Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ



ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄՊԲ պաշտպանության գոտու ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը, ճիշտ գնահատելով իրավիճակն ու գրոհի ուղղությունը, անվրեպ կրակով խոցել է հակառակորդի յոթ տանկ` ստիպելով վերջիններիս խուճապահար նահանջել:

 

♦♦♦

 

ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սահակ Վրեժի Մխիթարյանը խոցել է երկու տանկ, իսկ նույն ջոկի կրտսեր սերժանտ Աշոտ Եսայու Եսայանը խոցել է երկու տանկ և երկու անվավոր տեխնիկա: Զինծառայողների դիպուկ կրակոցները խուճապի են մատնել հակառակորդին և ստիպել հրաժարվել առաջխաղացումից:

 

♦♦♦

 

ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ մայոր Հայասեր Կամոյի Դալլաքյանը խոցել է տանկային շարասյան առջևից գրոհող երկու տանկ և հանկարծակի բերելով հակառակորդին, խոչընդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացումը:

 

♦♦♦

 

Ռազմի դաշտում իրենց վարպետությամբ ու հաղթանակի հասնելու վճռականությամբ աչքի են ընկնում նաև մեր հակատանկային ստորաբաժանումները:

Այսպես, N զորամասի հակատանկային մարտկոցը հակառակորդի լայնածավալ հարձակման, թեժ մարտերի ու հրետակոծության պայմաններում, հմտորեն կազմակերպելով անվտանգ տեղաշարժերն ու դիրքավորումը, ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ զրահատեխնիկա և կենդանի ուժ` հնարավորություն տալով մեր ստորաբաժանումներին կատարել մարտական խնդիրները: Մասնավորապես՝

-հակատանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սարգիս Գրիգորյանը ոչնչացրել է հակառակորդի 1 հրամանատարական կետ և խոցել է 1 տանկ,

-հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, կրտսեր սերժանտ Արմեն Սիմոնյանը խոցել է 1 ուղղաթիռ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով,

-հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, ավագ սերժանտ Սիմոն Թորոյանը խոցել է 2 տանկ, 1 ՀՄՄ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով,

-հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, ավագ սերժանտ Գարեգին Թորոսյանը խոցել է 6 տանկ, 1 ՏՕՍ-1 հրանետ, 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով, 4 ապաստարան,

-հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, շարքային Լևոն Մելքոնյանը խոցել է 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով, ոչնչացրել է 2 վրան՝ յուրաքանչյուրում մոտ 25 զինծառայող,

-հակատանկային մարտկոցի մեքենայի հրամանատար-օպերատոր, ավագ սերժանտ Միսակ Պետրոսյանը խոցել է հակառակորդի 1 տանկ:

 

♦♦♦

 

Ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանը մասնակցել է մարտական դիրքերից մեկը ետ վերցնելու գործողությանն ու հայտնաբերելով շրջափակման մեջ ընկած 7 զինծառայողների, նրանց հանել է շրջափակումից: Միհրան Ավդալյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:

 

♦♦♦

 

Փոխգնդապետ Արման Կոստանյանը, չնայած ծանր մարտական իրադրությանը, չի նահանջել, կազմակերպել է ստորաբաժանման գրագետ պաշտպանությունը, ետ մղել հակառակորդի բազմաթիվ գրոհներն ու պատճառելով վերջինիս մեծաթիվ կորուստներ, ապահովել գումարտակի պաշտպանության կայունությունը: Արման Կոստանյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

 

♦♦♦

 

ԱՀ պաշտպանության բանակը հայտնում է. «82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը ներկայացվել են ԱՀ «Արիության համար» մեդալների»։

Խորագիր՝ #41 (1361) 14.10.2020 - 20.10.2020, Ազգային բանակ


16/10/2020