Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՊԵՏԸ



…2013թ. վերջն էր: Վաղուց չէի եղել պաշտպանության նախարարության ճաշարանում: Ընդարձակ սրահում ոչինչ չէր փոխվել, բայց նորության շունչ կար, այն ասես ավելի լուսավոր էր դարձել: Խոհանոցային հատվածում, որ ճաշասրահից տեսանելի է, մշեցու հաղթանդամ երևույթով, բարեհամբույր, ժպտուն դեմքով, ձյունաճերմակ խալաթով ու գլխարկով, ասես Լապլանդիայից հենց նոր ժամանած Ձմեռ պապ խոհարարն ինչ-որ հանձնարարություններ էր տալիս աշխատող կանանց: Ամենաուշագրավը ձյունաճերմակ արտահագուստի թևքի վերնամասում աչքի զարնող հայոց Եռագույնն էր: Մտածեցի, որ սրահի պայծառությունը հենց Եռագույնից է ճառագում: Երբ աշխատող կանանցից մեկին հարցրի խոհարարի անունը, հետաքրքիր պատասխան տվեց. «Մենք նրան Վարպետ ենք ասում»: Երբ Վարպետը մոտեցավ հերթի կանգնածներիս, հետաքրքրվեց՝ ի՞նչ առաջարկություններ ունենք, ես հարցրի. «Վարպե՛տ, ինչպե՞ս եք վերաբերվում մեր հարևանների կողմից հայկական ճաշատեսակները յուրացնելու, որպես իրենցը ներկայացնելու փաստին»: Երկու ժամ անց ես սղագրում էի Վարպետի՝ Սենիկ Սարգսյանի խոսքը ոչ միայն հայկական տոլման, հարիսան, փիթին այլոց կողմից յուրացնելու, այլև տարբեր ազգերի խոհանոցների և, ընդհանրապես, իր մտորումները կյանքի ու աշխարհի մասին:

-Եթե մեր հարևաններն իրենցն են համարում հայկական ճաշերը, նաև գորգարվեստն ու մեղեդիները, մեր մեղավորությունն էլ կա: Չենք գնահատում, չենք ներկայացնում, ուրիշն էլ որ չունի, տեր է կանգնում:

-Երկարամյա աշխատանքից ի՞նչ հետաքրքիր պահեր եք հիշում:

Օրհնանքով եմ հիշում Կարեն Դեմիրճյանին: Նա իմ սիրելի ղեկավարներից է: Ընտանիքով ապրում էինք առանց կենցաղային հարմարությունների մեկ սենյականոց բնակարանում: Կարեն Դեմիրճյանը մեր՝ Լենինյան շրջանի պատգամավորն էր: 1986թ. դիմում գրեցի նրան, նկարագրեցի՝ ի՛նչ անտանելի պայմաններում ենք ապրում: Դիմումս անարձագանք չմնաց: Ոչ միայն մենք, այլև վթարային այդ շենքում ապրող բոլոր ընտանիքները նորակառույց շենքերում բնակարաններ ստացանք:

-Եթե կրկին ծնվեի՞ք…

-Չեմ ուզենա ապրել Հայաստանից հեռու: Իմ հայրենիքում ցամաք հաց կուտեմ ու չեմ գնա: Շատ ուրախ եմ, գոհ, որ հայոց բանակի սպաների ու զինվորների համար եմ ճաշեր եփում: Պատիվ է: Ու ես սոսկ բառեր չեմ ասում:

Ափսոս, որ չկա այդպիսի հաստիք՝ խոհարարության գծով գեներալ: Վարպետին կվայելեր այդ կոչումը: Դրանից նրա ճերմակ խալաթի թևքին պատկերված Եռագույնն ավելի պայծառ կփայլեր:

ԱՍՊՐԱՄ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Խորագիր՝ #14 (1032) 17.04.2014 – 23.04.2014, Ազգային բանակ


17/04/2014