Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽԱՂԱՔԱՐՏԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՂԹԱԹՈՒՂԹ ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ



Ռուսաստանն անցկացնում է Շ-71 նոր հիպերձայնային թռչող սարքի փորձարկումները, որոնք կարող են միջուկային մարտալիցքեր կրել: Ըստ Janes Information Group բրիտանական ռազմավերլուծական կենտրոնի վերլուծության, այս սարքն իբր հրթիռային ծրագրի հետ առնչվող «4202» ռուսական գաղտնի նախագծի մաս է հանդիսանում, ինչը Ռուսաստանին հնարավորություն կտա խոցելու նպատակակետը միայն մեկ հրթիռով:

Ինչպես գրում է Washington Times-ը, Ռուսաստանը մտադիր է որպես ճնշման գործիք օգտագործել այս հիպերձայնային ռազմական նախագիծը ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ բանակցությունների ժամանակ:

Բանն այն է, որ նման հիպերձայնային սարքերին չափազանց դժվար է հետևելը և խոցելով ցած գցելը, քանի որ նրանք շարժվում են չհաշվարկվող հետագծով, իսկ դրանց տեղաշարժման արագությունը հասնում է 11200 կմ/ժ:

ՌԴ հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը նշում է. «Պետք է հասկանալ, որ հիպերձայնային հրթիռի մարտական մասերը բավականին ծանր են՝ 1,5-2 տոննա: Ուստի այն հավանաբար կարող է դառնալ «ՁՏտՏսՖ-Ծ» տիպի թեթև միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) մարտական մաս, սակայն «Սարմատ» PC-28 բալիստիկ հրթիռը, որը սպառազինություն կընդունվի տասնամյակի վերջին, կկարողանա ցած գցել միանգամից մի քանի նման մարտագլխիկ, որոնք կգնան բարդ հետագծերով, ինչը նրանց գործնականում անխոցելի կդարձնի հակառակորդի հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար: Տրամաբանական է, որ Արևմուտքում հիպերձայնային մարտական մասով ՄԲՀ-ն անվանում են Մոսկվայի նոր հավանական հաղթաթուղթը Վաշինգտոնի հետ բանակցություններում: Փորձը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներին հնարավոր է բանակցային սեղանի առաջ նստեցնել միայն մեկ ձևով՝ սպառազինության բերելով այնպիսի համակարգեր, որոնք կստիպեն ամերիկացիներին իրոք վախենալ:

Բացի այդ, Ռուսաստանում կատարվում է հիպերձայնային թևավոր հրթիռների մշակում, որոնք կարող են շարժվել ցածր բարձրություններում, իսկ դա նշանակում է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգերով վերջիններիս խոցումը խնդրահարույց է դառնում, քանի որ դրանք, ըստ էության, աերոդինամիկ նշանակետեր են: Բացի այդ, հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համալիրները նշանակետը խոցելու սահման ունեն՝ 1000մ/վրկ սահմաններում, իսկ որպես կանոն կալանող հրթիռի արագությունը կազմում է վայրկյանում 700-800մ: «Խնդիրը նաև այն է, որ բարձր արագություն ունեցող նպատակակետին կրակելիս կալանող հրթիռը պետք է տասնյակ և նույնիսկ հարյուրավոր «g»-ով չափվող ծանրաբեռնվածությամբ մանևրելու հնարավորություն ունենա: Իսկ նման հակահրթիռներ առայժմ գոյություն չունեն», – նկատել է ռազմական փորձագետը:

ՌԴ կառավարությանը կից ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նախագահին առընթեր փորձագիտական խորհրդի անդամ Վիկտոր Մուրախովսկին նկատում է, որ մարտական համալրման կատարելագործման ծրագրում աշխատանքներ են տարվում նաև հիպերձայնային մանևրող մարտական բլոկների ստեղծման վրա, ինչը թույլ կտա իրոք անտեսելու ցանկացած հեռանկարային հակաօդային պաշտպանության համակարգ:

«Այո՛, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի սպառազինության մեջ եղած միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն այժմ էլ ունեն բլոկներ, որոնք առանձնանում են 5-7կմ/վրկ արագությամբ: Սակայն բոլորովին այլ բան է խուսավարում կատարելու, ընդ որում՝ կառավարվող այդպիսի արագությունների դեպքում: Շատ հավանական է, որ այդպիսի մարտական մասերը կարող են տեղադրված լինել «Սարմատ» նոր ծանր հրթիռի վրա, որը զորքերում կփոխարինի լեգենդար խորհրդային PM2-36 «Վոեվոդային»-ին: Կարծում եմ, որ հետագայում նման մարտական բլոկներ կտեղադրվեն նաև արդեն ՌՆՀԶ սպառազինության վերցվող հրթիռների վրա», – ասել է Վ. Մուրախովսկին:

Թարգմանեց

Նաիրա ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #39 (1108) 08.10.2015 - 14.10.2015, Ռազմական


08/10/2015