ԱՐՑԱԽԸ ՍԻՐՈՒՑ ԾԱՂԿԵԼ ԷՐ
Այս կյանքը լի է հարցականներով։ Հազար ու մի հարց է ծագում գլխումդ, որի պատասխանը չգիտես.. Չգիտես՝ ինչի համար ես աշխարհ եկել, ինչ անես, որ երջանիկ լինես… Բայց ես գտել եմ մի հարցի պատասխան… Ինչո՞վ է իմաստավորվում մարդու կյանքը։ Ահա այս հարցի պատասխանն եմ գտել։ Մարդու կյանքի իմաստը ուրիշին օգնելն է։ Ես չգիտեմ՝ ուրիշին օգնելու մղումը բնատո՞ւր է, թե ձեռքբերովի, բայց երբ ես նեղն ընկած մարդ եմ տեսնում, առանց մտածելու վազում եմ օգնելու։ Փոքրուց եմ այդպիսին եղել… Պատահել է՝ վտանգել եմ կյանքս, ինձ կրակի մեջ եմ նետել… վիրավորին գրկած հիվանդանոց եմ հասցրել երկար ճանապարհ կտրելով։ Ու երբ եկել եմ տուն, մի երանելի խաղաղություն է լցվել հոգիս… Գուցե հենց դա է երջանկությունը։ Երբ Արցախյան պատերազմը սկսվեց, ես նոր էի դպրոցն ավարտել։ Վեր կացա ու գնացի ճակատ։ Անկեղծ ասած՝ այն ժամանակ ինձ համար գլխավորը հայրենիքն ազատագրելն ու թշնամուն սպանելը չէր… Ես գնացի, որ օգնեմ մարդկանց։ Ֆիդայի տղերք կային այնտեղ՝ հաղթանդամ, հերոս, առյուծ տղերք։ Խնդմնդացին վրաս, ասին՝ մի շաբաթ էլ չես դիմանա, դժոխքի բաժին կդառնաս։ Այդուհանդերձ մոտ մեկ ամիս մնացի, հետո ինձ տուն ճամփեցին։ Ու էդ մեկ ամսվա տպավորությունները բավական էին, որ ես նկարիչ դառնայի։ Ինչ-որ ակունք բացվեց իմ ներսում… Ավարտեցի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը…
Երբ ավելի երիտասարդ էի, փորձում էի հասկանալ, թե ինչու է մարդը նկարում, ինչու է վերցնում վրձինը, պատկեր ու գույներ գծում թղթի վրա… Հետո ինքս ինձ համար բացահայտում արեցի (ճիշտ, թե սխալ՝ չգիտեմ)։ Կյանքը երկխոսություն է։ Ամեն մեկս խոսում ենք մի լեզվով՝ բառերի, գույների, հնչյունների… Գուցե էլի լեզուներ կան… Օրինակ՝ աչքերի, սրտի… ամեն դեպքում՝ կյանքը լռություն չէ։ Ու ես գույների լեզվով եմ խոսում մարդկանց հետ։ Ես նրանց պատմում եմ իմ սիրո, կասկածների, կորուստների, հրճվանքի… իմ ուրախությունների ու հուսալքումների, իմ անկումների ու վերելքների մասին։ Շատերն ասում են՝ իմ արվեստը բժշկում է մարդու հոգին, իմ արվեստը օգնում է մարդկանց, ազնվացնում, կրթում է նրանց զգացմունքները, վեհացնում է… Իմը ուրիշ է։ Իմ մտքով չի անցնում, որ նկարները կրթելու են որևէ մեկին, ազնվացնելու են կամ վեհացնելու… Պարզապես, ես մարդկանց հետ խոսելու կարիք ունեմ։ Մարդու կարիք ունեմ։ Բախտավորություն է, երբ ինչ-որ մեկը լսում է քեզ։ Երջանկություն է, երբ լսելով հանդերձ նաև հասկանում է, հաղորդակցվում է քո ցավին ու քո ուրախությանը…
…Անցյալ տարի Արցախ գնացի։ Զորավարժություն էր։ Անցյալ տարի տեսա այն վայրերը, որտեղ եղել էի պատերազմի ժամանակ ու էլի մի նոր բացահայտում արեցի։ Կյանքը սեր է։ Այս աշխարհը արարվել է սիրուց դրդված։ Ամեն չարիքի պատճառը սիրո բացակայությունն է։ Եվ ամեն լավ բանի դրդիչը Սերն է։ Արցախը սիրուց ծաղկել էր։ Ես հասկացա, թե որն է մեր հզորության գաղտնիքը… Եվ թե ինչու մենք հաղթեցինք Արցախյան պատերազմում, երբ բոլոր ցուցիչները պարտություն էին գուժում… Որովհետև մենք սեր հանեցինք թշնամու ատելության դեմ։ Ադրբեջանցիները ատում են Արցախը, մենք սիրում ենք։ Այդ պատճառով էլ Արցախը երբեք ադրբեջանցիներինը չի լինի։ Սերը հերոսություն է, Սերը անձնվիրություն է, Սերը ուժ է… Արցախ ուղևորվելու ճանապարհին հանկարծ ավտոբուսի մեջ մեկը ուշաթափվեց, ինչպես ժողովուրդն է ասում՝ լեզուն կուլ գնաց… Ես բժիշկ չեմ, ոչ էլ որևէ նման օգնություն եմ ցույց տվել որևէ մեկին, բայց ինչ-որ հրաշագործ ուժ իջավ վրաս։ Մարդուն օգնելու ցանկությունս այնքան մեծ էր, որ չմտածեցի՝ կարող եմ, թե չեմ կարող… Եվ օգնեցի… Գրեթե անշնչացած մարդը սկսեց շարժվել, խոսել, ժպտալ… Ես Արցախից վերադարձա հոգուս մեջ լույս ու ջերմություն անբարած, որը օգնում է ու կօգնի ինձ ապրել, հավատալ սիրո զորությանը, հաղթահարել դժվարություններ եւ հավատով նայել վաղվա օրվան։
ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Խորագիր՝ #49 (1016) 12.12.2013 – 18.12.2013, Բանակ և հասարակություն