ՂԱՆԴԱՀԱՐ
ՍՊԻՏԱԿ ՏՆԻՑ՝ ԿԱԼԱՆԱՏՈՒՆ
Կապիտան Կլյաուզայի քաղաքական դասերը
Հայրս սովորեցնում էր. «Միշտ կլինի մեկը, որ կմտապահի քո արտասանած ամեն բառը, կհսկի ամեն քայլդ, քո բացակայությունը չի վրիպի նրա աչքից։ Ամենուր նա ստվերի պես կողքիդ կլինի՝ քո թիկունքում, դիմացդ կելնի, բայց դու չես նկատի նրան. նա ե՛ւ կա, ե՛ւ չկա… Թույլ չտաս, որ անիծյալ դեւը կլանի քեզ: Հիշի՛ր` ոտով-գլխով կորած ես, թե որ ներսիդ աչքը կույր եղավ, թե որ քեզ նմանների մեջ չճանաչեցիր ՆՐԱՆ»։
Իմ բացակայությունը ոչ միայն չէր վրիպել «ամենատես ուրվականի աչքից», այլեւ ծայր էր տվել, ոչ ավել-ոչ պակաս, կանոնադրական ու քաղաքական հետեւանքների, որոնք գլխիս թափվեցին Սպիտակ տանը թեյախմության մասնակցելու հաջորդ առավոտ, երբ հերթապահ սանիտարը հայտնեց, թե բուժզննումն անցնելու եմ գլխավորի մոտ։ Ինչ որ է. ինձ համար անսպասելի ոչինչ տեղի չէր ունեցել։
Նախաճաշից հետո՝ ժամը տասին, մտա դաշտային հոսպիտալի գլխավոր բժշկի՝ գնդապետ Բլինկովի աշխատասենյակը, զեկուցեցի, ինչպես կարգն է, եւ սսկվեցի սպասողական դիրք բռնած։ Բլինկովը, ինչպես ինձ թվաց, մի տեսակ իմիջիայլոց (հարեւանցիորեն) թերթում էր իմ հիվանդության պատմությունը եւ զուգահեռ պարզաբանող հարցեր էր տալիս ընդհանուր ինքնազգացողության, լյարդիս շրջանում ցավի առկայության, սննդակարգի պահպանման եւ այլնի մասին, որոնց շուրջ գոհացուցիչ պատասխաններ ստանալուց հետո հեղինակավոր եզրակացրեց. «Գործնականում դուք արդեն առողջ եք, շարքային Խաչիկյան, մոտ օրերս կարող եք վերադառնալ ծառայության,- ասաց եւ իսկույն էլ առկախեց օդում,- իսկ մինչ այդ ձեզ հետ ցանկանում է զրուցել(երես առ երես) կապիտան Կլյաուզան՝ հատուկ բաժնի աշխատակիցը: Խնդրե՛մ, նե՛րս եկեք, ընկե՛ր կապիտան»։ Բլինկովը քաղաքավարի ներողություն խնդրեց եւ անհապաղ դուրս գնաց։ Գլխավոր բժշկի առանձնախցի դռան հետեւից իսկույն էլ հայտնվեց կարճահասակ, ժանգոտ մազերով ինչ-որ մեկը՝ հատուկջոկատայինի կոմբինեզոն հիշեցնող առանց տարբերանշանի շիկավուն զգեստ հագած:
Կլյաուզա կոչվածը նստել էր թանզիֆով վարագուրված պատուհանի տակ՝ ոտքը ոտքին գցած, փայլելու աստիճան վաքսած քրոմակաշվե կիսաճտքավոր կոշիկներով։ Պետանվտանգության դպրոցի ավանդույթներով դաստիարակված էնտուզիաստի դեմքին խաղում էին խորամանկ բեղիկները՝ անընդհատ քրտնող քթի եւ բվեճի կապտամոխրագույն աչքերի նենգ խաղի հետ կազմելով գերատեսչական ինքնագոհություն, ինչը նշանակում էր, որ նա վառոդի հոտը չէր քաշել, բայցեւ մարտականորեն էր տրամադրված՝ «գործ սկսելու»։
-Որքա՞ն ժամանակ է՝ այստեղ եք,- սկսեց։
-Հոսպիտալում՝ քսանչորս, գումարտակում՝ տեղակայման օրից։ Տա Աստված, շուտով կզորացրվեմ։
-Աստվա՞ծ,- խրտնեց, ինչպես սատանան սուրբ ջրից,- եւ դուք հավատում եք, որ այդ չեղած բանի կամո՞ք պիտի զորացրվեք,- առանց տարբերանշանի կապիտանը վեր թռավ տեղից՝ ըստ երեւույթին արտասանելու իր բանադրական ճառը, որ սերտել էր հայելու առաջ։ -Կամքը մերն է, եւ մենք էլ դեռ պիտի որոշենք՝ զորացրե՞լ ձեզ, թե՞ դատապարտել՝ որպես դասալիքի կամ լրտեսի,- տականքը գոտկատեղից ներքեւ էր խփում,- կամ, որ ավելի ճիշտ կլինի, երկուսը միասին։
-Ի՞նչ դասալիք, ի՞նչ բա՜ն, ընկեր Կլյաուզա, Աստված սիրեք, լուն դավա մի սարքեք,- հերքեցի առանց խուճապի,- հոգեւորականներ՝ այո՛, երկրագործներ՝ նույնպե՛ս, գիտնականներ՝ դարձյա՛լ այո, ամենավատը, որ եղել է մեր ցեղում, աքսորականն է, այն էլ՝ արդարացված կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի որոշումով,- կոտրեցի արդեն իսկ եռման աստիճանի հասնող նրա եռանդը։ -Ես աքսորականի ժառանգ եմ, մեր գերդաստանում ո՛չ դասալիքներ, ո՛չ էլ, առավել եւս, լրտեսներ չեն եղել,- պնդեցի՝ հիշելով հորս խրատը. «…թույլ չտաս, որ դեւը կլանի քեզ…»։
-Պտուղը ծառից հեռու չի ընկնում։
-Կներեք. «եթե ծառը լեռան լանջին չէ»,- սովորեցնում է ժողովրդական իմաստնությունը։ -Մենք սարեցի ժողովուրդ ենք, ընկեր կապիտան, այդպես էլ է պատահում։
-Դուք՝ հայերդ, կարողանում եք վարպետորեն մարդկանց աչքին թոզ փչել, բայց ինձ հետ ձեր խաղերը չեն անցնի. ինձ ամեն ինչ մանրամասնորեն հայտնի է,- մոտեցավ նշանակետին։ -Որտե՞ղ էիք երեկ երեկոյից մինչեւ ուշ գիշեր, երբ հայտարարված էր համընդհանուր «քնիրը»։
Ի ծնե օժտված լինելով զգուշավորության սրված (հիվանդագին) զգացողությամբ՝ հասկացա, որ այս ծետուկի ճանճից հնարավորինս անվնաս շլինքս ազատելու համար հարկ կլիներ խոստովանել՝ միաժամանակ զարգացնելով «պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» ինտերնացիոնալ ուղղվածությունը։
-Հրավիրված էի Սպիտակ տուն՝ թեյախմության, մեր բարեկամ Ֆարուխ Լաֆրայի մոտ։
-Ուր- ո՞ւր ,- կատաղի զսպանակվեց Կլյաուզան` հասարակարգային թշնամու անունը լսելիս, ասես պատրաստվում էր վճռական գրոհի՝ հանուն հայրենիքի:
-Ախր, ինձ ճիշտ չհասկացաք, ընկեր կապիտան, մենք պայմանականորեն Սպիտակ տուն ենք կոչում սպիտակով ներկված այն շենքը, որը գտնվում է վերստացույց սյան մոտ, որտեղ աֆղանցի փախստականներ են ապրում։ Քնում-զարթնում են իրենց այծ ու ուլի հետ, ոնց որ Նոյի տապանում։
Արյունը կամաց հետ քաշվեց նրա կարմրատակած երեսից։
-Եվ վաղո՞ւց է՝ «բարեկամություն եք հաստատել» տեղաբնակների հետ,- ձեռնամուխ եղավ իր հիմնական (տեղին է ասել՝ «մասնագիտական») պարտականությունների կատարմանը՝ քաղաքական աստառ փնտրելուն։
-Այն օրից, երբ Ֆարուխ Լաֆրայի ուղտը դժվարացել էր ծնել,- դիմեցի բանահյուսության ժանրին (խե~ղճ Ֆարուխ, նրա ամբողջ ունեցվածքը մի կով չարժեր, էլ ուր մնաց…)։ -Վերջերս էր, ընկեր կապիտան, ես ու Սաշկա Նեվիննին վերադառնում էինք ակումբից, տեսնենք՝ դրամադեր ուղտը փռվել է դաշտում, իսկ տերը ծնկներին է տալիս, ախ ու վախ անում: Դե, մենք էլ մոտեցանք, հարցրինք՝ ինչն ինչոց է։ Պարզվեց՝ ծինը ուշացել է, եւ անասունը թուլացել-թլֆել է անտանելի ցավերից։ Ավագ սերժանտ Նեվիննին՝ մեր վաշտի սանհրահանգիչը, իսկույն թեւերը քշտեց ու անցավ գործի. փրկեց մորն էլ, ձագին էլ, որին մենք «ԺՐցՋոՈ» խորհրդանշական անունով կնքեցինք՝ ի նշանավորումն «ժողովուրդների բարեկամության», ինչպես որ գրված է կոմունիստական կուսակցության կենտկոմի՝ «Ազգերի խարտիայի» ուղեկցող թեզիսներում։ (Համա թե բրնձեցի):
-Իսկ նա՝ այդ ավագ սերժանտ Նեվիննին, ուղտերի՞ գծով է սանհրահանգիչ,- քինոտ քմծիծաղ տվեց Կլյաուզան՝ հասկացնելով, որ ինձ չի հաջողվի «լապշա կախել իր ականջներից»։
-Ճիշտ այդպես…-բացականչեցի ոգեւորված,- նրա ձեռքից շնորհները թափվում են, ինչպես Առատության եղջյուրից, ընկեր կապիտան, նա ե՛ւ մարդկանցից է գլուխ հանում, ե՛ւ անասուններից։ Աստված տվել՝ չի խնայել։
-Սանհրահանգիչը կատարում է ամբողջ սեւ գործը, սակայն թեյախմության ձե՞զ են հրավիրում. ինչպե՞ս կհրամայեք հասկանալ, շարքային Խաչիկյան։ Ո՞րն է ձե՛ր դերակատարությունը։
-Ես ամբողջ ուժով քաշում էի կիսամեռ ձագի ոտքերից, ընկեր կապիտան, ինչը պակաս կարեւոր չէ… Սաշկան հարթաթա՜թ է, շուտ է հոգնում, դրա համար էլ չեկավ հյուրասիրության…
Բուժանձնակազմի միահամուռ եզրակացությամբ ես առողջ ճանաչվեցի եւ երեք օրից դուրս գրվեցի հոսպիտալից՝ վերադառնալով մշտական տեղակայման վայր: Ի՜նչ իմանայի, որ հատուկ բաժնի պետ Կլյաուզայի կազմած զեկուցագիրը ինձ համար բոլորովին այլ՝ տրամագծորեն հակառակ ընդունելություն էր նախատեսել։ Սպիտակ տնից՝ ուղիղ կայազորային կալանատուն՝ ուշադրություն հրավիրելով «չարտոնված ժամին, չթույլատրված վայրում հավանական հակառակորդի հետ կասկածելի հանդիպման» փաստի վրա։ Ի՞նչ բանի ակնկալիքով կամ թե անձնական հաշվարկներով էր առաջնորդվել հատուկ բաժնի սպան զեկուցագիրը գումարտակի հրամանատարությանը հղելիս, հայտնի չէ, բայց եւ այնպես, մեղադրանքը ծանրակշիռ էր դարձնում իմ զանցանքը, որի համար առաջներում հաստատ գնդակահարության պատի տակ կկանգնեցնեին։ Հիմա էլ…
Բարեբախտաբար, գումարտակում Կլյաուզայի ամբաստանությունը չափազանցված էին համարել եւ պատիժ էին նշանակել միայն «ինքնագլուխ բացակայության» մասով։ Մեկշաբաթյա կալանք, որը ես անցկացնելու էի պարետատան գետնափոր խանդակում՝ բարկ արեւի տակ։
♦♦♦
Երբեմն ինձ դուրս էին բերում վիրապից՝ բեռնաթափելու խորհուրդների երկրից ժամանած հատուկ չվերթի ինքնաթիռը, սակայն մարմնավոր-ֆիզիկական ցանկացած զրկանք ու տառապանք ոչինչ էր հոգեկան այն լլկանքի համեմատ, որը ես կրեցի փոսում «ապրածս» օրերին՝ զանազան զեռունների ընկերակցությամբ, որոնք գիշերով սողում էին խանդակ՝ խրախճանքի, երբ ես նորից ու նորից հուսահատ ճիգով փորձում էի վանել ինձնից մահառիթ, տանջալի մտքերը… Եվ այդ ի՞նչ դիվային-դժնի հանճար է հնարել մարդ արարածին ինքն իր հետ միայնակ բանտելու զարհուրելի պատիժը. դաժան է, բայց օգտակար՝ վերջից դեպի սկիզբը գնալ՝ մահվան աչքերով նայել աշխարհին, կյանքին, որը քեզ հասցրել է մի այնպիսի հանգրվանի, որտեղից հաճախ ելք չկա, որպեսզի ընդմիշտ գիտակցես ու հասկանաս, որ դեռ երբեւէ ոչ ոքի չես սիրել… Դու միայն քեզ ես սիրում, սիրում ես այն ամենը, ինչը համ է տալիս բերանիդ, ինչը շոյում է հպարտությունդ՝ որպես պոռնիկի վավաշոտ համբույրը, որ խլել եւ խլում էր ինձնից իմ անցյալը, ներկան…: Իմ ինքնությունը` նետելով մեղքերի վիհը։ «Ո՞նց ես, ծերո՛ւկ, կարոտե՞լ ես մամային… Մաման շուտով կգա, կփրկի քեզ…»,- չարախնդում էր գարշելի ուրվականը՝ լրբենի խնդուքով բռնված։ Եթե մարդկությունը առաջացած լիներ փոսի միջից, աշխարհում շատ ու շատ բաներ հաստատ ուրիշ ընթացք ու կերպարանք կունենային։ Ես ՓՈՍԻՑ եմ գալիս…
-Սալա՜մ, հրամանատա՛ր։ -Գլխիս վրա կախվեց ինչ-որ մեկի գորշ ստվերը։-Հը~, ո՞նց ես։ -Ձայնի մեջ բավականություն լսվեց։
Միջամուխ չարքն էր՝ Նուդդինը, որի առջեւ բաց էին բոլոր դռները։
-Լա՜վ ես, լա՜վ ես…,- ակամա աշխուժության ալիք անցավ սմքած երակներովս։
-Ա՛ռ, վերցրո՛ւ, Պաշա հրամանատարը տվեց, որ քեզ բերեմ։ -Փոսը նետեց մի կապոց։ – Քույրս՝ Նասիմեն, գաթա էր ուղարկել, բայց ճանապարհին սիրտս քաշեց, գաթան կերա, կներե՜ս, հրամանատա՛ր…
Նրա զազրախոսությունից ինձ համար կարեւոր էր գաթան, որի համը ես թեեւ չէի տեսել, սակայն ամբողջ հոգով ու բանականությամբ ընդունեցի իրական-շոշափելի դրսեւորումը այն ազնիվ սրտակցության, որի նկատմամբ թաքուն հավակնության հույս էի փայփայել։ Նասիմեն հարություն տվեց իմ շնչահեղձ մարմնին, իմ հույզերին՝ է՛լ ավելի փոթորկելով սրտիս հուրը…
-Քրոջդ ասա` էլ գաթա չուղարկի, վաղը փոսից դուրս եմ գալու։
Ինքս էլ հանկարծ սարսռացի իմ խոսքերից՝ չիմանալով, թե ի՞նչ էր ինձ սպասվում այնտեղ՝ ՎԵՐԵՎՈՒՄ: Մարդկանց մեջ:
ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ
Խորագիր՝ #12 (1183) 29.03.2017 - 04.04.2017, Հոգևոր-մշակութային