Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՇԱՆՎԵՐԱՅԻՆ ԱԼԲՈՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ



ՀՈՒՇԱՆՎԵՐԱՅԻՆ ԱԼԲՈՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸՓետրվարի 7-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի մասնակցությանը նվիրված հուշանվերային ալբոմի շնորհանդեսը, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Յուրօրինակ ձևավորմամբ և սահմանափակ՝ 100 օրինակով տպագրված հուշանվերային ալբոմում ամփոփված են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված և առ այսօր թողարկվող հայկական փոստային նամականիշները, ներկայացված են ուշագրավ դրվագներ ու պատմություններ անվանի հայ մարշալների, ականավոր հետախույզների, հայ փառապանծ հերոսների ու հայկական դիվիզիաների մասին:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինը կարևորել են հայ-ռուսական վաղեմի բարեկամությունն ու փոխադարձ վստահությունը՝ փաստելով երկու ժողովուրդների խորին հարգանքը վետերանների հանդեպ:

Նրանք վստահություն են հայտնել, որ կոլեկցիոն հրատարակությունն իր արժանի տեղը կգտնի Հայաստանի և Ռուսաստանի թեմատիկ թանգարաններում՝ վառ պահելով խիզախ մարտիկների հերոսական անցյալի մասին հիշողությունները:

«Կարող է թվալ, թե հայկական զինված ուժերը 25 տարի առաջ ձևավորվել են զրոյից, սակայն հայկական բանակի ամուր հիմքերն իրականում կազմավորվել են հերոսական ավանդույթների հենքի վրա, որոնք դրսևորվեցին Մեծ հայրենականի տարիներին, Սարդարապատի ճակատամարտում և մյուս հերոսական մարտերում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին նախկին ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ միասին հայերը կարողացան միահամուռ ուժերով մարդկությունն ու աշխարհը փրկել ֆաշիզմից»,- ընդգծել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Խորագիր՝ Նորություններ


09/02/2017