսի դեպքում՝ «լավ», երեք թիրախ խոցելու դեպքում ստանում է «գերազանց» գնահատական:

♦♦♦

Վաշտի հրամանատար մայոր Վարդերեսյանը ամրացնում է մասնակցի սաղավարտը, ապա նրան տրամադրում զենք-զինամթերք. յուրաքանչյուրին` ինը փամփուշտ: Մասնակցին կրակագծում սպասում է փոխգնդապետ Հակոբյանը: Նա թերություն է նկատում եւ հեռվից ձայն տալիս իրեն մոտեցող մասնակցին. «Ճիշտ բռնեք զենքը»: Թիրախային դաշտը ղեկավարում է օպերատորը: Նա կառավարում է պայմանական հակառակորդի նմանվող անշարժ թիրախը, որը ցուցադրվում է մեկ անգամ` 10, մեկ անգամ` 15, մեկ անգամ էլ 20 վայրկյանով: Թիրախները հայտնվում են 250 մ, 300 մ, 400 մ հեռավորությունների վրա: «Խոցվե՛ց»,-գոչում է գնդապետ Հակոբյանը: Նա նկատում է, որ թիրախը խոցելու դեպքում մասնակիցը ոգեւորվում է եւ վստահություն ձեռք բերում սեփական ուժերի նկատմամբ:

Դիպուկ կրակել սահմանված ժամկետում շատերին չէ, որ հաջողվեց. եզակի արդյունք ցուցադրեց Կադաստրի կոմիտեի աշխատակից Աշոտը. «Ես խոցեցի երեք թիրախներն էլ, բայց դա պատահականություն չէր, քանի որ դեռ բանակից վարժված եմ: Լավ կրակելու համար պետք է զգոն լինես, իսկ մարտադաշտում՝ նաեւ վճռական եւ անզիջում: Գործնական պարապմունքները մեզ ավելի ինքնավստահ ու համարձակ դարձրին»:

♦♦♦

Ուսումնական տարածքի երրորդ հատվածում պարապմունքի մասնակիցները ծանոթացան նռնակի կառուցվածքին ու մարտավարական նշանակությանը: Մայոր Հ. Ղուլինյանը բացատրեց. «Նռնակը ուսումնական է եւ հայկական արտադրության: Այն հարձակողական է, եւ բեկորների ցրման շառավիղը մինչեւ 25 մ է, այսինքն` կարող ես կիրառել բաց դաշտում»: Քանի որ մարտի ժամանակ մարտիկի ձեռքին լինում է նաեւ զենք, ուստի մասնակիցը ձախ ձեռքում պահում է ինքնաձիգը, իսկ աջում՝ նռնակը, այնուհետեւ քաշում է օղակը, առաջ քայլ կատարում եւ ուսի վրայով նետում դեպի նախանշված քառակուսին, որը փոխարինում է հակառակորդի խրամատը: «Իսկ ինչո՞ւ չի պայթում»,-հարցին մայոր Ղուլինյանը պատասխանում է. «Համբերեք, նռնակը պայթում է 3.2-4.2 վայրկյանից»:

Գերատեսչությունների ներկայացուցիչների արձանագրած ցուցանիշներից գնդապետ Հակոբյանը գոհ էր: Պարապմունքներն հաջող ընթացք եւ արդյունավետ ավարտ ունեցան:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Նոյեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության պետական եւ տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ անցկացվող հավաք-պարապմունքները ավարտվեցին: Վեց օր տեւած հավաքի ընթացքում մասնակիցների համար դասախոսություններով հանդես եկան նախարարներ, բարձրաստիճան զինվորականներ: Նրանք իրենց դասախոսություններում արծարծեցին տարբեր թեմաներ` ռազմական կառավարումը եւ դրա կազմակերպումը, զորքերի ղեկավարման համակարգը, ղեկավարման կետերի ծավալումը եւ տեղաշարժը, ՀՀ տարածքային պաշտպանության կազմակերպումը եւ առանձնահատկությունները, տարածաշրջանի պետությունների զինված ուժերը, զորահավաքային միջոցառումների ժամանակ տարբեր կառույցների փոխհամագործակցության կազմակերպումը եւ այլն:

Պարապմունքների եզրափակիչ օրը մասնակիցների հետ հանդիպեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Ամփոփելով կատարված աշխատանքները` նա նշեց, որ պաշտպանության նախարարությունը մեծապես կարեւորում է նման հավաքների միջոցով հանրապետության պետական, տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին երկրի անվտանգության արդիական խնդիրների վերաբերյալ պարբերաբար իրազեկելու հարցը, ինչի վկայությունն էր, մասնավորապես, դասախոսների բարձրաստիճան ներկայացուցչությունը` պաշտպանության նախարարից մինչեւ վարչությունների պետեր:

Դ.Տոնոյանը պաշտպանության նախարարության ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց մասնակիցներին` «պարապմունքների ժամանակ ցուցաբերած ոգեւորության եւ հետաքրքրության համար»:

Ա. ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


23/11/2011