Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՄԻԱՍՆԱԲԱՐ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ



ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՄԻԱՍՆԱԲԱՐ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆՀուլիսի 25-ին փոխգնդապետ Արա Շահբազյանը կդառնար 40 տարեկան…

 

Թերթելով լուսանկարների ալբոմը՝ երեքամյա  Մենուան անվրեպ ճանաչում ու հպարտորեն մատնացույց է անում հորը, մորը, եղբորն ու քրոջը։ Նրա ծնողների միջև սերն ու համակրանքը ծնունդ են առել, երբ դեռ դպրոցական էին: Ծնողների՝  Արայի և Վարդուհու սիրո առաջին փորձությունը քառամյա բաժանումն էր, որի ընթացքում ընտանիքի ապագա հայր ու հայկական բանակի ապագա սպա Արա Շահբազյանը ուսանում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

-Շատ դժվար էր, որովհետև այդ ժամանակ չկային բջջային հեռախոսներ,- վերհիշելով այդ տարիները՝ մտաբերում է տիկին Վարդուհին:-  Չնայած լինելու պարագայում էլ, իբրև կուրսանտներ, նրանք չէին կարող կրել հեռախոսներ: Մեր սերը շատ ուժեղ ու ամուր էր, եւ հետագայում ամուսնացանք, հիանալի ընտանիք կազմեցինք:

Այնուհետեւ հանրապետության տարբեր զորամասերում ծառայած սպա Արա Շահբազյանը մինչև ուղն ու ծուծը նվիրվեց ծառայությանն ու ենթակաների մարտական պատրաստության գործին։ Խոսելով կոչումով զինվորական Արա Շահբազյանի մասին՝ նրա ծառայակից ընկերները նշում են, որ նա անչափ սրտացավ էր ենթակաների հանդեպ:  Լինելով բազմակողմանի զարգացած և գրագետ անձնավորություն՝ անընդմեջ շուրջն էր հավաքում նորանշանակ սպաներին և խորհուրդներով ուղղորդում ու սատարում նրանց:

Այդքանով հանդերձ, Արան անում էր առավելագույնը՝ ծառայությունից ազատ  կարճատև ժամանակահատվածները երեխաների հետ անցկացնելու համար:

-Ձգտում էր միշտ մի փոքր ժամանակ շահել ընտանիքի հետ մի տեղ գնալու, երեխաների հետ շփման պակասը լրացնելու համար,- ասում է Վարդուհին:- Անգամ, երբ իրեն թամադա էին նշանակում կարևոր միջոցառումներին, մեկ էլ կտեսնեիր՝ դրսում երեխաների հետ խաղալիս… Շատ բարի սիրտ ուներ, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր:

Ամենը կտրուկ ու անդառնալիորեն փոխվեց 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ վերսկսեց արցախյան հերթական պատերազմը։

-Շատ անհանգիստ էր այդ օրը: Սենյակի մի ծայրից մյուսն էր գնում ու կարևոր մի զանգի էր սպասում: Հետո մոտեցավ ինձ, ասաց. «Հավատում ես, չէ՞, որ ես հետ կգամ…»: Ասացի. «Իհարկե, հավատում եմ, դու ամենաուժեղն ես»: Համբուրեց մեզ ու գնաց…

Հետագա օրերին փոխգնդապետ Արա Շահբազյանը ծառայակից ընկերների հետ ներգրավվել էր Արցախի հարավարևելյան  սահմանագոտու պաշտպանության համար մղվող  մարտերին։

Վերհիշելով  այդ օրերը՝ Արայի հետ նույն խրամատում թշնամու հետ կռիվ տված մայոր Սամվել Աբգարյանը  խոստովանում է՝ դժվար ինքն այսօր ողջ լիներ, եթե չլիներ փոխգնդապետ Շահբազյանը.

-Տանկի արկից վիրավորվել էի… Չեմ հիշում, թե որքան ժամանակ եմ անգիտակից եղել, բայց երբ գիտակցությունս տեղը եկավ, նկատեցի բլրի վրա երևացող ինչ-որ մեկի սաղավարտը: Օգնություն կանչեցի: Արան էր, անմիջապես մոտեցավ, ասաց. «Կամանդի՛ր ջան, հավատա՛  ինձ, դու չես մեռնելու, լսի՛ր ու հավատա՛»: Հենց նա էլ իրականացրեց իմ տարհանումն ու տեղափոխումը հոսպիտալ:

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՄԻԱՍՆԱԲԱՐ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆԻր կյանքով փոխգնդապետ Շահբազյանին է պարտական նաև պայմանագրային զինծառայող Ալիկ Հովհաննիսյանը, որին նույնպես անդադար հրետակոծության և օդային հարվածների ներքո աղվեսափոսից դուրս էր բերել և առաջին օգնություն էր ցուցաբերել Արան։

-ԱԹՍ-ի հարվածից հողը լցվեց մեզ վրա,- վերհիշում է Ալիկը.- մենք այդ ժամանակ փոսում էինք: Արան վազելով եկավ-հասավ, սկսեց հանել փոսից, ու հենց այդ ժամանակ երկրորդ հարվածից ուշագնաց եղա: Անտեսելով  իրենց ուղղությամբ վարվող հուժկու հրետակոծությունը՝ Արային հաջողվել էր դուրս բերել մարտընկերոջը փոսից ու փրկել նրա կյանքը:

Ենթակա անձնակազմին իր օրինակով ոգևորող, նրանց հետ համահավասար մարտական գործողություններին ներգրավված փոխգնդապետ Արա Շահբազյանը մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել պատերազմի դաշտում, կառավարել և ուղղորդել է պաշտպանական մարտերը վարող տղաների գործողությունները։

Ալիկը վկայում է, որ Արան երկար տարիներ ծառայել էր Ջրականում, լավ էր ճանաչում տեղանքը, կռահում էր հակառակորդի հնարավոր ճեղքման ուղղություններն ու դրանք կանխելու առումով օպերատիվ որոշումներ էր ընդունում:

Տիկին Վարդուհին է պատմում.

-Մենք 8 տարի Ջրականում ենք ապրել, մեր երեխաները Առաջամուղ գյուղում են դպրոց գնացել: Ես այդ նույն դպրոցում եմ աշխատել՝ որպես դասվար… Ականատեսները պատմում են, որ պատերազմի ժամանակ, երբ թշնամու կենդանի ուժն ու զինտեխնիկան կուտակվել են Առաջամուղի դպրոցի շրջակայքում, Արան խոր ցավով ասել է. «Իմ երեխաների դպրոցն էր…»:

Հանդիպելով մեր ռազմիկների համառ դիմադրությանը՝ հակառակորդը գործի է դրել օդուժը ու ռազմական ավիացիայի և անօդաչուների միջոցով սկսել է հայկական ստորաբաժանումների խոցումները։ Ավա՜ղ, հերթական ավիահարվածից հետո Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին միացավ նաև փոխգնդապետ Արա Շահբազյանը։

Այդ չարաբաստիկ օրվանից անցել է գրեթե երկու տարի, բայց չնայած դրան, փոքրիկ Մենուան այսօր էլ շարունակում է սպասել դռան թակոցին, երբ հայրիկը վերջապես տուն կվերադառնա։

-Մենուան շատ քիչ է հայրիկին տեսել, ծնունդ չի նշել նրա հետ, բայց անդադար հայրիկից է հարցնում,- ասում է տիկին Վարդուհին:-  Երեկ հայրիկի ծննդյան օրն էր: Երբ իմացավ, ուրախացել էր, աշխարհով մեկ եղել, ասաց. «Պապան էլ է՞ գալու…»: Երեկոյան լացում էր, կանչում էր նրան…

Հուլիսի 25-ին լրացավ փոխգնդապետ Արա Շահբազյանի ծննդյան 40-ամյակը։ Եկող տարի էլ ազգային բանակի շարքերը կհամալրի նրա ավագ որդին՝ Կարենը։ Խոսելով այդ մասին՝ տիկին Վարդուհին գիրկն է առնում Մենուային ու ասում.

-Նրանք, որ գնացել են կռվի դաշտ, կռվել են հանուն Հայրենիքի, իրենց աչքերում պահել են իրենց հարազատ մեկի դեմքը՝ կնոջ, երեխայի, սիրած աղջկա կամ էլ ծնողի…  Նշանակում է՝ Հայաստանս դեմք ունի: Այդ դեմքը մենք բոլորս ենք, բոլորս միասին, ու մենք  պարտավոր ենք միասնաբար շարունակել տղաների գործը, շենացնել ու տեր կանգնել մեր Հայրենիքին:

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուս.՝  ՎՈԼՈԴՅԱ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ

Խորագիր՝ #21 (1443) 03.08.2022 - 09.08.2022, Ճակատագրեր


04/08/2022