Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ



ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ

ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

Բառե՜ր, որոնք երբեք հնություն չեն կարող ճանաչել: Բառե՜ր, որոնք համամարդկային են, որոնք բնական են, որոնք գերբնական են, բառե՜ր, որոնք գոյաբանական են: Այս բառերը մարդկային մշակույթներ են վերաարժևորել, մարդկային գոյությանն են իմաստ տվել: Մեր ժողովրդի դպրությունն այս բառերով է պարուրված, որից արդեն ավելի քան երկու հազարամյակ շարունակ տարածվել է մեր ժողովրդի մտքերի, սրտերի ու հոգիների մեջ: Աստվածիմաց բառեր:

Սիրելի հավատացյալ և հավատարիմ հայորդիներ,

Հարգարժան սպաներ և քաջահոգի զինվորներ Հայոց բանակի,

Ուրբաթ երեկոյան Քրիստոսի մարմինը գերեզման դրվելով խավարով պատեց երկինք ու երկիր, Քրիստոսի աշակերտների ու մարդկանց հոգիները, որոնք տրտում և հուսաբեկ, շփոթված ու իրարամերժ զգացումներով ցրվել էին, սակայն կիրակի առավոտը, երբ յուղաբեր կանայք գնում են Քրիստոսի մարմինը օծելու և խնկարկելու, գտնում են գերեզմանը ծածկող վեմ քարը մի կողմ գլորված և գերեզմանը` դատարկ: Նրանց դիմավորող երկու լուսազգեստ հրեշտակներն ավետում են. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահվամբ զմահ կոխեաց եւ Յարութեամբն Իւրով մեզ զկեանս պարգեւեաց»: Քրիստոսի երկրային կյանքը սկսվում է լույսով և ավարտվում լույսով: Ինչպես վեմը գլորվեց մի կողմ, և գերեզմանի խավարը փարատվեց լույսի հրավառությամբ, այնպես էլ Աստծո որդու Հարությամբ քանդվեցին առաջին մարդկանց մեղքով հավիտենական կյանքի ճանապարհը պատնեշող բոլոր արգելքները, և փրկության հույսով իմաստավորվեց ու լուսավորվեց մարդու կյանքը` անմահությամբ. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը» (Ա Կորնթ. ԺԵ 55), «Քաջալերվեցե՜ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33): Քրիստոս Աստծո կողմից մեզ շնորհված այս անմահության իրողությունն է մեր կյանքին մղում, բարոյական ուժ և հիմնավորում հաղորդում, քանի որ կյանքը չի ստեղծվել մեռնելու համար:Այսօր երկիրը երկինք դարձավ: Ներքին աշխարհի բնակիչները դարձան երգակից վերին հոգեղեններին:

«Ո՞ւր է մահ «յաղթութիւն քո» մահն արհամարհող հարցադրումով, կյանքի, հարության նույն հավատով և ինքնարթնության բոցավառ ոգով համախումբ՝ հայ ժողովուրդն ազատության իր իրավունքն է հաստատել Հայրենիքում և պաշտպանել արդարությունն Արցախում։ Արդարև «ամենքս պարտք ունենք մեր պատմության ու մեր գալիքի առջև, ինքներս մեր՝ մեր ապրած դժվարին, բայց հույսով ու հավատով լի տարիների առջև, այս հողը մեզ համար շահած ու պահած մեր սուրբ նահատակների ու նախնյաց առջև, այս հողը մեզ շնորհած Բարձրյալն Աստծո առջև։ Թերահավատությունը, սիրելիներ, մենք վաղուց մերժել ենք մեզանից: Արդ, չդրժենք սրբազան մեր ուխտը Արարատի ու Սուրբ Էջմիածնի հետ։ Քաջակորով ու պատրաստակամ ստանձնենք մեր պատասխանատվությունը և ծառայության մեր բաժինը հավատարիմ մեր Փրկչին, որ հոժարակամ երկնից երկիր խոնարհվեց ո՛չ «ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր անձը տալու որպես փրկություն աշխարհի» ¥Մատթ. Ի 28¤։ Մեծահրաշ այս տոնին առաքյալների օրինակով, որ Հարությամբ գոտեպնդված՝ հին հանդերձի պես թոթափեցին հուսահատությունը և դարձան անվհատ ու անվեհեր քարոզիչներ, նորոգենք հավատը մեր հոգիներում՝ իբրև Աստծո հավատարիմ «նոր ժողովուրդ», առաքելահաստատ ու առաքելագործ Հայ Եկեղեցու։

Սուրբ Հարության շնորհանորոգ ու փրկագործ այս օրերին ի խորոց սրտի խնդրանքս է առ Հարուցյալ Փրկիչը, որ Իր Սուրբ Աջով միշտ պահպանի հայոց ազգը, Հայաստան աշխարհը, Հայոց Եկեղեցին ու Հայոց Բանակը, հայոց Բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարներին` հանուն ազգանվեր, հայրենանվեր ու եկեղեցաշեն նոր ձեռքբերումների և համայն հայ ժողովրդի  բարօր կյանքի:

 

Ապրենք Քրիստոսով, և մեր կյանքը

միշտ կլինի Հարության լուսապայծառ արշալույս:

Սիրոյ ողջոյն եւ խնդութեան աւետիս

փոխանցենք միմեանց` օրհներգելով.

«Այսօր յարեաւ ի մեռելոց փեսայն անմահ եւ երկնաւոր»:

 

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:

ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:

Խորագիր՝ #11 (1131) 30.03.2016 - 5.04.2016, Ազգային բանակ


30/03/2016