Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ



Կենտրոնական զինվորական հավաքակայանից մինչև մշտական ծառայության վայր, ասել է թե՝ Հայրենիքի հանդեպ պարտքի կատարում, նորակոչիկներին տրվում են նախնական զինվորական գիտելիքներ, պատրաստում շարային քայլքի, ծանոթացնում զորամասի առօրյային, ընթերցում հայրենասիրական գրականություն, ցուցադրում տեսանյութեր, որոնցում արտացոլված է հարազատ զորամասի անցած փառավոր, մարտական ուղին՝ ձեռքբերումների ժամանակագրությունը՝ ուսումնական փուլից մինչեւ զորավարժություններ: Առավել ևս գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում, որի կազմում քիչ չեն Արցախյան ազատամարտի բովով անցած, մարտական հարուստ կենսագրություն ունեցող զինծառայողները, որոնք իրենց անձնական փորձով գիտեն` «Սպայի համար զինվորը նույնքան թանկ է, որքան ծնողի համար հարազատ զավակը»:

Ասված խոսք է` տղամարդն ամբողջ կյանքի ընթացքում երդվում է մեկ անգամ, և դա տեղի է ունենում բանակում: Փոխգնդապետ Կ. Սեդրակյանի հրամանատարությամբ գործող «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր մոտոհրաձգային զորամասում հերթական զինվորական երդման հանդիսավոր արարողությունն է: Արժանիորեն ծառայելու երդումով Հայոց բանակի շարքերը համալրեցին բազմաթիվ զինվորներ: Հայրենիքին անմնացորդ նվիրվելու խոսքը զորավոր է, որը նրանք կհիշեն ողջ կյանքի ընթացքում: Այսպես է դրվում նրանց, իբրեւ հայրենյաց պաշտպան, իսկական տղամարդ կայանալու սկիզբը:

Երդման արարողակարգը տեղի էր ունենում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` զորքերին ուղղված ուղերձին համապատասխան: Նորակոչիկների՝ զինվորական կյանքին շուտափույթ հարմարվելու պատրաստակամությունը, ծնողների ու հարազատների` իրենց զավակների երդման արարողությանն ականատես լինելը, զինվորի նկատմամբ հրամանատարի հոգատար ու հարգալից վերաբերմունքը, տիրող բարձր տրամադրությունը լավագույնս վկայում են, որ նոր սերունդը ևս ամենայն պատասխանատվությամբ ու գիտակցորեն է վերաբերվում ստանձնած նվիրական առաքելությանը եւ իր արտասանած ոչ մի խոսքը քամուն չի տա՝ «…անձնվիրաբար ծառայել հայրենիքին` Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքը: Երդվո՛ւմ եմ»:

Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Ազգային բանակ


15/08/2013