ՈՒՍԸ ԴԵՄ ՏԱ՝ ՍԱՐԸ ՏԵՂԻՑ ԿՇԱՐԺԻ
Lրացավ ՀՀ Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆԻ 55-ամյակը: «Հայ զինվորի» խմբագրությունը ջերմորեն շնորհավորում է վաստակաշատ գեներալին:
Աֆղանական պատերազմ… Հետո՝ 1992-1994թթ.` ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանություն (Մարտակերտ, Կապան, Լաչին, Քարվաճառ, Հորադիզ, Ֆիզուլի): Պարգևատրվել է ԽՍՀՄ «Կարմիր աստղի», ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով, «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի, ինչպես նաև 24 այլ գերատեսչական մեդալներով:
-Պարոն գեներալ, ինչպե՞ս ընտրեցիք զինվորականի դժվար ուղին:
-Թերևս գործոնների մի ամբողջ կծիկ դեր խաղաց: Ծնվել ու հասակ եմ առել Երևանի զորամասերից մեկի հարևանությամբ, և հենց այս հանգամանքն էլ նպաստել է, որ իմ պատանեկան երևակայությամբ ամբողջովին հրապուրվեմ այն ամենով, ինչ տեղի էր ունենում այնտեղ: Ընկերներիս հետ զորամասի ակումբում հաճախ էի հայրենասիրական ֆիլմեր դիտում: «Ազատագրում» և «Սպաներ» ֆիլմերով շատ էինք ոգեշնչված: Բացի այդ, հորեղբայրս զինվորական բժիշկ էր, հայրական պապիս եղբայրն էլ թուրքերի դեմ կռիվներում ջոկատի հրամանատար էր եղել: Վստահ եմ, որ նաև սասունցու, մշեցու գեներն են ինձ ուղղորդել…
-Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանից հետո … Աֆղանստան:
-«Ուսս դեմ տամ սարին՝ տեղից կշարժվի»,-այսպիսի տրամադրվածությամբ լեյտենանտի կոչումով ծառայության անցա ԽՍՀՄ զորքերում: Աֆղանստան մեկնողների ցուցակը լրացել էր, և ինձ վերապատրաստման գործուղեցին Կարա-Կումում տեղակայված սպայական պահեստային գումարտակ, որտեղից էլ նշանակում ստացա Ֆայզաբադ քաղաքի զորամասում: Իմ նշանակման թերթիկից իմացա, որ կուրսանտական տարիների ամենամտերիմ ընկերս՝ Բոյարինովը, որն արտահերթ մեկնել էր Աֆղանստան, զոհվել է, և նրա փոխարեն ինձ են նշանակել… Սա իմ առաջին, մեծ կորուստն էր… Եվ առաջին դժվարին պաշտոնը: Պամիրի լեռնաշղթայում գտնվող զորամասում լեռնահրաձիգ էի: Բոլոր գործողություններն այստեղ ուղղաթիռային դեսանտով կամ թթվածնի պակասի պայմաններում՝ ոտքով էինք անցկացնում: Մի քանի օրվա ուտելիքը, ջուրը, զինամթերքը, ռադիոկայանը ուսած՝ սարերով բարձրանում էինք, բարձրանում… Գործողություններից մեկի ժամանակ կաբարդինացի տեղակալս ինձ իր մարմնով ծածկեց, փրկեց կյանքս: Այդ անգամ ողջ մնաց, բայց հետո զոհվեց ականի պայթյունից… Աննկարագրելի ընկերություն էր: Բուժկետից փախչում էին և գալիս-միանում էին առաջադրանքի մեկնողներիս: Մի անգամ, երբ մեր վաշտը սարերն էր գնում, ինքս էի արդեն պառկած բուժկետում… բոլոր վիրակապերս արագ պոկեցի ու վազեցի տղերքի հետեւից: Ո՞նց կլիներ՝ զինվորներս առանց ինձ առաջադրանքի գնային:
-Մարտական Ձեր այդ փորձն անկասկած կարևոր էր Արցախյան պատերազմում:
-Անշուշտ: Պաշտպանության նախարարությունը դեռևս ստեղծված չէր, գործում էր պաշտպանության կոմիտեն: Ղեկավարը՝ լուսահոգի Վազգեն Սարգսյանը, իր մոտ հրավիրեց Աֆղանստանով անցած հայազգի կադրային սպաներիս ու ասաց. «Կարիք չկա անգամ, որ դուք զենքը ձեռքներիդ կռվեք, պարզապես ամեն մեկդ մեկնեք մի շրջան, կռվող տղաներին ձեր փորձը փոխանցեք, ամրացրեք պաշտպանությունը»: Ես մեկնեցի Հադրութի շրջան: Աֆղանստանում երկու տարի պայքարում էինք մոջահեդների դեմ: Արցախում արդեն հատուկ նշանակության ստորաբաժանման կազմում նույն մեթոդները թշնամու դեմ կիրառեցինք:
-Ո՞րն է Ձեր ամենավառ հուշը պատերազմի այդ ժամանակահատվածից:
-Ոգին, միանշանակ՝ մարդկանց ոգին: Մեր տղաների խփած առաջին զրահատեխնիկան գաղտնի նրանց դիրքերի դիմացից տրակտորով քաշեցինք-բերեցինք: Մեր վարպետները շատ արագ վերականգնեցին տեխնիկական մասը, ես էլ գնդացիրը նորոգեցի: Մի փոքրիկ դետալ էր պակասում, որի պատճառով թշնամին գործարանային վիճակում՝ «յուղը վրան» զրահամեքենան չէր կարողացել կիրառել: Նշանազարկի բերեցինք ու մի քանի օր հետո դրանով իրենց իսկ դեմ էինք կռվում: Հենց առաջին կռվի ժամանակ հակառակորդի մի զրահամեքենա էլ ոչնչացրինք: Նույն ձևով էլի մի տանկ ունեցանք և շատ այլ բաներ… Այնպես որ, մեր ամենակարևոր «ռազմավարական գաղտնի զենքը» հենց ոգին է:
Խոսքերիս ապացույցը ապրիլյան դեպքերն էին: Ամբողջ աշխարհը ականատեսը եղավ և հիացավ մեր 18-ամյա հերոսների սխրանքով: Այդ տղաները մեզնից մի երկու գլուխ բարձր են: Երբ մենք թոշակի անցնենք, հանգիստ խղճով հերթափոխը կարող ենք նրանց հանձնել:
-Մահը հաճախ է ձեր կողքով քայլել… Հավատո՞ւմ եք նախախնամությանը:
-Պատերազմի դաշտում մարդ, անկախ իրենից, սնահավատ է դառնում: Ես էլ բացառություն չեմ: Կարծում եմ՝ ծայրահեղ իրավիճակներում պակաս կարեւոր չէ «բախտը բերելու» գործոնը: Այն պահերին, երբ մտածում էի՝ սա՛ վերջն է, այլևս հույս չկա, ասես աներեւույթ մի ձեռք վերևից իջնում ու…
-1994 թ. մարտերից մեկում ծանր վիրավորվեցիք՝ Հադրութում էր…
-Այդ օրերին հադրութցիներն ինձ անգամ իրենց արյունը տվեցին: Այնպես որ, մեկընդմիշտ բարեկամական, «արյունակցական» կապվածություն ունեմ նրանց հետ: Հադրութն իմ երկրորդ ծննդավայրն է:
…Այդ օրը մենք 11 հոգով թշնամու մի ամբողջ ստորաբաժանում կանգնեցրինք: Դիմացի դաշտը լիքն էր հակառակորդի հատուկջոկատայիններով: Դիմավորեցինք ու պահեցինք բաց դաշտում, մինչև օգնության հասավ համալրումը Հադրութից՝ հիմա արդեն գեներալներ Արթուր Աղաբեկյանի և սահմանապահ զորքերի հրամանատար Արմեն Աբրահամյանի գլխավորությամբ: Եթե թշնամին այդ օրը մեր դիրքերով անցներ, թիկունքից կհարվածեր Հադրութին: Տղաներից շատերը զոհվեցին, իսկ ով էլ ողջ մնաց, ծանր վիրավորվեց: Մեզնից ոչ ոք չէր կարողանում կրակել: Այնքան ուժասպառ էինք, որ վիրավոր սպան մի կերպ գլուխս բարձրացրել, պահում էր, որ դիմացս տեսնեմ, մյուս վիրավորը ռադիոկայանը բերանիս էր մոտեցրել, ու այսպես, մի կերպ իրար ուս դեմ տալով, կիսապառկած, Հադրութի հրետանուն թշնամու նշանակետերի տվյալներն էինք հաղորդում: Հակառակորդն այնքան էր մոտեցել, որ շուտով կարող էինք թշնամու ձեռքում հայտնվել: Կրակն ստիպված մեզ վրա կանչեցինք: Տարօրինակ էր… Զգում էի, որ կյանքը միջիցս հետզհետե հեռանում է, բայց վախի զգացում չունեի: Ինքս ինձ զարմացած հարց էի տալիս. «Ա՛յ տղա, գնում ես, ինչո՞ւ խուճապ չկա մեջդ»: Մի ոչ երկրային խաղաղություն էր իջել հոգուս: Որոշ ժամանակ անց մեր զրահատեխնիկան վրա հասավ:
-Պատերազմից հետո ստանձնեցիք Հատուկ նշանակության զորքերի, այնուհետև՝ Խաղաղապահ բրիգադի հրամանատարությունը: Այս ընթացքում ոչ միայն չեք փորձել հանգիստ կյանք վայելել, այլև էքստրեմալ մարզաձևերով՝ դայվինգով, պարաշյուտային սպորտով եք զբաղվում:
-Շատերի համար թերեւս նորություն լինի, եթե ասեմ, որ նաև տափօղակով հոկեյի Հայաստանի առաջնությունն եմ գլխավորել… Զինվորական լինելուց բացի, թերևս ամենամեծ երազանքս էր հոկեյիստ դառնալը: Հայաստանի հավաքականը իմ ղեկավարությամբ հաղթանակներով մինչև Իսլանդիա է հասել: Դե, իսկ պարաշյուտային թռիչքները… ո՞ր երիտասարդը չի երազել թռչել պարաշյուտով: Որդիս, աղջիկս, որոնք նույնպես զինվորականի ուղին են բռնել, ինձ պես պարաշյուտային թռիչքների սիրահար են: Աֆղանական պատերազմը, հետո Արցախյանը, իմ ծանր վիրավորումները, բազմաթիվ վիրահատությունների շարքը… 17 վիրահատություն եմ տարել, որոնցից 14-ը՝ իմ վերջին վիրավորման արդյունքում: Ինձ պետք էր, որ մարմինս հոգուս հետ ներդաշնակ ապրի. մարզվել էր պետք… (Գեներալը ժպտալով միացնում է մի տեսագրություն, որում ճարպկորեն օդ է նետում ու որսում 16 կգ-անոց երկու ծանրաքար):
Խորին հարգանք ու երախտագիտություն ունեմ այն բժիշկների հանդեպ, ովքեր մեծ դեր խաղացին իմ ապաքինման գործում: Խոնարհումս Ճաղարյան Լևոնին, որ ամենաօրհասական պահին՝ Հադրութի հիվանդանոցում ութ ժամ վիրահատում էր ինձ: Այդ ընթացքում երկու կլինիկական մահ ապրեցի… Նա ինձ «ուժով» ետ բերեց, և հետագայում ևս 12 վիրահատություն կատարեց: Շնորհակալ եմ ցավոք արդեն կյանքից հեռացած Սամվել Ամատունուն, որ կրծքային վիրաբուժության բաժանմունքում չորս ու կես ամիս շարունակ վերքերս էր բուժում: Նաև՝ բժիշկ Միքայել Աղայանին, որ այսօր էլ շարքում է:
-Միջազգային խաղաղապահ գործունեությանը հայկական զինված ուժերի փայլուն մասնակցության մասին խոսում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների անգամ ամենապահանջկոտ ներկայացուցիչները:
-Այսօր մենք այնպիսի հզոր երկրների բանակների հետ ենք համագործակցում, որ պարզապես անկարելի է տեղում դոփել: Մեր ամենամեծ հաջողությունն այն է, որ 2015 թվականին «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» շրջանակներում մեր առաջին հրաձգային գումարտակը քննություն հանձնեց և առաջին ու երկրորդ մակարդակի գնահատական ստացավ՝ ՆԱՏՕ-ի կողմից որակվելով որպես փոխգործունակ: Սա նշանակում է, որ մենք այժմ կարող ենք համագործակցել ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած բանակի հետ և մասնակցել ցանկացած գործողության: Ամենակարեւորը՝ բացի բուն խաղաղապահ առաքելություն իրականացնելուց, մենք նաև մեր երկրի «դեսպաններն» ենք:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
մայոր
Խորագիր՝ #03 (1174) 25.01.2017 - 31.01.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում