Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՏՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ



ՊԵՏՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ1994 թ. հունվարյան կռիվները եւս մեկ փառապանծ ու ուսանելի էջ պարգևեցին Արցախյան ազատամարտի պատմությանը: Անվարան կարելի է պնդել, որ չնայած ադրբեջանական իշխանությունների գործադրած հսկայական ջանքերին և ի լուր աշխարհի հռչակած ամպագոռգոռ հայտարարություններին, նրանց բազմակողմանիորեն կազմակերպված և տեխնիկապես գերազանց հագեցած  բանակը կրել էր իր հերթական ծանր պարտությունը՝ այս անգամ արդեն արցախյան ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում: Միակ խոցելի տեղը, թերեւս, Քարվաճառի ուղղությունն էր. ադրբեջանական զորամիավորումներին հաջողվել էր անցնել Օմարի լեռնանցքն ու հաղթահարել հայկական ուժերի պաշտպանությունը: Ռազմաճակատի այդ հատվածում թշնամու հետագա առաջխաղացումն անխուսափելիորեն կարող էր բացասաբար անդրադառնալ Արցախի մյուս ճակատներում ծավալվող մարտական գործողությունների ընթացքի վրա: Ադրբեջանցիներն օգտվելով ընձեռված հնարավորություններից՝ կարող էին առաջանալ Բաղլիփեյա, Չարեքտար գյուղերի, ապա դեպի ավելի հարավ՝ Նարեշտար, Վանք բնակավայրերի ուղղությամբ ու տիրելով Արցախի տարածքի հաղորդակցության կարեւորագույն ուղիներին՝ շրջափակման մեջ վերցնել և մեկուսացնել Մարտակերտի ամբողջ ռազմաճակատը:

Տվյալ իրավիճակում անհրաժեշտ էր արմատական բեկում մտցնել Քարվաճառի հյուսիսում ընթացող մարտական գործողություններում եւ վճռական ու խելամիտ քայլերի միջոցով հաղթահարելով հակառակորդ զորքերի դիմադրությունը՝ վերստին վերահսկողության տակ վերցնել մինչեւ Օմարի լեռնանցքը ձգվող տարածքը: Այդ խնդիրը կենսագործելու նպատակով Արցախի Հանրապետության բանակի հրամանատարությունը Քարվաճառի ռազմաճակատ է տեղափոխում արցախյան մի քանի փորձառու զորամասեր, որոնց թվում նաև Շուշիի գումարտակի՝ Ռոմիկի (Ռոմիկ Մարգարյան) գլխավորած ջոկատը՝ թվով 15 հոգի:

Այդ ժամանակ գումարտակը գործում էր Պետոյի (Պետրոս Ղեւոնդյանի) հրամանատարությամբ:

Ռոմիկի ջոկատը, մինչեւ Պետոյի Քարվաճառ տեղափոխվելը, այդ ճակատում հանդիպում է բազում դժվարությունների: Պարզվում է, որ ռազմաճակատում հաջող մարտական գործողությունների իրականացման համար զորամասերի միջև անհրաժեշտ փոխհամագործակցությունը տարբեր պատճառներով դեռեւս պատշաճ բարձրության վրա չէր: Տվյալ իրավիճակում որևէ նշանակալի մարտական գործողություն ձեռնարկելիս փոքրաթիվ ջոկատի ուժերը, առանց օգնական ուժերի ու մյուս զորամիավորումների ճիշտ համագործակցության, անբավարար էին: Իսկ ժամանակի կորուստը չէր խոսում հօգուտ արցախյան ուժերի: Ստեղծված դժվարին կացությունը հրամայաբար թելադրում էր շտապ ձեռնարկել համարձակ ու խելամտորեն հաշվարկված քայլեր:

Ռոմիկից ստանալով Քարվաճառի ճակատում տիրող իրավիճակի մասին տեղեկությունները՝ Պետոն մեկնում է Ստեփանակերտ՝ հանդիպելու Արցախի բանակի հրամանատարին և մինչ կհասցներ նրան ներկայացնել իր առաջարկությունը, հրամանատարն ինքն է հանձնարարում Պետոյին գումարտակով մեկնել Քարվաճառի շրջան և ձեռնամուխ լինել մարտական շատ կարեւոր ու պատասխանատու առաջադրանքի կատարմանը: Առաջադրանքը միակն էր. գումարտակը պետք է անհապաղ տեղափոխվեր հյուսիսային ճակատ և այնտեղի մյուս զորամասերի հետ համագործակցությամբ ջախջախեր այդ ուղղության բարձունքներում ու դիրքերում ամրացած հակառակորդի ուժերը՝ ադրբեջանցիներից մաքրելով մինչեւ Օմարի լեռնանցքը ձգվող տարածքը:

Պետք է նշել, որ հունվարյան ծանրագույն փորձությունից հետո գումարտակի զինվորները գրեթե ոչ մի օր ժամանակ չեն ունեցել ինչպես հարկն է նույնիսկ փոքր-ինչ հանգստանալու: Չէր լուծվել նաև նրանց հերթափոխի հարցը: Նախորդ կռիվներում մարտաշարքերը նկատելիորեն նոսրացել էին (տասը զոհ ու երեսունինը վիրավոր), իսկ համալրումների խնդիրը, ինչպես և անցյալում, դեռեւս մնում էր գումարտակի համար ամենացավոտ ու խոցելի տեղը: Բայց Պետոյի ու նրա զինակիցների համար այլընտրանք չկար:

«Եթե նույնիսկ համոզված լինեմ,- նշում էր Պետոն,- որ մեր կռվի արդյունքները քաղաքական ոլորտներում պետք է շահագործվեն կամ չարաշահվեն, մեկ է՝ ինձ համար այլընտրանք չկա. պե՛տք է կռվենք»

Այո՛, նրա և իր մարտական ընկերների համար այլընտրանք գոյություն չուներ, ու անվարան մեկնելով Քարվաճառի ճակատ՝ նրանք մեկ անգամ եւս պիտի ապացուցեին զենքին և ռազմարվեստին տիրապետելու իրենց վարպետությունը՝ այս անգամ արդեն հարձակողական գործողությունների ընթացքում:

Գումարտակի ուժերը տեղաբաշխվում են Չիչագլի սարից դեպի հարավ-արեւելք ձգվող ճանապարհի մերձակայքում, որտեղից Չիչագլիի բարձունքները շատ լավ երևում էին: Այդ ժամանակ բարձունքների երեք հիմնական հենակետերից երկուսը՝ ադրբեջանցիների, իսկ մեկը՝ արցախյան մարտիկների վերահսկողության ներքո էին: Մինչև Շուշիի առանձնակի գումարտակի  այստեղ տեղափոխվելը՝ արցախյան զորամասերի կողմից եղել էին բարձունքները գրավելու փորձեր, որոնք ավարտվել էին անարդյունք: Պետոն դեռևս չէր հասցրել ինչպես հարկն է տեղաբաշխել գումարտակի ուժերը, երբ ադրբեջանցիները գրավեցին նաև արցախյան մարտիկների հսկողության տակ եղած հենակետը:

Այդ վիճակում բարձունքը միայն եղած ուժերով, հանպատրաստից վերցնելու փորձը վտանգավոր էր ու գրեթե անհնարին. քանի որ հակառակորդի զինվորների տեսադաշտը բաց էր, ապա նրանք կարող էին առանց մեծ ջանքեր գործադրելու, բարձունքներում տեղադրված  գնդացիրներով ճշգրտորեն հարվածել հարձակվողներին ու մեծ կորուստներ պատճառել:

Չիչագլիի վերջին բարձունքը թշնամուն հանձնելը տհաճ, բայց արդեն կատարված իրողություն էր: Քանի որ այդ բարձունքից շատ հեռու չէր գումարտակի տեղաբաշխման վայրը, ապա ադրբեջանցիները, նոր վերցրած հենակետում ամուր դիրքավորվելուց հետո, կարող էին կրակի տակ վերցնել ամբողջ գումարտակը: Այդ սպառնալիքից խուսափելու համար Պետոն հարկադրված գումարտակը տեղաբաշխեց այնպես, որ այդ հենակետից չերևար:

Ի՞նչ պիտի արվեր:

ՊԵՏՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸՆախ՝ հարկավոր էր պահպանել զինվորների մարտունակությունը: Քանի դեռ մարտական գործողությունները չէին սկսվել, դեռևս նախապատրաստական փուլում էին, Պետոն, գումարտակի զինվորներին ցրտահարությունից, ինչպես նաև հոգնածությունից զերծ պահելու նկատառումով, հրահանգում է զորաջոկատներին պարտադիր ամեն օր կատարել լիցքային վարժություններ, առավոտյան անպայման վազել ու ոչ մի դեպքում անգործության չմատնվել:

Չնայած եղանակի անտանելի դժվարություններին, գումարտակի մարտիկներին հաջողվում է խուսափել սառչելուց ու հիվանդանալուց շնորհիվ լիցքային վարժությունների: Նրանք կարողանում են պահպանել իրենց մարտունակությունը, իսկ ադրբեջանցիներից շատերը, ինչպես պարզվեց հետագայում, ցրտահարվել էին ու մնացել բարձունքներում:

Երկրորդ, անհրաժեշտ էր պարզել տեղանքի ընդհանուր յուրահատկությունները, բարձունքում տեղաբաշխված հակառակորդի դիրքերի և այնտեղ եղած ուժերի իրական դասավորվածությունն ու մանրամասները: Երկաթյա օրենք էր. մինչեւ որեւէ գործողություն ձեռնարկելը Պետոն ինքը պետք է գնար հետախուզության և անձամբ ուսումնասիրեր բոլոր այն նրբությունները, որոնց համակողմանի վերլուծությունն ու իմացությունը անհրաժեշտ էր մարտական գործողությունները հաջողությամբ մշակելու և իրականացնելու համար:

Տեղանքը  շատ բարդ էր: Լեռնագագաթներին բուք էր, իսկ ներքևում լեռնալանջերը պատված էին մինչև կես մետր հաստության ձյան շերտով: Լեռնաշղթայի վրա, մեկը մյուսին հաջորդող ու լրացնող բազմաթիվ բլուրները վերածելով պաշտպանական հարմարավետ հենակետերի՝ ադրբեջանցի հրամանատարությունը փաստորեն նաև բնական ամրակուռ պարիսպներով էր կասեցնում արցախյան ուժերի առաջխաղացումը: Ճիշտ է, մասնակիցների վկայությամբ՝ թշնամու ուժերն այնքան էլ բազմաքանակ չէին, բայց տիրելով տեղանքի իշխող բարձունքներին՝ նրանք ձեռք էին բերել դիրքային շատ մեծ առավելություն: Արցախյան զորամասերի արդյունավետ գործողություններին զգալի չափով խոչընդոտում էր նաև այն, որ նրանց հարձակման գոտում, մինչեւ հակառակորդի գրաված դիրքերը, ընդհատվում էր անտառային շերտը, իսկ բաց դաշտում, բարձունքների վրա հարձակում գործելն անհամեմատ դժվարին խնդիր է: Պաշտպանության նման հզոր համակարգը խորտակելու համար անհրաժեշտ էր ուժերի հարաբերակցության ճշգրիտ հաշվարկ, մարտավարական ճկունություն, անսպասելի հարվածներ և,  իհարկե, ֆիզիկական ահռելի ուժերի ներդրում: Թվում էր` դիրքային անվիճելի առավելություն ունեցող հակառակորդի պաշտպանական դիրքերի խորտակումը անիրականանալի խնդիր է, բայց Պետոն պատրաստ էր հաղթահարելու նաեւ այդ դժվարությունները, եւ իզուր չէ, որ նա հաղթանակող հրամանատարի անուն էր վաստակել:

«Սարերը չափչփելու ժամանակ,- վերհիշում է երգիչ-ազատամարտիկ Մակիչը,- Պետոն նայեց, նայեց հակառակորդի դիրքերին և ասաց. «Մկո՛, ի՞նչ ենք անելու, այստեղ անելու գործ չկա»:

Պարզվում է, որ ադրբեջանցիները, հիմնական ուշադրությունը բեւեռելով Չիչագլիի բարձունքներին, անընդհատ նորանոր ուժերով համալրում ու ուժեղացնում էին այդ հենակետերը: Տվյալ իրավիճակում դա շատ կարեւոր և նուրբ հարց էր, որի նշանակությունը Պետոն անմիջականորեն նկատում է ու պատշաճ գնահատում: Բազմակողմանիորեն հաշվարկելով ստեղծված կացության նրբությունները՝ նա, ըստ Մակիչի, որոշում է. «Բոլորը սպասում են, որ մենք առաջին հերթին այդ բարձունքները կվերցնենք, որ տիրենք ու նոր առաջանանք: Բայց մենք ուրիշ բան կանենք. կկտրենք դեպի սարը ձգվող ճանապարհը, և նրանք կորցնելով թիկունքի հետ կապող հաղորդակցության ուղին՝ կհայտնվեն շրջափակման մեջ»:

Խնդրի լուծման գաղտնիքը հայտնի էր: Պետոն գումարտակի սպայակազմի պետ Ռոմիկի ուղեկցությամբ մեկնում է Վանք գյուղ, որտեղ Վիտալի Բալասանյանի գլխավորած Ասկերանի գնդի կենտրոնն էր, ռազմական խորհրդում ներկայացնելու հենց այդ տարբերակը:

«Առաջարկեցինք,- նշում է Ռոմիկը,- որ սարը թողնենք մեր թիկունքում, հենակետեր դնենք, որ նրանք չիջնեն սարից ու մեր ճանապարհը փակեն: Առաջարկեցինք այդտեղ պաշտպանություն դնել, որ նրանք չիջնեն, եւ աշխատենք մյուս բարձունքների, մասնավորապես՝ 2071-ի վրա: Եթե գրավեինք այդ բարձունքը, ապա կփակվեր դեպի Չիչագլի սար տանող ճանապարհը, և այնտեղ այլև ոչ մի մեքենա ու տեխնիկա չէր կարող գնալ: Օգնության ճանապարհը փակում էինք, ու եթե կարողանայինք գոնե մի երկու օր պահել, ապա նրանք ստիպված կլինեին սարից իջնել: Ձմեռ էր, ցուրտ, եթե նրանց փոխարինելու, սննդի հարցը չկազմակերպվեր, ապա նրանք բնականաբար չէին կարողանա այնտեղ մնալ»:

Փաստարկը միանգամայն տրամաբանական էր ու հիմնավորված, և ռազմական խորհուրդը, հուրախություն Պետոյի և Ռոմիկի, ընդունում է հենց այդ առաջարկությունը:

Խորհրդակցելով իր  գումարտակի ջոկատների հրամանատարների հետ՝ Պետոն վճռում է գործողությունն իրականացնել հետևյալ ուղղվածությամբ. ամենից առաջ անհրաժեշտ էր օգտագործել  2071 բարձունքի դիմացի հենակետում տեղաբաշխված Մամիկոնի  (թբիլիսցի Կալոյան Մամիկոն) ջոկատի տղաներին: Նա, մինչ այդ, իր գլխավորած մարտիկներով մի քանի անգամ այդ հենակետում լավ ջարդ էր տվել թշնամուն, ու այդ պատճառով զինվորներն այդ բարձունքը կոչել էին նրա անունով՝ «Մամիկոնի բարձունք»:

Մամիկոնը հետախուզել ու ուսումնասիրել էր տեղանքը: Նրան հանձնարարվում է իր հենակետից առաջանալ ու աջ կողմից հարձակվելով հակառակորդի դիրքերի վրա՝ գրավել դրանք և շարժվել դեպի բարձունքի կենտրոնը:

Հարկ է նշել, որ Մամիկոնի գլխավորած ջոկատի տղաներն առանց բացառության ընտրագույն ռազմիկներ էին՝ մարտական հարուստ կենսագրությամբ, ֆիզիկապես հրաշալի կոփված, իրենց ուժերին ու կարողություններին վստահ, հոգով ուժեղ, վճռական եւ, ինչպես ընդունված է ասել, կես խոսքից իրար հասկացող:

Պետոն քաջատեղյակ էր ջոկատում ընդգրկված տղաների մարտական կարողություններին և ավելի քան համոզված, որ նրանք այս անգամ էլ լավագույնս կկատարեն առաջադրանքը:

Մամիկոնի ջոկատի շարժմանը զուգընթաց՝ Պետոն գրոհի համար նախատեսված երկրորդ խումբը պիտի առաջնորդեր ներքևում գտնվող երկու մեծ բլուրների միջև ձգվող ձորերով ու աննկատ առաջանալով՝ մոտենար 2071 բարձունքին:

Տեղանքի ու հակառակորդի դիրքերի մանրակրկիտ ուսումնասիրության շնորհիվ Պետոն որոշում է, որ առավել արդյունավետ գործելու համար պետք է համեմատաբար փոքրաքանակ ուժերով ծավալել հարձակումը: Նման որոշումը շատ կարեւոր էր ու խորապես կշռադատված: Քանի որ հակառակորդի դիրքերից, մասամբ նաև անտառաշերտերի ընդհատվելու պատճառով, տեսադաշտը բաց էր, եւ ամեն մի շարժում շատ լավ տեսանելի, ուստի մեծաքանակ ուժերով գրոհը կարող էր ավելորդ և անհարկի  խառնաշփոթ ու բարդություններ առաջացնել, և որ ամենաանցանկալին է՝ զոհերն ավելի շատ կարող էին լինել: Իսկ նվազագույն կորուստներով որևէ գործողություն իրականացնելը նրա համար առաջնահերթ նշանակություն ուներ:

Նրա մտահղացմամբ՝ մարտական ուժերի փոքրաթիվ լինելը պիտի փոխհատուցվեր ի հաշիվ արագ տեղաշարժերի, անսպասելի հարվածների և հակառակորդի ապակողմնորոշվածությամբ ու նրանց շարքերում առաջացած խուճապի:

Մարտական գործողություններին մասնակցելու համար նա ընտրում ու կազմում է երկու ջոկատ: Առաջին ջոկատում Մամիկոնի մարտիկներն էին, իսկ երկրորդում՝ հրազդանցի Սմբատի գլխավորած վաշտի 25 – 30 զինվորները:

Գումարտակի հիմնական ուժերը թողնելով ռեզերվում՝ Պետոն այդ փոքրաքանակ ուժերով, արցախյան զորամասերի համագործակցությամբ, ձեռնարկում է մի այնպիսի մարտական գործողություն, որի արդյունավետ իրագործման դեպքում Արցախի բանակի վերահսկողության ներքո պիտի դարձյալ հայտնվեին մինչեւ Օմարի լեռնանցքն ընկած տարածքները:

Փետրվարի 11-ին, ըստ մշակված ծրագրի, սկսվում է արցախյան մարտական ուժերի ընդհանուր հարձակումը: Առաջին հաջողությունները, հարձակումից մի փոքր անց, նկատվում են աջ թեւում, ուր գործում էին Մարտակերտի ու Ստեփանակերտի ջոկատները: Գրոհող զորախմբերին կրակով աջակցելու համար Պետոն հրամայում է բարձունքներից մեկի վրա տեղադրել գնդացիրները, այդ թվում նաև հաստոցավոր «ԴՇԿ» եւ «ԱԳՍ», եւ տեղացող հարվածներով հակառակորդին գամել իրենց խրամատներում:

ՊԵՏՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸՍրընթաց գրոհով խորտակելով հակառակորդի դիմադրությունն ու սարի աջ կողմից բարձրանալով և մեկը մյուսի հետեւից մաքրելով ադրբեջանցիների հենակետերը՝  2071 բարձունքի կենտրոնին է մոտենում Մամիկոնի ջոկատը: Պետոն անձամբ առաջնորդելով մյուս զորախումբը՝ ճակատային գրոհով հաղթահարում է խոչընդոտող արգելքները, դեռ մութը չընկած՝ բարձրանում է սարի կենտրոն ու միանալով Մամիկոնի տղաներին՝ դիրքավորվում գրավված հենակետերում: Առաջին օրվա մարտերի արդյունքները գերազանց էին: Երկու ուղղությամբ՝ աջից ու կենտրոնից ձեռնարկած հարձակումներով գումարտակի գրոհային ջոկատներն առանց զոհերի ու անգամ առանց վիրավորների, գրավում են  2071 բարձունքը և մաքրելով այդ տարածքը թշնամու ուժերից, պատրաստվում հաջորդ օրն ևեթ անհապաղ զարգացնելու առաջխաղացումը:

«Մենք,- նշում են գրոհի մասնակիցները,- կարող էինք բարձունքը գրավել նույնիսկ ցերեկը, բայց այդ դեպքում, քանի որ հակառակորդի դիրքերից մեր տեղաշարժերը պարզորոշ երևում էին,  ապա նրանք կարող էին  դիպուկ հարվածներ տեղալ մեզ վրա եւ զգալի կորուստներ պատճառել:  Ահա այդ կարեւոր հանգամանքը հաշվի առնելով՝ Պետոն որոշեց զուտ մեր անվտանգությունն ապահովելու և զոհեր տալուց խուսափելու նպատակով բարձունքը գրոհել երեկոյան: Այդպես էլ եղավ, մենք ցերեկով մոտեցանք բարձունքին, և երբ մութն ընկավ, ու փակվեց թշնամու տեսադաշտը՝ լուսարձակ գնդակների արձակած հրացոլքերի ուղեկցությամբ գրոհեցինք բարձունքը և գրավեցինք այն»:

Առանց մեծ ջանքերի Պետոն կարողանում է շնորհիվ ճիշտ մարտավարության ու արագ տեղաշարժերի՝ ապակողմնորոշել հակառակորդին և նրան թելադրել իր կամքը: Չիչագլի սարի հենակետերում դիրքավորված հակառակորդի հիմնական խմբավորումը, կտրվելով հաղորդակցության ուղիներից, հայտնվում է շրջափակման մեջ:

Հարձակման առաջին օրվա արդյունքները գերազանց էին:

Աջ թեւում Մարտակերտի Արշոյի գումարտակը գրավում է Բաղրլուի բարձունքները: Իրենց առաջադրանքները շատ լավ են կատարում նաեւ Ստեփանակերտի գնդի և Իլյիչի գլխավորած գումարտակի զինվորները: Հենց առաջին օրվա ձեռք բերած փայլուն հաղթանակներով արմատական բեկումը ռազմաճակատի հիշյալ հատվածում արդեն կայացած էր: Անհրաժեշտ էր այն արագորեն զարգացնել ու ամրապնդել:

Ըստ համաձայնության՝ Պետոն թիկունքն ապահովելու համար սարի վրա թողնում է մի փոքրիկ խումբ ու հիմնական ուժերով իջնելով բարձունքներից՝ հարձակվում է Բաղրսաղ, ապա Յանշաղ գյուղերի ուղղությամբ, ուր պետք է միանար Արշոյի առաջնորդած գումարտակին:

Հարկ է նշել, որ Չիչագլի սարի հենակետերը հայտնվելով թիկունքում՝ մեկուսացվել էին ու արդեն ոչ մի վտանգ չէին ներկայացնում: Դեպի Բաղրսաղ գյուղը ձգվող ճանապարհներն ու բլուրները ադրբեջանցիները բավականին լավ ամրացրել էին: Սարից մինչեւ գյուղն ընկած տարածությունը հաղթահարելու համար գումարտակը պետք է կոտրեր այդ տարածքում տեղաբաշխված ադրբեջանական առանձին հենակետերի դիմադրությունը: Պետոն դարձյալ կազմակերպում է հակառակորդի դիրքերի հետախուզումը ու նոր միայն ջոկատներն առաջնորդում գրոհի: Պարզվում է՝ հակառակորդի զինվորները մի քանի դիրքեր արդեն թողել էին, խուճապն ընդգրկել էր ամբողջ ռազմաճակատը: Շուտով Չիչագլիի լեռնագագաթներին կործանման դատապարտված ադրբեջանցիները, հայտնվելով անելանելի վիճակում, ճարահատյալ փոքր խմբերով լքում են դիրքերը: Լեռնալանջերից դեպի գյուղն ընկած ճանապարհների վրա թշնամուն «դիմագրավելու» նպատակով Պետոն փոքր խմբերի մասնակցությամբ կազմակերպում է ծուղակ:

Թշնամու դիմադրությունը գնալով նվազում էր: Նույնիսկ այն տարածքներում, ուր դեռեւս գործում էին հակառակորդի հենակետերը, ադրբեջանցիները արցախյան ուժերի առաջին իսկ հարվածներից սարսափահար լքում էին դիրքերը: Պետոն մեկը մյուսի հետեւից հաղթահարելով ադրբեջանցիների պաշտպանական դիրքերի դիմադրությունը՝ արագորեն մոտենում էր Բաղրսաղ գյուղին: Թշնամու զինվորները, գյուղում թողնելով զգալի քանակությամբ մարտական տեխնիկա,  հասցրին փախչել:

Գումարտակի գրաված  2071 բարձունքից ներքև, դեպի հյուսիս-արեւմուտք, Բաղրսաղ գյուղն է: Այդ գյուղի միջով եւ  2071 բարձունքի հարևանությամբ անցնում էր գումարտակի ուժերի կողմից չվերահսկվող միակ ճանապարհ-միջանցքը: Սարից ու բարձունքներից դեպի մյուս կողմերը ձգվող հնարավոր գրեթե բոլոր ուղղություններում տեղաբաշխված աննկատելի «ծուղակ հենակետերում» ամուր «նստել էին» բուժականցի Մուրադի գլխավորած դասակի և գումարտակի պահեստային զորաջոկատների մարտիկները: Համաձայն գործողության մարտավարության` շրջափակման մեջ հայտնված ադրբեջանցիները սարալանջերում եւ բարձունքներում գտնվող հենակետերը լքելու դեպքում անպայմանորեն պետք է անցնեին Բաղրսաղ գյուղի միջանցքով, իսկ հակառակ պարագայում կա՛մ բաժին կդառնային «ծուղակ հենակետերում» դիրքավորված մարտիկներին, կա՛մ էլ, եթե ծայրահեղ դեպքում փորձեին մնալ հենակետերում, ապա անխուսափելիորեն բաժին կդառնային ցրտին, սառնամանիքին ու սովին:

Պետոն գումարտակն  առաջնորդում է գյուղ եւ առանց որեւէ լուրջ դիմադրության հանդիպելու՝ գրավում այն: Գյուղը լքելիս ադրբեջանցիները այնտեղ թողնում են զգալի քանակությամբ զինամթերք և տեղի բնակիչներից մի քանիսին: Գերեվարած հակառակորդին ու ռազմավարը Արցախի բանակի տնօրինությանը հանձնելուց և մի փոքր հետախուզություն իրականացնելուց ու տեղանքը փոքր-ինչ ուսումնասիրելուց հետո Պետոն գումարտակով շարունակում է առաջխաղացումը:

Ադրբեջանցիների կողմից դիմադրություն փորձ գրեթե չի նկատվում: Հայ զինվորների հուժկու հարվածներից բարոյալքված ու մարտունակությունը կորցրած ադրբեջանցիները, մեկը մյուսի հետեւից իրենց դիրքերը հանձնելով արցախյան զորախմբերին,  խուճապահար փախչում են:

Թշնամին, ղարաբաղյան ուժերի հարվածներից մազապուրծ լքում է զբաղեցրած դիրքերը՝ Արցախի բանակի մարտիկներին թողնելով Օմարի ամրակուռ բարձունքները:

Պետոն այս անգամ ևս, իր գլխավորած գումարտակով հրաշալիորեն է կատարում մարտական հույժ կարևոր առաջադրանքը: Գործելով ռազմաճակատի գլխավոր ուղղություններից մեկում՝ նրա գլխավորած զինվորները արցախյան զորամասերի համագործակցությամբ ջախջախում են Արցախը աքցանի մեջ վերցնելուն նպատակաուղղված Ադրբեջանի բանակի զորախմբերին ու նրանցից մաքրելով մինչեւ Օմարի լեռնանցք ընկած տարածքը՝ հուսալիորեն ամրապնդում Արցախի Հանրապետության  հյուսիսային սահմանը:

Այս գործողություններից հետո ճակատի առաջավոր դիրքերը թիկունքից արդեն զգալիորեն հեռացել էին: Լեռնալանջերին դիրքավորված մարտիկներին անհրաժեշտ էր ժամանակին ապահովել սննդով ու տաք հագուստով: Իր զինվորների պահանջներն ու կարիքները ժամանակին բավարարելու եւ հոգալու խնդիրները Պետոյի համար ամենաառաջնահերթն էին. մինչեւ խորապես չհամոզվեր, որ դիրքերում զինվորներն ապահովված են բոլոր անհրաժեշտ միջոցներով, չէր կարող իրեն հանգիստ զգալ:

Թիկունքն առաջավոր դիրքերին կապող ասֆալտապատ  միակ ճանապարհը, որն անցնում էր Յանշաղ ու Ղամիշլի գյուղերով, ձյան պատճառով տեղ-տեղ դեռեւս խցանված էր: Անհրաժեշտ էր բացել այդ ճանապարհը և ժամանակին լուծել դիրքերում գտնվող զինվորների մատակարարման խնդիրները: Պետոն փետրվարի 14-ին այդ նպատակով Յանշաղից իջնում է Ղամիշլի, ապա շարժվում դեպի Գյանջա-Քարվաճառ ճանապարհահատվածի  խաչմերուկի ուղղությամբ: Գյանջա տանող ճանապարհին, խաչմերուկից 6-7 կմ հեռավորության վրա, հանդիպում է շտապ օգնության մեքենայի ու նրա շուրջը խմբված զինվորների պատմածներից տեղականում, որ նրանց հանձնարարված է մարտադաշտից դուրս բերել Արցախի բանակի այդտեղ մնացած վիրավոր զինվորներից մեկին: Բայց քանի որ ճանապարհը հակառակորդը ականապատել էր, ապա շտապ օգնության մեքենայի սպասարկող անձնակազմը, երկյուղելով ողբերգական հետևանքներից, չէր համարձակվում առաջ շարժվել, իսկ մարտադաշտում նրանց օգնությանն էր սպասում վիրավոր զինվորը:

Հայրենյաց նվիրյալ զինվորը, չնայած սպառնացող ստույգ վտանգին, չէր կարող անտարբեր լինել զինակիցներից օգնություն հայցող, մարտադաշտում միայնակ մնացած մարտիկի նկատմամբ: Նա վարորդի փոխարեն անվարան նստում է շտապ օգնության մեքենայի ղեկին ու միայնակ շտապում վայրկյան առաջ մարտադաշտից դուրս բերել վիրավոր մարտիկին: Մի քանի ակնթարթ անց լսվում է պայթյունը, և ականի բեկորներից խոցված Պետոն կնքում է իր մահկանացուն, իսկ հաշված րոպեներ անց այդ նույն ճանապարհով մեքենաներով, արդեն անարգել, անցնում էին Արցախյան բանակի զինվորները…

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

♦♦♦

 

ՔԱՋԵՐԻՆ

 

Մռավ սարերից սավառնեց քամին,

Դրոշակը մեր հպարտ ծըփծըփաց.

Տեսե՛ք, դաշտերից կուգա թշնամին,-

Սրբազան կռվի կոչը որոտաց:

Է՜յ, հա՛յ ախպրտիք, եղջյուր հնչեցե՛ք,

Իջե՛ք ժայռերից, անհաղթ արծիվներ.

Սարերից պոռթկած հուր ու ջրի պես

Թափվեցե՛ք ստոր դուշմանի գլխով.-

Նա՛ – մեր դրացին, եւ նամարդ, եւ չա՛ր,

Գիշերը գողտուկ ելավ մեզ վրա.

Ու մեր թիկունքից` ծածո՛ւկ, գաղտնաբա՛ր

Սողաց օձի պես, ելավ մեզ վրա.

Ջարդեցե՛ք, ջնջխե՛ք էդ նամարդ օձին:

…Վա՛ռ, կարմի՛ր հագիր, դո՛ւ հայ-ժողովուրդ,

Եվ սուրդ շարժե՛, քեզ ճանապարհ բաց.

Այս աշխարհի մեջ սուրն է միշտ կտրող-

Կտրի՛ր ու տիրի՛ր – անհա՛ղթ, հզո՛ր կաց:

Եվ ոտքդ ամո՛ւր դու խփի՛ր երկրին,

Հողիդ ու տանդ տերը դուն եղի՛ր,

Է՜յ, դո՛ւ արեւի ճամփորդ վաղեմի,

Սրով, գոտեպինդ եւ առաջ քայլի՛ր.

Անհողդողդ գնա՛ դեպի լույսն – արեւ,

Եվ ազգերն ամեն, հարգանքի նշան,

Հետ-հետ գնալով եւ տալով բարեւ

Ազա՛տ, անարգե՛լ քեզ ճամփա կտան…

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Ալեքսանդրապոլ, 1906, հունվարի 8

 

Խորագիր՝ Նորություններ, Պատմության էջերից


31/01/2022