ԽՈՍՔ ԶԻՆՎՈՐԻՆ
Սիրելի՛ զինվոր, նախորդ հոդվածում քեզ հետ խոսեցի քրիստոնեական սիրո մասին, այժմ ուզում եմ քեզ հետ խոսել քրիստոնեական խոնարհության մասին, որի իմացությունն ու գործադրումը ևս շատ անհրաժեշտ է ծառայությանդ ընթացքում: Նախ՝ արի միասին հասկանանք, թե ո՞րն է խոնարհությունը: Ահա թե ինչ է ասում Եկեղեցու նշանավոր հայրերից Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցին կատարյալ խոնարհության մասին. «Կատարյալ խոնարհը, որքան էլ մեծամեծ շնորհներ, ունեցվածք, պատիվ ու մեծություն ունենա, իր մասին նվաստ կարծիք ունի. իր ունեցած առավելությունները չի տեսնում, այլ կամենում է իր թերությունները տեսնել՝ դրանք շտկելու համար, որով է՛լ առավել է արժանանում Աստծո շնորհներին»: Խրատի Թանգարան, Ս. Էջմիածին, 2009թ., էջ 208/: Սիրելի՛ զինվոր, խոնարհության օրինակներ են մեր բոլոր քրիստոնյա նահատակները, երբ գնում էին նահատակության քաջ գիտակցելով, որ նահատակությունից հետո Աստծուն պետք է տեսնեն, ցանկացած փորձություններ և հալածանքներ դիմավորում էին խոնարհ սրտով, իրենց մեջ ունենալով Քրիստոսի և Սրբերի խոնարհության օրինակները: Խոնարհության օրինակ է մեր հավատքի Հայր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը, ով 12 հալածանքներից և 13 տարի Խոր Վիրապում մնալուց հետո հաստատ մնաց իր հավատքի մեջ՝ չուրանալով Քրիստոսին: Խոնարհության օրինակներ են Հռիփսիմյանց կույսերը, ովքեր իրենց անարատ պահեցին Քրիստոսի հավատն իրենց սրտերի մեջ արմատավորված ունենալով: Խոնարհության օրինակներ են նրանք, ովքեր չնայած մեծ հարկադրանքին՝ ընդունելու հեթանոսություն, մահմեդականություն, հաստատ մնացին քրիստոնեության հիմքերին: Խոնարհության բազում օրինակներ կարող ենք բերել Սուրբ Գրքից: Աբրահամը խոնարհվեց Տիրոջ առաջ՝ ասելով. «Ես հող եմ ու մոխիր» /Ծննդ. ԺԸ 27/, դրա համար նահապետների գլուխ եղավ: Դավիթը խոնարհվելով՝ ասում էր. «Ես որդ եմ ու ոչ մարդ, նախատինք եմ մարդկանց համար» /Սաղմ. ԻԱ 7/, դրա համար Աստծուց մարգարեության շնորհ ստացավ և կանչվեց ժողովրդին թագավորելու: Այդպես և Հովհաննես Մկրտիչը խոնարհությամբ ասում էր. «Արժանի չեմ արձակելու Նրա կոշիկների կապերը» /Յովհ.Ա 27, Մարկ. Ա. 7/, դրա համար արժանի եղավ Քրիստոսին մկրտելու: Պետրոս առաքյալն իր խոնարհությամբ Տիրոջն ասում էր. «Հեռո՛ւ գնա ինձանից, Տե՛ր, որովհետև մեղավոր մարդ եմ ես» /Ղուկ. Ե 8/, դրա համար Երկնքի Արքայության բանալիներն ստացավ և վեմ անվանվեց: Պողոս առաքյալն իր խոնարհությամբ ասաց. «Արժանի չեմ առաքյալ կոչվելու» /Ա Կորնթ., ԺԵ 9/, դրա համար երկինք թռավ և դրախտը տեսավ:
Ահա, սիրելի՛ զինվոր, որքան խոնարհության օրինակներ բերեցի, որպեսզի մենք հասկանանք, թե ինչքան կարևոր է խոնարհ լինելը: Արդյոք Աստված կբնակվի՞ անօրեն հոգիների մեջ: Եթե ես շտապեմ պատասխանելու այս հարցին, բնականաբար, կասեմ ո՛չ: Ես մտածում եմ, որ այս հարցի շուրջ մենք համակարծիք ենք, քանի որ Աստված միայն բնակվում է խոնարհ հոգիներում.«Ես որտե՞ղ բնակվեմ, եթե ոչ հեզերի, խոնարհների մեջ» /Եսայի, ԿԶ 2/:
Խոնարհությունը ամենայն առաքինության հիմքն է: Յուրաքանչյուր քրիստոնյա անձ, ով Քրիստոսի անվամբ մկրտվել է, պետք է խոնարհ լինի: Սիրելի՛ զինվոր, առավելաբար Դու՛ պետք է խոնարհ լինես, քանի որ խոնարհությամբ դիմացինիդ մեջ խոնարհ հոգի ես սերմանելու: Հիշի՛ր, Աստված սիրում է խոնարհ մարդկանց, այդ իսկ պատճառով է ասում. «Ով խոնարհեցնում է իր անձը՝ կբարձրանա, իսկ ով բարձրացնում է իր անձը՝ կխոնարհվի» /Ղուկ., ԺԴ 11/:
Ծառայության մեջ երբեմն գերիշխում է այն արատավոր երևույթը, թե ով խոնարհություն ունի, որի արդյունքում էլ համեստ է շատ հարցերի մեջ, ուրեմն՝ «լավ տղա չէ»: Այդ հարցին անդրադառնալով՝ Պողոս Պատրիարք Ադրիանապոլսեցին հետևյալն է ասում. «Թող ոչ ոք խոնարհությունը չհամարի հոգու անզորություն կամ մտքի հիմարություն, կամ կամքի թյուրություն, այլ թող ճշմարտապես իմանա, որ խոնարհությունը ոգու արիության, մտքի իմաստության ու կամքի ուղիղ լինելու նշան է: Ուստի, ով ամենքի առաջ կամովին խոնարհվում է, զորեղ, իմաստուն ու բարի է: Եվ ընդհակառակը՝ անզոր, հիմար ու մոլի է, ով խոնարհություն չունի, որովհետև չի կարող իր մոլեկան կրքերը նվաճել և կյանքի պատերազմական դաշտում խոնարհության հաղթանակը շահել» /Խրատի Թանգարան, Ս. Էջմիածին, 2009թ., էջ 208/:
Սիրելի՛ զինվոր, Աստված երբեք չի անտեսում խոնարհի աղոթքը. «Նա նայեց խոնարհների աղոթքներին և չարհամարհեց նրանց խնդրանքները» /Սաղմ., ՃԱ 17/: Չէ՞ որ Աստված երկիրը ժառանգելու խոստում տվեց խոնարհներին ու հեզերին. «Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պետք է ժառանգեն» /Մատթ., Ե 5/: Ուստի, սիրելի՛ ընկեր, արի բաց չթողնենք երկիրը ժառանգելու խոստումը և խոնարհությամբ հաղթահարենք ծառայության ընթացքում մեզ հանդիպող ցանկացած դժվարություն:
Սիրելի՛ ընկեր, մաղթելով քեզ կատարյալ խոնարհություն, նյութս ուզում եմ ավարտել Սիրաքի իմաստության հետևյալ խոսքերով. «Որքան մեծ լինես, այնքան խոնարհեցրու՛ քո անձը, որպեսզի շնորհ գտնես Տիրոջ առաջ» /Սիրաք, Գ 20/:
ՎՈԼՈԴՅԱ սարկավագ ՆԱՋԱՐՅԱՆ
զորամասի հոգևոր սպասավոր