Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ԱՆՀԻՄՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՈՂ ԵՒՍ ՄԵԿ ՀԱԿԱՀԱՅ ԳՐՈՂ



 

ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ԱՆՀԻՄՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՈՂ ԵՒՍ ՄԵԿ ՀԱԿԱՀԱՅ ԳՐՈՂԳրեթե ամեն շաբաթ պատվիրված հոդված է լույս տեսնում հօգուտ Ադրբեջանի և ի վնաս Հայաստանի հայերի հեղինակության:

Վերջին նման հոդվածը Փիթեր Թեյզինն է. 2018թ. հունիսի 11-ին Eurasia Review կայքը տեղադրել է նրա` «Ռուսաստանի օտարերկրյա գործակալները Ամերիկայում. Թրամփի կապերը հայ լոբբիստների հետ» վերնագրով հոդվածը:

Այս խիստ կողմնակալ, չափազանցություններով և չհիմնավորված մեղադրանքներով լի հոդվածը Հայաստանն ու որոշ հայերի կապում է Ռուսաստանի, և որ առավել զարմանալի է՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ…

Նախ՝ Թեյզը խեղաթյուրում է իրանահայ Գևորգ Վարդանյանի գովասանքի արժանի գործողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ նրան անվանելով «խորհրդահայ ամենաարդյունավետ լրտեսներից մեկը»: Իրականում, Վարդանյանը վիթխարի ծառայություն է մատուցել ամբողջ աշխարհին` խափանելով Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի սպանության հիտլերյան ծրագրերը՝ 1943թ. Թեհրանի կոնֆերանսում նրանց հանդիպման ժամանակ: Թեյզը նվազեցնում է իր վարկանիշը, նշելով որ ԿՀՎ (CIA)ի տնօրեն Ստանսֆիլդ Թըրնըրը և գործակալության բարձրաստիճան պաշտոնյաները վստահել են Վարդանյանին: Ինչո՞ւ պիտի նրանք վստահեին Վարդանյանին, եթե նա վատ մարդ լիներ…

Այնուհետև, Թեյզը քննադատում է ռուսաստանյան երկու լրագրողների՝ Մարգարիտա Սիմոնյանին և Գայանե Չիչակյանին, որոնք աշխատում են «Ռուսաստանն այսօր» հեռուստաընկերությունում: Նրանց միակ մեղքը այն է, որ նրանք «բարետես» կանայք են, և առանց որևէ ապացույցի Թեյզը նրանց մեղադրում է՝ «շատ այլ ազդեցիկ «ռուս» գործակալների պես էթնիկ հայ լինելու համար»:

Հերթը Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Արթուր Չիլինգարովինն է. Թեյզը փնովում է նրան հայ լինելու համար: Չիլինգարովի մեղքն այն է, որ Մոսկվայի բանկետներից մեկում նա նստած է եղել նախագահ Վլադիմիր Պուտինի կողքի սեղանին: Չիլինգարովը մեծարվել է Խորհրդային Միությունում որպես բևեռախույզ իր սխրանքների և ոչ թե հայ լինելու համար:

Թեյզի հոդվածի ամենաանհաջող հատվածներից է կեղծ  պնդումը ամերիկահայ լրագրող Էմիլ Սանամյանի՝ «օտարերկրյա գործակալ» լինելը։ Սանամյանն ինձ ասաց, որ ինքը ոչ այժմ, ոչ անցյալում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտում չի գրանցվել որպես «օտարերկրյա գործակալ»։ Հուսով եմ, որ Սանամյանը դատի կտա Փիթեր Թեյզին և նրա կայքը՝ իր հեղինակությանը վնաս հասցնելու համար։ Հայկական ամեն ինչի նկատմամբ Թեյզի կույր ատելության աստիճանը ցույց տալով, նա մեղադրում է Սանամյանին «Ամերիկացիները Արցախի համար» կազմակերպության հետ համագործակցելու մեջ, մի կազմակերպություն, որն «ստեղծվել է օրինականացնելու պատերազմական հանցագործությունները և ռուսական զորքերի աջակցությամբ հայերի կողմից ապօրինի տարածքների զավթումը, որն իրականացվել է անողոքաբար: Իբրև թե Ուկրաինայից և Վրաստանից շատ առաջ Ռուսաստանի իշխանությունը օգտագործել է հայ զինվորներին ինքնիշխան Ադրբեջանի տարածքը գրավելու, ձերբակալություններ իրականացնելու և Ադրբեջանի արևմտամետ ուղղությունը խափանելու համար։ Սա բացարձակ սուտ է. ռուսական իշխանությունները չեն օգտագործել հայ զինվորիներին։ Հայերն իրենք են իրենց ազատագրել Ադրբեջանի ճնշող ռեժիմից, որը տասնամյակներ շարունակ զանգվածային ոճիրներ էր գործում Արցախի հայերի դեմ… Իրականում, ռուս զինվորներն աջակցել են Ադրբեջանին և սպանել Արցախի բազմաթիվ անմեղ բնակիչների։ Ավելին, «Ամերիկացիները Արցախի համարը» եղել է շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը ֆինանսավորվել է ամերիկահայերի կողմից։ Սանամյանն ինձ ասաց, որ այնտեղ աշխատել է որպես չվարձատրվող աշխատող։ Բացի այդ, Թեյզը կեղծ պաշտոն է հորինել, պնդելով, որ. «Սանամյանը որպես ԼՂՀ հասարակայնության հետ կապերի գրասենյակի տնօրեն` պատասխանատու էր տեղեկատվական պատերազմների և քարոզչության համար»։

Թեյզի հոդվածում կան նաև մի շարք այլ անճշտություններ, որոնք ցույց են տալիս նրա գիտելիքների բացակայությունը հայկական հարցերի վերաբերյալ: Օրինակ՝ Թեյզը գրում է, որ Հայաստանն անկախացել է «Խորհրդային Ռուսաստանից»՝ Խորհրդային Միության փոխարեն։ Երկրորդ անհեթեթությունը Թեյզի մեկնաբանությունն է Սերժ Սարգսյանի լուսանկարի վերաբերյալ, որտեղ նա պատկերված է Թրամփի և նրա տիկնոջ հետ Նյու Յորքում, ՄԱԿ-ի շենքում։ Թեյզն այդ լուսանկարը վերագրում է ամերիկահայ համայնքի լոբբիստական ջանքերին։ Լոբբինգի անհրաժեշտություն, սակայն, ամենևին էլ չկար։ Եթե Թեյզը մի փոքր հետազոտություն անցկացներ, ապա կհայտնաբերեր մեկ այլ լուսանկար, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր նախագահ Թրամփի և նրա տիկնոջ հետ ՄԱԿ-ում, ինչպես նաև կային բազմաթիվ այլ պետությունների ղեկավարների հետ լուսանկարներ։ Մեկ այլ դիտավորյալ խեղաթյուրում Թեյզի կողմից. թե՝ Սանամյանի կինը՝ Լոնդոնի քաղաքային համալսարանի Cass Business School-ի շրջանավարտը, 2012 թ. եղել է համալսարանի խոշոր «դոնորներից և հովանավորներից» մեկը։ Թեյզը չի նշում, որ Սանամյանի կինը 1000 դոլարից էլ ցածր կատեգորիայում է նշված, որը նրան չի դարձնում խոշոր դոնոր:

Թեյզի հաջորդ հարձակումը հայերի վրա նրանց ենթադրյալ կապն է նախագահ Թրամփի հետ։ Ահա այստեղ է, որ Թեյզը թույլ է տալիս իր ամենաանհեթեթ մեղադրանքը։ Իրականում, դժվար թե լինի մի հայ, որին նախագահ Թրամփը ճանաչում է, ուստի Թեյզը հնարում է երևակայական կապեր։ Թեյզը նույնիսկ համարձակվում է խեղաթյուրել 2016 թ. իմ հոդվածը՝ «Հայերը պետք է կապ հաստատեն Թրամփի հետ՝ Կոնգրեսում իրենց հանրապետական կողմնակիցների միջոցով» վերնագրով։ Եթե Թեյզը ազնիվ լրագրող լիներ, նա մեջբերում կաներ իմ հոդվածից, որում ասվում է. «Նորընտիր նախագահի հետ հայ-ամերիկյան կապեր գործնականում գոյություն չունեն»։

Թեյզը նաև խեղաթյուրում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարությունը, որն առաջարկում է աշխատել նորընտիր նախագահի հետ: Այդ նախադասության մեջ չկա որևէ նշում ամերիկահայերի և Թրամփի միջև առկա կապերի մասին։ Այլ բան չունենալով՝ Թեյզը առաջ է քաշում Էնդի Սուրաբյանի բոլորովին անհայտ անունը, որպես «մեկ այլ հայ քաղաքական գործիչ Թրամփի Սպիտակ տան խորքում»։ Սուրաբյանը նկարագրվում է որպես «Սթիվ Բենոնի քաղաքական խորհրդական Թրամփի վարչակարգում և քարոզչության վետերան»։ Ի դժբախտություն Թեյզի՝ ո՛չ Բենոնը, ո՛չ Սուրաբյանն այլևս չեն աշխատում Սպիտակ տանը։

Թեյզն այնուհետև նշում է Քեյթ Նահիգյանի անունը՝ որպես «ամենայն հավանականությամբ հայկական սփյուռքի ամենաազդեցիկ և բարձրաստիճան անդամի և գրանցված լոբբիստի, կապված Թրամփի քարոզարշավի հետ… Նա կոչված էր գլխավորելու Թրամփի անցումային թիմը 2017 թվականին»։ Սա ուշադրությունը շեղող ևս մեկ հնարք է։ Նահիգյանը կապ չունի հայ համայնքի հետ։ Երկու տարի առաջ ես նրան մի էլեկտրոնային նամակ էի ուղարկել և մինչ օրս սպասում եմ դրա պատասխանին։ Ահա թե ինչքան մոտ է Նահիգյանը հայ համայնքին:

Թեյզը ակնարկում է կոնգրեսական Դենի Թարկանյանին (հանրապետական, Նևադա), որպես «հայկական լոբբիի անդամ` նախագահ Թրամփի մոտ մուտք ունենալու հնարավորությունը»։ Եթե Թարկանյանը նոյեմբերին հաղթի, այնժամ կկարողանանք որոշել, թե նա իր կապերով որքան մոտ կլինի Սպիտակ տանը։

Թեյզը նշում է Քիմ Քարդաշյանին՝ որպես «տնային-պոռնո-թվիթեր լոբբիստի», որը բազմաթիվ առիթներով հանդիպել է Թրամփի հետ, վերջին անգամ՝ 2018 թ. մայիսին»՝ նախագահ Թրամփի կողմից ներում ապահովելով ցմահ դատապարտված մի սևամորթ կնոջ համար։ Թեյզն ավելի համոզիչ կլիներ, եթե Քարդաշյանը Թրամփին խնդրանք ներկայացրած լիներ որևէ հայկական հարցի վերաբերյալ։ Չի եղել որևէ կապ որպես «հայ լոբբիստ» Քարդաշյանի և նախագահ Թրամփի միջև:

Թեյզը եզրափակում է իր անհիմն ու ամոթալի հոդվածը, նշելով՝ «Այս լայն ու խոր կապերը ներկայիս անփորձ նախագահի և նրա քարոզարշավի հետ ստեղծում են ազգային անվտանգության հավանական հետևանքներ և արժանի են մեծ ուշադրության Պուտինի` շարունակվող միջամտությունը Միացյալ Նահանգներում փշրելու և ձախողելու առումով»։

Չեմ կարծում, որ Թրամփը Պուտինի հետ կապեր հաստատելու համար ամերիկահայերի կարիքն ունի։ Հակառակ Թեյզի անհիմն մեղադրանքների՝ նախագահ Թրամփը երկար ժամանակ ուղիղ կապ է ունեցել Կրեմլի հետ և որևէ մեկի օգնության կարիքը չունի:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #25 (1247) 27.06.2018 - 03.07.2018, Ռազմաքաղաքական


28/06/2018