Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԶԻՆՈՒԺ ՄԵԴԻԱՆ» ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է



«ԶԻՆՈՒԺ ՄԵԴԻԱՆ» ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է«ԶԻՆՈՒԺ ՄԵԴԻԱ» նոր անվանումով ու միավորված՝  ՊՆ «Հայ զինվոր» հանդեսը, «Զինուժ» հեռուստածրագիրը և «Ասպար» ռադիոհաղորդումը շարունակելով ու ավելի հարստացնելով իրենց ավելի քան 25-ամյա ավանդույթները, արդեն մեկ տարի հայ հասարակությանն են ներկայացնում բանակի անցուդարձը, պատմում են առաջնագիծը պաշտպանող զինվորի ու սպայի առօրյայի, հոգսերի ու ձեռքբերումների, դժվարությունների ու հաղթանակների  մասին, խոսում  պաշտպանական համակարգի խնդիրներից, արծարծում համազգային նշանակության հարցեր: Մենք ընթերցողին, հեռուստադիտողին և ունկնդրին ենք ներկայանում նոր ձևով ու նոր բովանդակությամբ: Այն հայեցակարգային փոփոխությունը, որ դրսևորվում է հեռուստահաղորդումների ու հոդվածների բովանդակային բազմազանության ու շեշտադրումների մեջ, հնարավորություն է տալիս բանակի տեղեկատվությունը դուրս բերել «բանակի մասին ու բանակի համար»  շրջանակից  և դարձնել հայ հասարակության բոլոր խավերի սեփականությունը: Մենք մեկ տարվա ընթացքում հասցրել ենք «Հայ զինվոր» թերթը վերափոխել նույնանուն գունավոր հանդեսի, «Զինուժ» հեռուստածրագիրը հեռարձակել նոր ձևաչափով,  անհամեմատ ժամանակակից հեռուստատաղավարներից, «Զինուժ մեդիան» համալրել երիտասարդ կադրերով, որպեսզի փորձառությանն ու արհեստավարժությանը հավելենք նոր մտածողություն ու նախաձեռնություններ…

«ԶԻՆՈՒԺ ՄԵԴԻԱՆ» ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ԷՍակայն մեր ծրագրերը շատ ավելի հավակնոտ են: Մենք ունենք բոլոր նախադրյալներն ու անհրաժեշտ ներուժը, որ դառնանք մեդիա դաշտի պահանջված ու մրցունակ լրատվություն: Ու այսուհետև «Զինուժ» հեռուստածրագրի, «Հայ զինվոր» հանդեսի և «Ասպար» ռադիոհաղորդման` մեկը մյուսից հետաքրքիր ու բազմազան էջերը ձեզ ներկայացնելու են դեպի առաջնագիծ ձգվող զինվորի ճանապարհը՝  նախազորակոչային տարիքից մինչև զենքով հակառակորդի ճանապարհը փակելու սխրանքը, սպայի փառավոր ուղին՝ կուրսանտական համազգեստից մինչև ամենաբարձր զինվորական կոչումներ, բանակի ստորաբաժանումների առօրյան՝ ռեպորտաժներից մինչև վերլուծական նյութեր: Մենք մեր հեռուստադիտողին ու ընթերցողին ենք հասցնելու հայ հասարակության տարբեր խավերի մտորումները բանակի, հայրենիքի ու երկրի սահմանների պաշտպանության մասին՝ բանվորի ու մտավորականի, շինականի ու մարզիկի, վարորդի ու նախարարի… Մենք դառնալու ենք ազնիվ ու շահեկան երկխոսության հարթակ ամբողջ հասարակության համար՝ լիահույս, որ մեր միահյուսված ջանքից է ծնվելու կարևորագույն խնդիրների լուծման բանալին: Եվ այս ամենը՝ առավելագույն արհեստավարժությամբ, հետաքրքիր, վառ, գունեղ, մատչելի ու տպավորիչ:

Բարի ընթացք, «ԶԻՆՈՒԺ ՄԵԴԻԱ», ու բոլոր նպատակներիդ իրականացում:

Խորագիր՝ #5 (1276) 13.02.2019 - 19.02.2019, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն


14/02/2019