Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ՀՀ ԶՈՒ բարեփոխումների համատեքստում ռազմական կրթության զարգացումը գերակա խնդիր է: ՀՀ կառավարության 2012 թ. մարտի 7-ի նիստի N 9 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ Ռազմական կրթության հայեցակարգի համաձայն` «Ռազմական կրթության համակարգն ապահովում է զինված ուժերի կիրառման, պլանավորման, կազմակերպման և կառավարման վերաբերյալ առկա գիտելիքների փոխանցումը, համապատասխան հմտությունների և կարողությունների ձևավորումը»: Ստորև ներկայացվող հոդվածում արծարծվում են այդ նպատակի իրականացմանն առնչվող խնդիրներ:

Սկիզբը` նախորդ համարում

1. ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՐԱԿ

Կրթական ծրագրերը ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական բուհերում մշակվում են՝ հիմք ընդունելով տվյալ մասնագիտության համար կրթության պետական չափորոշիչում նշված պահանջները:

Ներկայացնենք մի քանի կարևոր առանձնահատկություններ:

Ռազմական բուհերում կրթական ծրագրերի մշակումները իրականացվում են՝ հաշվի առնելով ոչ միայն կրթության շարունակականության ապահովումը, այլ նաև սպայի կայացման ընթացքում դասավանդվող առարկաների՝ ըստ կարևորության մատուցվող չափաբաժինները, ուստի և դրանից ակնկալվող համապատասխան արդյունքները, որոնք ներկայացված են գծապատկեր 1-ում:

Ռազմամասնագիտական կրթություն ապահովող օղակում գործնական պարապմունքների դասավանդման ժամանակի չափաբաժինը կազմում է մինչև 70%, իսկ բարձրագույն ռազմական կրթություն ստացող ունկնդիրների համար՝ մինչև 30%:

Կրթական ծրագրեր մշակելիս հատուկ ուշադրություն է դարձվում ռազմամասնագիտական ուղղվածություն ունեցող առարկաների պլանավորմանը: Գծապատկեր 2-ում ներկայացված է ռազմամասնագիտական, համագիտական և հասարակագիտական առարկաների դասավանդման չափաբաժինները կուրսանտական ստորաբաժանումների և ունկնդիրների խմբերի համար:

Գծապատկերից երևում է, որ բարձր կուրսերի կուրսանտներին և ունկնդիրներին դասավանդվող ռազմամասնագիտական առարկաների չափաբաժինը ունի աճի միտում, որը հնարավորություն է տալիս պատրաստելու արդի պահանջներին համապատասխանող զինվորական մասնագետներ:

Կրթական ծրագրերը մշակվում են պաշտպանության նախարարության զորամիավորումներից, զորամասերից, գլխավոր շտաբի շահագրգիռ վարչություններից ստացվող առաջարկությունների համաձայն, որոնք ձևավորվում են՝ ելնելով կուրսանտների զորային ստաժավորումների, շրջանավարտի՝ սպայի կարգավիճակով ծառայության մեջ ներգրավվելու արդյունքների վերլուծությամբ:

Շարունակելի

ԽԱՉԱՏՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Ռազմական


06/06/2013