ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԻՐԱՌՎԻ ՍՈՒԶԱՆԱՎԵՐՈՒՄ
Ամերիկացի ուսանող Տրիստան Լորին ստեղծել է մետաղյա հաստ պատերի միջով առանց մալուխի տվյալներ և սնուցում մատակարարելու համակարգ, որը կարող է կիրառվել, մասնավորապես, սուզանավերում: Նոր համակարգը հնարավորություն կընձեռի բարձրացնելու նավերի անվտանգության մակարդակը:
Այսօր ԱՄՆ ՌԾՈՒ սուզանավերում անվտանգության տվիչներ տեղադրելու համար նավի իրանի (կորպուսի) մեջ անցքեր են բացում, որոնց միջով անցնում են էլեկտրական սնուցման և տվյալների փոխանակման մալուխները: Յուրաքանչյուր անցք մեծացնում է նավի իրանի վնասվելու, ինչպես նաև տեղեկատվության արտահոսքի և խափանումների հավանականությունը: Բացի դրանից, մալուխներ անցկացնելն արժե միլիոնավոր դոլարներ և կարող է ամիսներ տևել:
Լորիի հայտնագործությունը լուծում է այդ խնդիրը: Ի տարբերությունը սովորական էլեկտրամագնիսական (առանց մալուխի) համակարգերի, որոնք մետաղյա կորպուսների միջով սնուցման և տվյալներ մատակարարելու համար արդյունավետ չեն, նրա նախագծած համակարգում գործածվում է ուլտրաձայն` բարձր հաճախության ձայնային ալիքներ, որոնք հեշտությամբ ազդանշաններ են տարածում մետաղի և այլ պինդ մարմինների հաստ շերտի միջով:
Պյեզոէլեկտրական փոխակերպիչների միջոցով էլեկտրական ազդանշանները փոխակերպվում են ձայնային ազդանշանների և հակառակը, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում ստեղծել անմալուխ էլեկտրական «կամուրջներ»: Տ.Լորին լաբորատոր պայմաններում ցուցադրել է 50 վտ հզորությամբ սնուցման և 12.4 ՄԲ/վրկ արագությամբ տեղեկույթի փոխանցում 2.5 դյույմ (մոտ 6.25սմ) հաստությամբ պողպատյա թիթեղի միջով: Գյուտարարը համոզված է, որ այս ցուցանիշները կարելի է բազմակի գերազանցել:
Լորիի ստեղծած համակարգը կարող է կիրառվել միջուկային ռեակտորներում, նավթահորեր փորելու սարքավորումներում, խողավակաշարերում, զրահամեքենաներում, խորջրյա հետազոտական փոխադրամիջոցներում և նույնիսկ տիեզերական արբանյակներում ու տիեզերանավերում: