Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ



ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ ՄԵՆՔ ԵՆՔԱզգային բանակի զինվորներ Նարեկ Գալստյանը, Երեմ Աղաջանյանն ու Դավիթ Լուլուկյանը հակառակորդին առաջնագծում հակահարված տված զինվորներից են:

 

Բարև, զինվորներ, ինչպե՞ս եք…

Երեմ Աղաջանյան.- Ողջույններ մարտադաշտից: Շատ լավ ենք, բարձր տրամադրություն ունենք: Դրության տերը մենք ենք ու մենք ենք լինելու: Որքան էլ մարտերը թեժ լինեն, մենք վախեցողը չենք, այլ վախեցնում ենք: Խուճապ չի եղել ու չկա: ՄԵզ համար մի անհանգստացեք:

Դավիթ Լուլուկյան.- Մարտական ենք տրամադրված: Սպաները մեր կողքին էին զորամասում, երբ սովորում էինք մեր զինվորական մասնագիտությունը, սպաները մեր կողքին են նաև մարտադաշտում: Մենք միասին անպարտ ու ուժեղ ենք: Արդեն ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ: Եվ պատրաստ ենք յուրաքանչյուր շարունակության:

Դուք որտեղացի՞ եք, Դավիթ ջան:

Դավիթ Լուլուկյան.- Ես էջմիածինցի եմ, եղբորս հետ եմ ծառայում: Երբ սահմանին ես, երբ հայրենիքիդ վտանգ է սպառնում, ծննդավայրդ ավելի շատ ես կարոտում ու զգում ես, թե որքան թանկ է հայրենիքիդ ամեն թիզ հողը:

Նարեկ Գալստյան.- Ես Վայքից եմ: Սովոր եմ կրակոցների: Կրակոցները՝ հեչ, կարևորը վիրավոր տղաներն են: Բարձր տրամադրություն ունենք. տղերքի վիճակը լավ է: Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, նրանց լավ դաս տվեցինք:

Դժվա՞ր էր:

Նարեկ Գալստյան.- Անկեղծորեն պիտի ասեմ՝ ադրբեջանցիները թույլ հակառակորդ են: Նրանց բոլոր գործողությունները տապալվում են: Հնարավոր է՝ խուճապային վիճակից. մենք շատ խիստ ենք պատժել թշնամուն: Հիմա բազմապատկված եռանդով ու թափով ամուր կանգնած ենք հայրենիքի սահմաններին: Դուք հանգիստ եղեք:

Որևէ բան ունե՞ք ասելու ձեր հարազատներին, ժողովրդին:

Երեմ Աղաջանյան.- Ոչ մի սարսափելի բան չի եղել, մենք էլ, դուք էլ գիտենք, որ պատերազմող երկիր ենք, ու Ադրբեջանը ամեն պահի կարող է կրկնել ապրիլյան սադրանքը: Ամեն ինչ լավ է, շարունակեք ապրել ձեր սովորական կյանքով:

Դավիթ Լուլուկյան.- Շուտով կզորացրվեմ, կգամ ու ամեն բան կասեմ երես առ երես, հոգումս ինչ կա: Բոլորիդ կարոտել եմ՝ հարազատներիս, ընկերներիս, իմ Էջմիածինը: Լավ եղեք, մենք սահմանին ենք, որ դուք հանգիստ քնեք: Ադրբեջանցիների աչքը լավ վախեցրել ենք:

Նարեկ Գալստյան.- Հայրենքից քացր բան չկա, Երևանի ամեն անկյան կարոտել եմ: Մեզ համար մի անհանգստացեք, մենք լավ ենք, ուժեղ ենք, սահմանն էլ պաշտպանված է: Դուք ձեզ լավ նայեք, էդ վիրուս է, ինչ է, հեռու մնացեք դրանից: Առողջ եղեք:

Բարի ծառայություն, հաղթած, քաջ զինվորներին:

-Ուռա՜՜…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #29 (1349) 22.07.2020 - 28.07.2020, Ազգային բանակ


23/07/2020