ՆՎԵՐՆԵՐ ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐԻՆ
Մայիսյան տոների առթիվ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել PC electronics ընկերությունը:
Հանրապետական կենտրոնական զինկոմիսարիատի բակում ընկերության ներկայացուցիչները հաշմանդամ զինվորականների, հայրենյաց սահմանների պաշտպանության համար մղված մարտերում ակտիվ մասնակցություն ունեցած և այսօր էլ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մի շարք զինծառայողների հանձնեցին նվերներ: Միջոցառմանը ներկա էին մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան զինվորականներ:
Ջերմագին շնորհավորանքներ և արժեքավոր նվերներ ստացան 11 զինծառայող հաշմանդամներ, ՀՀ ու Արցախի սահմանների պաշտպանության համար մղված մարտերին ակտիվորեն մասնակցած 19 զինծառայողներ, ովքեր այսօր էլ մեծ նվիրումով ծառայում են հայկական զինված ուժերում:
Շնորհավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձերի կապակցությամբ` թե՛ պաշտպանության նախարարության և թե՛ PC electronics կազմակերպության ներկայացուցիչները ևս մեկ անգամ արժևորեցին Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման համար մղված մարտերում ազատագրական ոգով մարտի ելած խիզախ հայորդիների սխրանքը: Նրանք նաև վստահեցրին, որ երբեք ոչ ոք ու ոչինչ չի մոռացվում, և մայիսյան փառավոր տոների նախաշեմին պատրաստված նվերները նվազագույնն են, ինչով կարող են մի փոքր ուրախություն պարգևել հատկապես հաշմանդամ զինվորականներին և նրանց ընտանիքների անդամներին:!–:–
Խորագիր՝ #18 (1036) 15.05.2014 – 21.05.2014, Բանակ և հասարակություն