Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՈՒՐ ԹԻԿՈՒՆՔ՝ ԱՄՈՒՐ ԲԱՆԱԿ



ԱՄՈՒՐ ԹԻԿՈՒՆՔ՝ ԱՄՈՒՐ ԲԱՆԱԿԴովեղը Տավուշի մարզի գյուղերից է, սահմանամերձ, սահմանապահ մեր մյուս բնակավայրերի նման իր լուծված և չլուծված խնդիրներով ապրում-արարում է պատերազմի և խաղաղության սահմանագծում: Արդեն երկու տարի է՝ հոկտեմբերի 24-ը այստեղ մեծ շուքով եւ հանդիսավորությամբ նշվում է որպես գյուղի տոն, ավելի շուտ՝ գյուղի վերածննդի տոն:

-Այդ օրը պատահական չէ ընտրված,- պարզաբանում է Դովեղի համայնքի ղեկավար Սամվել Գորգինյանը: -Խորհրդային տարիներին գյուղի հողերի մի մասը ադրբեջանցիներն էին օգտագործում: Դովեղցիները փորձում են ամեն կերպ հետ վերադարձնել իրենց պապենական տարածքներն ու բողոք են գրում վերևներին: 1984թ. հոկտեմբերի 24-ին այս բողոքի հիման վրա հանձնաժողով է ժամանում, որի կազմում էր նաեւ ՀՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը:

Կացիններով և եղաններով զինված ադրբեջանցիները, սակայն, հարձակվում են հայ պատվիրակների վրա, ծեծում նրանց ու, այսքանով էլ չբավարարվելով, իրենց հետ Ղազախ են տանում Վլադիմիր Մովսիսյանին ու ստիպում, պարտադրում, որ վերջինս փաստաթուղթ ստորագրի, համաձայն որի՝ Ադրբեջանից հողային պահանջներ չունեն, սակայն Մովսիսյանը հրաժարվում է: Մի քանի ժամ անց ադրբեջանցիները հարկադրված Մովսիսյանին ազատ են արձակում, իսկ միջադեպի արձագանքը հասնում է Մոսկվա, միութենական հանձնաժողով է ստեղծվում, քննվում-քննարկվում է հողերի պատկանելության հարցը, եւ արդյունքում՝ տարածքները վերադարձվում են Հայաստանին….

ԱՄՈՒՐ ԹԻԿՈՒՆՔ՝ ԱՄՈՒՐ ԲԱՆԱԿ-Դովեղը հազար դառնություն է տեսել, հազար դժվարություն հաղթահարել,-շարունակում է Սամվել Գորգինյանը: -Այսօր էլ վիճակը խաղաղ չես համարի. թշնամին պարբերաբար խախտում է հրադադարի պայմանավորվածությունը: Մեր վարելահողերի մեծ մասը ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ է, նրանց անմիջական տեսադաշտում, կրակոցների պատճառով հողատարածքների զգալի հատված մնացել է անմշակ: Հակառակորդն ինչ զինատեսակից ասես չի կրակել ու կրակում մեր հարազատ շենի ուղղությամբ, բայց դովեղցին ամուր ու հաստատուն կանգնած է հայրենի հողին. բանակի, զինվորի ներկայությունը գոտեպնդում է մեր ժողովրդին, վստահություն ներշնչում. սահմանաբերանին ապրողներս մի առանձնահատուկ ակնածանք ու սեր ունենք զինվորի, բանակի հանդեպ:

-Այս պահին Դովեղից մոտ 18-20 պայմանագրային եւ երկու ժամկետային ծառայող ունենք բանակում,- զրույցին միանում է գյուղի  դպրոցի զինղեկ Դերենիկ Դուրինյանը:

-Մեր զինվոր տղերքը լավ են ծառայում, ծառայավայրերից մշտապես շնորհակալագրեր ենք ստանում. կրակատարափի տակ մեծացած մեր երեխեքը պատրաստի զինվորներ են:

Դերենիկ Դուրինյանի որդին՝ Գեղամը, այս պահին ծառայում է ՊԲ զորամասերից մեկում, սերժանտ է, բարեխիղճ ծառայության համար բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից:

Դովեղցի Մհեր Կիրակոսյանն էլ օրերս կհամալրի հայոց բանակի շարքերը: Զինվորականի կյանքն անծանոթ չէ երիտասարդին. հայրը՝ Դավիթը, պայմանագրային զինծառայող է, պապն էլ՝ գյուղի ինքնապաշտպանական մարտերի մասնակից:

ԱՄՈՒՐ ԹԻԿՈՒՆՔ՝ ԱՄՈՒՐ ԲԱՆԱԿՄհերը ՊՆ «Ես եմ» ծրագրով է գնալու ծառայության: Զինկոմիսարիատում արդեն ծանոթացել է պայմաններին, տեղյակ է նաեւ, որ ծառայության ավարտին տրվող 5 մլն դրամը կարող է օգտագործել երեք նպատակով՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա, փոքր ջերմոց և կամ ուսման վարձի փոխհատուցում: Ինքը նպատակադրվել է այդ գումարով գյուղում որեւէ գործ ձեռնարկել. «Ապագաս միայն ու միայն իմ հողուջրի հետ եմ կապում, հայրենիքից դուրս երջանկություն չկա»:

Ճանապարհին հյուրընկալվում ենք դովեղցի Ղազարյանների ընտանիքում:

Ղազարյանների կրտսեր զավակը՝ Գարիկը, ամռանը կզորակոչվի, այժմ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայում է սովորում, ապագա փրկարար է:

-Հայրենիքի զինվոր լինելը հպարտություն է ու նաեւ մեծ պատասխանատվություն: Արցախում հորեղբորս տղան՝ Դավիթն է ծառայում, ես էլ տրամադրված կգնամ, կծառայեմ:

-Գարի՛կ ջան, ուր էլ գնաս, կգամ-կհասնեմ,- լուրջն ու կատակն իրար խառնած՝ ասում է Սիրուշ տատը, ու մեր ժպտացող հայացքները թերահավատության տեղ ընդունելով՝ շտապում է ավելացնել,- տղերքիս ծառայության ժամանակ Չիտա եմ հասել,- ու ասածն էլ այդքան հիմնավոր չհամարելով՝ լրացնում է,-16 թոռ, 11 ծոռ ունեմ, ամենից շատ Գարիկին եմ պահել, հաստատ գնալու եմ:

Հետո զրույցը ձգվում է, երկարում: Բանակի, զինվորի կարեւորությունից են խոսում, կռվի տարիները մտաբերում:

-Ապրել ենք կրակների տակ, տղերքս գյուղի ջոկատում էին, աչքս չէր փակվում, գիշերը նստած էի լուսացնում,- հիշում է տատը ու խոսելուն զուգահեռ հյուրասիրում.

-Էս չրից կերեք, մեր ձեռքերով ենք սարքել, մեր այգու բարիքներից:

ԱՄՈՒՐ ԹԻԿՈՒՆՔ՝ ԱՄՈՒՐ ԲԱՆԱԿՕջախին շենություն մաղթելով՝ հրաժեշտ ենք տալիս տանտերերին, չենք մոռանում գալիք տարին էլ շնորհավորել:

-Նոր տարուն միայն մի բան եմ ուզում՝ աշխարհին խաղաղություն: Խաղաղություն որ եղավ, հավատացե՛ք, մնացած ամեն ինչ մարդը կստեղծի,- ասում է Սիրուշ տատը;

Դովեղում տոնական տրամադրություն է՝ Ամանորի են պատրաստվում:

Ամանորի գիշերը, գյուղի բարիքներով ծանրաբեռ, սահմանամերձ բնակավայրերի վարչական ղեկավարները պարտադիր բարձրանում են դիրքեր՝ խաղաղությունը պահող-պահպանող զինվորների հետ տոնը նշելու:

Ամուր բանակը ամուր թիկունք ունի…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #51 (1222) 27.12.2017 - 02.01.2018, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


28/12/2017