Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՐՈՑԸ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ



18-ՐԴ ԴԱՐԻ 2-ՐԴ ԿԵՍ- 19-ՐԴ ԴԱՐԻ 1-ԻՆ ԵՐԵՍՆԱՄՅԱԿ

Սկիզբը՝ նախորդ համարում

Այդ մասին ժամանակակիցը վկայում է. «Երբ կռվի բախտը շրջվում է, Ղազարը հրահանգում է Զ. Մեսյանին գնալ եւ թիկունքը կազմակերպել: Մեսյանը փորձում էր ստիպել Ղազարին, որ նա գնա, պատճառաբանելով հերոսի՝ կիսով չափ կաղ ոտքը, որով վտանգի պահին խույս տալ հնարավոր չէր: «Ես պիտի մնամ ու կռվեմ մինչեւ վերջին շունչս, եւ թշնամին իմ դիակի վրայով պիտի անցնի Ասկերան»,- այս է լինում Ղազարի պատասխանը»:

Ստեղծված իրադրությունն ստիպել էր Մ. Բադալքյոխյանին նահանջի հրաման տալ իր մարտիկներին: Նա նույնիսկ սպառնաց ատրճանակով իր օգնական գնդապետ Զ. Մեսյանին եւ նահանջել չկամեցող մյուս մարտիկներին` պահանջելով անմիջապես թողնել դիրքերը, բայց ինքը չհետեւեց նրանց, ասելով. «Դուք պետք եք կռվի, իսկ ես` մահվան համար»: Իսկ երբ թշնամու ստորաբաժանումները վարանոտ երթով եւ անկանոն հրաձգությամբ մոտեցան հայ մարտիկների առաջին գծի դիրքերին, նրանց «Մաուզեր»-ի կրակոցներով դիմավորեց միայն Ղազարը: Նա անվրեպ կրակով տապալեց առջեւից մոտեցող օսմանցի սպային եւ երեք ասկյարների, իսկ վերջին գնդակն ուղղեց իր քունքին:

«Թուրքական հորդաներին հատուկ փոքրոգությամբ եւ դաժանությամբ,- գրում է Հ. Թումյանը,- ադրբեջանական հեծյալ զորքի առաջապահ նիզակակիր «թաթարական հեծյալ գունդը» կտրեց զոհված հերոսի գլուխը եւ նիզակի ծայրին տարավ դեպի Շուշի»:

Ասկերանի եւ Շուշիի անկումով Ղարաբաղը, փաստորեն, բաժանվեց երկու մասի, կարեւորագույն Աղդամ-Շուշի ճանապարհն ընկավ հակառակորդի ձեռքը: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից դուրս եւս իրականացնում էր բնիկ հայկական տարրի ցեղասպանությունը: Գլխովին ոչնչացվեցին Նուխու եւ Արեշի գավառների 36 գյուղերի մոտ 49000 հայ բնակիչները:

Ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող խճուղու գրավումը եւ Ղարաբաղը երկու մասի բաժանելը, թվում էր` բեկում կառաջացներ պատերազմում, եւ Ղարաբաղը շուտով անձնատուր կլիներ: Սակայն դա պատրանք էր: Ապրիլի 5-13-ը մղված մարտերում հակառակորդը պարտություններ կրեց, հատկապես Սղնախի մարտում, որից հետո թշնամին գլխապատառ ճողոպրեց ճակատից: Ադրբեջանը, վախենալով հայկական ուժերի հետագա առաջխաղացման վտանգից, իր ողջ զորքերը ստիպված էր պահել Ղարաբաղի սահմանների երկայնքով: Ահա թե ինչու տխրահռչակ 11-րդ Կարմիր բանակը 1920թ. ապրիլի 28-ին Բաքու մտավ առանց դիմադրության: Մայիսի 20-ին բոլշեւիկյան մի զորաջոկատ մտավ Շուշի:

Բոլշեւիկների իշխանությունը նշանավորվեց բռնությունների ու արյունոտ հաշվեհարդարների նոր ալիքով, ինչը Ադրբեջանի նվաճողական քաղաքականության շարունակությունն էր… Ժողովուրդը ոտքի ելավ իր ոտնահարվող իրավունքները պաշտպանելու, Ադրբեջանի լուծը իր վզին փաթաթելու փորձերը խափանելու վճռականությամբ: 1920թ. աշնանը, Թեւան Ստեփանյանի գլխավորությամբ սկսված հակաբոլշեւիկյան շարժումը Դիզակ եւ Վարանդա շրջաններում, նշանակալի հաջողությունների հասավ 1921թ. սկզբին: Սյունիքի ազատագրական պայքարի առաջնորդ Գարեգին Նժդեհից դրամական օգնություն ստանալով՝ Թեւան Ստեփանյանը զինեց պայքարի ոգով տոգորված իր համերկրացիներին, կազմեց աշխարհազոր, որը Կարմիր բանակի զորամասերին եւ «կարմիր» թուրքերին ստիպեց նահանջել Աղդամ, Ջեբրայիլ, Շուշի եւ Գանձակի կողմերը: Բազմամյա պայքարի արդյունքն այն եղավ, որ արցախահայությունը ձեռք բերեց խորհրդային կառավարման ձեւերից մեկը հանդիսացող ինքնավար մարզի կարգավիճակ:

ԱՍԿԵՐԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՎԱՅՐ

Ասկերանը՝ որպես բնակավայր, հիմնականում ձեւավորվել է 1920 թվականից հետո: Սկզբում կար ընդամենը 6-7 տուն: 1967 թվականից քաղաքատիպ բնակավայր էր, իսկ 1978-ից` նորաստեղծ Ասկերանի շրջանի կենտրոն: 1982թ. շրջկենտրոնին է միացվել Ներքին Ղլիջբաղ գյուղը` ավանային խորհրդի առաջին նախագահ Հմայակ Քարամյանի նախաձեռնությունը: Ղլիջբաղ անվանումը, ըստ աշխարհագրագետ Ս. Մելքումյանի, ծագում է «Բերդի այգի» բառակապակցությունից: Ն. Ղլիջբաղ բնակավայրը հիմնադրվել է 1929-1930 թվականներին, Ասկերանի շրջանի Վերին Ղլիջբաղից այստեղ տեղափոխվածների կողմից: Վերին Ղլիջբաղը հիմնված էր այն սարի արեւելահայաց լանջի վրա, որ սկսվում է Թարթառ գետի աջ կողմից: Բնակիչները բնիկներ էին: Սուրբ Աստվածածին եկեղեցին ուներ փայտաշեն ծածկ, գործել է 18-րդ դարից: Գյուղն ունեցել է 56 ծուխ, արական սեռի 242 եւ իգական սեռի 252 բնակիչ: Ժամանակի ընթացքում Ղլիջբաղից բնակիչներն ամբողջովին տեղափոխվել են Ներքին Ղլիջբաղ, գյուղն ամայացել է: Երբեմնի գյուղի մասին վկայում են բնակատեղիում եւ նրա շրջակայքում պահպանված բազմաթիվ պատմամշակութային հուշարձանները:

Շրջանային «Խաչեն» թերթի ծանուցմամբ, 1993թ. մայիսի տվյալներով, պատերազմի տարիներին մշտական հրթիռահրետակոծություններից ավերվել էին շրջանային պոլիկլինիկայի, սանէպիդկայանի, ակումբի, շրջխորհրդի գործկոմի, հացի, գինու, գարեջրի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գործարանների, շրջսպառընկերության, կապի շրջանային հանգույցի, ռադիոկայանի շենքերը, կենցաղսպասարկման օբյեկտները: Հրո ճարակ էր դարձել դպրոցի շենքը եւ, սահմանամերձ բնակավայր հանդիսանալով, երկար ժամանակ նպատակահարմար չէր գործող դպրոցը տեղափոխել Ասկերան: Մասնակիորեն ավերվել էին հիվանդանոցի, գրադարանի, շինմոնտաժային վարչության, ագրոարդբանկի, տպարանի, խմբագրության, ավտոմատ հեռախոսակայանի շենքերը: 1993 թ. մայիսի տվյալներով՝ լրիվ կամ մասնակիորեն ավերվել է 320 տուն:

Եվ հենց պատերազմի տարիներին, մշտական հրետակոծություների պայմաններում, շրջկենտրոնում արդեն իսկ սկսվել էին վերականգնողական աշխատանքները:

ՄՀԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.` ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Պատմության էջերից


15/08/2013