Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



Անօրեն թուրքն էր տիրել մայր հողին,
Ինչ սրտով պետք է մտնենք անկողին,
Մամ ջան, չտխրես, շատ չմտածես,
Գնում ենք կռիվ ախպերս ու ես։

Մռայլ գիշեր է, նստած ենք փոսում,
Այստեղ քաջ հայի արյունն է հոսում,
Եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես
Հայ ազգի համար ախպերս ու ես։

Երբ լուսաբացին թուրքն է ներս սողում
Մեր սուր հարվածից երկիրն է դողում
Ու թե պետք լինի կզոհվենք այսպես՝
Հայ ազգի համար, ախպերս ու ես։

Այս երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը գուսան Տոտիկն է՝ Աշոտ Բեգոյանը։ Երգը գրվեց 1993 թվականին՝ Մարտակերտի Հակոբ Կամարի գյուղի ազատագրման ժամանակ։ Հարգարժան գուսանը, որը, ի դեպ, հայրենասիրական շատ երգեր է գրել, այս երգը նվիրել է մեզ՝ եղբայրներիս՝ Ռոլանդին ու ինձ։ Երգը շատ է կատարվել, սակայն անկրկնելի եւ անմոռանալի է առաջին կատարումը Հակոբ Կամարի գյուղի Լուլասարի բարձունքից։ Այս երգի ստեղծումից հետո արդեն, երբ պատրաստվում էինք ռազմի դաշտ մեկնել, փաթաթվում էինք մայրիկին ու երգում.
-Մամ ջան, չտխրես, շատ չմտածես,
Մայրս մեզ հետ երգում էր ու վերջին տողը փոխում էր այսպես՝
-Պատվով հետ կգանք, ախպերս ու ես…
Մայրս շատ էր սիրում այս երգը։ Ասեմ, որ մեր ընտանիքում բոլորս էլ կապված ենք արվեստի հետ։ Երեք եղբայրս էլ ունենք երաժշտական կրթություն։ Լենա մայրս եղել է պարուհի, արվեստի նվիրյալ, 25 տարի աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան ժողովրդական երգի-պարի համույթում։ Հաճախ էինք լսում մայրիկիս մեղմ ու անուշ ձայնը, երբ մտքերի գիրկն ընկած, ասես ինքն իր համար երգում էր.
Մամ ջան, չտխրես, շատ չմտածես,
Գնում ենք կռիվ, ախպերս ու ես…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #51 (866) 29.12.2010 - 5.01.2011, Հոգևոր-մշակութային


29/12/2010