Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՄԱՍԸ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ Է ԻՐ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆՈՎ



Զորամասային բուժկետերի աշխատանքը պաշտպանության նախարարության հատուկ ուշադրության կենտրոնում է: Սանիտարահիգիենիկ չափանիշների պահպանումը, կահավորվածությունը, նյութատեխնիկական բազայի ապահովումը խիստ կարևոր հրամայականներ են:

Ինչպես տեղեկացրեց բուժծառայության կապիտան Հասմիկ Մուշեղյանը, գնդապետ Ալիկ Պետրոսյանի հրամանատարությամբ գործող ուսումնական զորամասում սանիտարահիգիենիկ չափանիշների, պրոֆիլակտիկ աշխատանքների շնորհիվ տարվա ընթացքում էպիդեմիկ հիվանդություններ չեն արձանագրվել, և ձմեռվա այս ամիսներին համաճարակային իրավիճակը ցանկալի սահմաններում է:

Զորամասն ունի բարեկարգ բուժկետ, որն ապահովված է անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով: Լուսավոր է, սանհանգույցը՝ բարվոք: Ապահովված է ջեռուցմամբ: Բուժկետն ունի նաև իր ատամնաբուժարանը:

-Իհարկե, լինում են սեզոնային մրսածության, գրիպի առանձին դեպքեր, բայց հիվանդները բուժկետում ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, և հիվանդության օջախը կասեցվում է,- նշեց Հասմիկ Մուշեղյանը:

Զորամասում հատուկ ուշադրություն է դարձվում ճաշարանի մաքրությանը, սննդի անվտանգությանը, բաղնիքի հիգիենիկ վիճակին, պարբերաբար լաբորատոր եղանակով ստուգվում է ջուրը:

-Յուրաքանչյուր ամիս ջրի լաբորատոր փորձաքննություն ենք իրականացնում: Ջուրը մաքուր է, մանրէազերծված, և ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել,- հավաստեց բ/ծ կապիտանը:

Օրվա մեջ երկու անգամ ստուգում են ճաշարանում վերակարգի մեջ նշանակված զինվորների առողջական վիճակը, սննդամթերքի որակը, սննդի պատրաստման սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման կարգը:

-Ստուգումների արդյունքները արձանագրվում են համապատասխան մատյաններում, և նոր միայն սնունդը բաց է թողնվում: Ստուգման է ենթարկվում նաեւ ճաշարանի աշխատակազմը: Սանիտարահիգիենիկ խախտման էական դեպք այս երկու տարիների ընթացքում չի արձանագրվել: Պարբերաբար ստուգվում են բաղնիքն ու լվացքատունը: Հայտնաբերված թերությունների մասին անմիջապես զեկուցվում է հրամանատարին, և անմիջապես համապատասխան միջոցներ են ձեռնարկվում,- տեղեկացնում է Հասմիկ Մուշեղյանը:

Բուժկետի ատամնաբուժարանը կահավորված է ժամանակակից չափանիշներին համապատասխան, ինչը հնարավորություն է տալիս իրականացնելու լիարժեք բուժում:

Տեխնիկական հագեցվածության շնորհիվ տեղում իրականացվում են ատամների պլոմբավորման և հեռացման գրեթե բոլոր աշխատանքները, և միայն բացառիկ դեպքերում են զինծառայողներն ուղեգրվում կայազորային բուժհաստատություններ:

– Մենք պարբերաբար ստուգում ենք զինծառայողների ատամների վիճակը, հիգիենայի կանոնների պահպանումը, ինչը շատ դեպքերում թույլ է տալիս կանխելու ատամի հեռացումը, կանխարգելելու բերանի խոռոչի մի շարք հիվանդություններ, անհրաժեշտության դեպքում՝ պլոմբավորմամբ վերացնելու ատամի հեռացման վտանգը,- ասում է ատամնաբույժ Կարեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ դեղամիջոցներն ու տեխնիկական սարքավորումները պարբերաբար նորացվում են, բայց երբեմն չեն բավարարում արմատի լիցքի համար անհրաժեշտ նյութերը, ինչը, այդուհանդերձ, չի խոչընդոտում ատամնաբուժարանի բնականոն աշխատանքն ու չի հետաձգում անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը:

Ուսումնական զորամասի զինծառայողները գոհ են զորամասի բուժծառայությունից, եւ ատամնաբուժարանը համարում են իրենց փոքրիկ, բայց շատ կարեւոր ձեռքբերումը:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #05 (1074) 12.02.2015 – 18.02.2015, Ազգային բանակ


11/02/2015