Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԵՄԵՍԻՍԻ ԶԻՆՎՈՐԸ` ՀԱԿՈԲ ԶՈՐՅԱՆ



Հայ Դատի պատմության մեջ 1921 թվականի մարտի 15-ը ընդմիշտ կմնա. այդ օրը Բեռլինի Շարլոտենբուրգ պողոտայի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանի գնդակից ջախջախվեց Երիտթուրքական ոհմակի գլխավոր պարագլուխ, Մեծ եղեռնի կազմակերպիչ Թալեաթի գանգը: Լինելով Շահան Նաթալիի «Նեմեսիս» խմբի անդամ, նրա զինակիցներն էին Հակոբ Զորյանը, Հրաչ Փափազյանը, Վահան Զաքարյանը, Լիպարիտ Նազարյանցը, նույն խմբի անդամներ էին Հայոց եղեռնի մյուս կազմակերպիչներին զգետնած Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանը, Միսաք Թոռլաքյանը, Հակոբ Մերճանովը և այլք: Սերունդ, որ քաջ գիտակցեց Նաթալիի խոսքերի իսկությունը. «Ով որ ոչինչ ունի կորսընցնելիք, ոչինչ ունի վախնալիք»:

Եվ այսպես ձեր արդարակշիռ և երկաթեղեն ձեռքերն անպարտելի,

Ձեր զինավառ ու կրակոտ կուրծքերեն կատաղաբար մեկնելով՝

Դավադրությունն և Ոճիրը անողորմ հարվածով մը դեպի հողը կը մխրճեն…

ՍԻԱՄԱՆԹՈ

Թալեաթի ահաբեկման գործողության պատմության մեջ իր եզակի դերակատարությունն ունեցավ նաև Հակոբ Նշանի Զորյանը: Ո՞վ էր նա, ում գիտակցական կյանքը եղավ հերոսական, իսկ վախճանը՝ դաժան, և այն էլ Հայաստան հայրենադարձվելուց հետո: Մարդ, որը շփվելով նման հերոսական անհատների հետ, լինելով նրանց զինակիցն ու գաղափարական ընկերը, հանգամանքների բերումով երբեք չխոսեց նրանց մասին, այլ գերադասեց լռել: Ոչ ոք, ըստ էության, ճանաչելով նրան Խորհրդային Հայաստանում, երբեք չիմացավ, որ Հակոբ Զորյանը, նույն ինքը՝ «Հազոր» (վերցված են անվան և ազգանվան առաջին վանկերը) կեղծանունով Հայը, հենց նա է, որի մասին տարիներ անց Սողոմոն Թեհլերյանը հիշատակում է իր «Վերհիշումներ»-ում, և որն ազգային գործիչ Վահան Մինախորյանի գրառմամբ տպագրվում է Կահիրեում, 1953 թվականին, այն ժամանակ, երբ Զորյանն այլևս ողջ չէր: Թեհլերյանն իրենց առաջին հանդիպումից նրան հիշում է այսպես. «…Հայտնվեց Հազորը, 27-28 տարեկան մի թխադեմ երիտասարդ, որ ուսանում էր Բեռլինի համալսարանում: Նրա դուրեկան դեմքին պարզվեց մի լայն ժպիտ, երբ ծանոթացավ հետս»…

Մի կարճ ժամանակ Թեհլերյանն ապրում է Հազորի տանը, որը վտանգելով իր անձը, կրնկակոխ հետևում էր երիտթուրք պարագլուխներին, ամբողջ տեղեկատվությունը հանձնելով Նաթալիին: Առաջինը Հազորն է հայտնում, որ Բեռլինում տեսել է Թալեաթին: Թեհլերյանի ձերբակալությունից հետո Զորյանը դատավարության ամբողջ ընթացքում հանդես է գալիս որպես նրա թարգմանիչ:

Ոչ ոք չգիտեր ու չէր էլ կարող պատկերացնել, որ, լինելով «Նեմեսիս» խմբի անդամ, Հ. Զորյանը կարող էր այդպես վարժ թաքցնել իր հերոսական ինքնությունն ու անցյալը: Խորհրդային երկրի երկաթյա պարիսպներից ներս՝ ղեկավարելով պատասխանատու պաշտոններ. 1927-28թթ. նա Երևանի հանրային գրադարանի տնօրենն էր, 1932-35թթ.՝ կուլտուրայի պատմության ինստիտուտի, իսկ 1936-37թթ. ստանձնում է Հայաստանի Պատմության պետական թանգարանի տնօրինությունը, 1930-37թթ. Երևանի պետական համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի առաջին վարիչն էր և պատմության ֆակուլտետի դեկանը: 1931թ. Հ. Զորյանին շնորհվում է պրոֆեսորի կոչում: Նախկին վրիժառուն, դաշնակցական գործիչը և՛ զինվոր էր, և՛ անվանի մտավորական: Բառիս բուն և լայն իմաստով՝ կրթված անձնավորություն:

♦♦♦

Հ. Զորյանը 1915 թվականի Եղեռնի ականատեսներից էր ու փրկվածներից: Ծնվել է 1894 թվականի ապրիլի 23-ին, Տրապիզոնի նահանգի Օրդու քաղաքում: Նախնական կրթությունն ստանալով ծննդավայրում, 1908թ. մեկնում է Կ. Պոլիս՝ ընդունվելով Պերպերյան հայտնի վարժարանը, որն էլ ավարտում է 1912թ.՝ գերազանց առաջադիմությամբ: Վերադառնալով հայրենի քաղաք՝ Զորյանը 1912-14թթ. լծվում է ուսուցչի դժվարին ու պատասխանատու աշխատանքին: 1915թ. նրա ընտանիքը, հրաշքով փրկվելով այդ սպանդից, ապաստանում է Բուլղարիայի Շումլե քաղաքում, որտեղ էլ երիտասարդ մանկավարժը մինչև 1919 թվականը վարում է տեղի հայկական վարժարանի վարիչի, հայոց լեզվի և պատմության ուսուցչի պաշտոնները: Հետո մեկնում է Շվեյցարիա, ընդունվում Լոզանի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ: Մեկ կիսամյակ սովորելուց հետո անցնում է Գերմանիա՝ Բեռլին, որտեղ էլ ուսումը շարունակում է տեղի համալսարանի քաղաքատնտեսության ֆակուլտետում (1920-25թթ.):

Տիրապետելով 5-6 լեզուների, Զորյանը աչքի է ընկնում որպես առաջադեմ և տաղանդավոր ուսանող, որին և նկատում են հայտնի գիտնականներ Զոմբարդը և Մարքվարտը, որոնց ղեկավարությամբ էլ գրում է իր թեկնածուական ատենախոսությունը` «Սոցիալական շերտավորումը միջնադարյան Հայաստանում» թեմայով, որը 1927թ. հրատարակվում է Լայպցիգում: Այդ տարիներից էլ անդամագրվում է «Նեմեսիս» խմբակին, մասնակցում ՀՕԿ-ի և նշանավոր հայասեր Յոհաննես Լեփսիուսի Գերմանահայկական ընկերության աշխատանքներին:

1925 թվականին, երբ Զորյանն ավարտում է համալսարանը՝ փիլիսոփայության դոկտորի աստիճանով, ստանում է երկու հրավեր. խմբագրելու Փարիզի «Արեգ» թերթը և դասավանդելու Երևանի պետական համալսարանում: Անկասկած, առանց վարանելու ընդունում է Մայր Հայրենիքից ուղարկված առաջարկը, առանց կանխատեսելու, որ տարիներ անց նույն Հայրենիքում, այլ մտավորականների հետ, քստմնելի դավադրության զոհ կդառնա ու կվաստակի «հայրենիքի դավաճան» պիտակը՝ իր մահկանացուն կնքելով հեռավոր Ուրալի աքսորում:

♦♦♦

Հ. Զորյանի ուսանողներից արվեստաբան, թատերագետ Ռուբեն Զարյանը հիշում է. «Խոսում էր հանգիստ, նախանձելի մի հանդարտությամբ, և թվում էր, ոչինչ, անգամ հրաձգությունը չի կարող փոխել նրա խաղաղ պատմելաձևը, միայն դասամիջոցի զանգից հետո էր հարցնում՝ «Տղանե՛ր, չգիտե՞ք՝ այս ինչ աղմուկ-աղաղակ է»:

Թվում էր՝ ամեն ինչ խաղաղ է: Նախկին դաշնակցականն այժմ կոմունիստական կուսակցության շարքերում է, և ոչ ոք չգիտի նրա անցյալը, որը լի էր հետաքրքիր, հիշարժան դեպքերով ու դիպվածներով Հայ Դատի նվիրյալ դեմքերով, որոնց բախտակից ընկերն էր եղել, սովորել, լսել ու պայքարել:

Հետաքրքիր զուգադիպությամբ նույն այդ տարիներին Հայաստան է հայրենադարձվում նաև «Նեմեսիս» խմբի մեկ այլ վրիժառու գործիչ, անվանի քանդակագործ Արա Սարգսյանը` Երևանի Գեղարվեստի ինստիտուտի հիմնադիրը, նկարիչների միության նախագահը: Նա ևս նույն կյանքով ապրեց, թերևս միայն բախտի բերմամբ խուսափելով ստալինյան աքսորից: Իր վախճանից քիչ առաջ (1969թ.) միայն հայտնի դարձավ, որ նա այն անձնավորությունն է, որի մասին «Նեմեսիս»-ի անդամ, վրիժառու Արշավիր Շիրակյանը գրում է իր «Կտակն էր նահատակներուն» գրքում` հիշատակելով միայն անվան սկզբնատառերը: Եվ տարիների հեռվից բնավ էլ տարօրինակ չի թվում այն ճշմարիտ դիտարկումը Արա Սարգսյանի մասին, որը կատարել է Ռ. Զարյանը իր հուշերում. «…Հայացքում միշտ մի հոգս կար»:

Շիրակյանից շատ առաջ` դեռևս 1930 թվականին, Գերմանիայում հրատարակվում է մի գիրք՝ «Հինգ մատ գլխիդ վերև» վերնագրով, որի հեղինակն էր հայ ժողովրդի մեծ բարեկամ, Եղեռնի ականատես Արմին Թեոֆիլ Վեգները: Գիրքը նվիրված էր 1927 թվականին նրա՝ Խորհրդային Հայաստան կատարած այցելությանը:

Անձամբ, դեռևս Բեռլինից մտերիմ լինելով Հ. Զորյանի հետ, Վեգները, որ Երևանում հանդիպել էր նրան, բազմիցս հյուրընկալվել նրա ընտանիքում, հասկանալով, որ կարող է վտանգել Հայաստանում իր հետ առնչված հայ բարեկամներին, քաղաքական բարդություններ չհարուցելու համար զգուշանում է և նրանցից շատերին իր գրքում ներկայացնում մտացածին անուններով: Հ. Զորյանը հիշատակվում է որպես Զորի: Իզուր չէ, որ նրա մասին Վեգներն անթաքույց հիացմունքով է արտահայտվել. «Եվ ինչպե՛ս է ինձ միշտ հիացնում այս մարդը: Փոքր Ասիայից եկած այս կոշկակարի որդին որքա՜ն արագ բարձրացավ մարդկային գիտության վերին աստիճանները»:

Երբ 1969թ. Վեգները կրկին այցելում է Հայաստան, արդեն չկային Հակոբ Զորյանն ու նրա կինը՝ Եսթերը, սակայն հանդիպումը կայանում է Զորյանների զավակների՝ Էռնայի և Զորիի հետ: Ի՞նչ է գրել նա Զորյանների մասին՝ 1927թ. իր կնոջը` Լեոնորե Լանդաուին հասցեագրված նամակներից մեկում. «Չես կարող երևակայել, թե ինչ հասարակ կյանքով են ապրում: Նրանք բնակվում են մի փոքրիկ սենյակում, որ «պրոֆեսորների տան» առաջին հարկում է: Բացի մի սեղանից և երկու չներկված աթոռից, նրանք ուրիշ կահույք չունեն: Մի քանի մահճակալ գնելու համար չափազանց աղքատ լինելով՝ նրանք ճարել են «թախտեր», փայտաշեն մահճակալներ, ինչպես ընդունված է Արևելքի աղքատ բնակչության մոտ: Անկյունում թղթով ծածկված մի քանի արկղում պահվում են Զորիի գրքերը, որոնց թվում տեսա նաև մեր գերմանական հին ծանոթներին…

Բայց այդ ամենով հանդերձ, այս մարդիկ աղքատ չեն, մինչև իսկ հիմնականում հարուստ ու երջանիկ են. աշխատանքը նրանց մտածելու ժամանակ չի թողնում: Երկու տարվա ընթացքում նրանք չեն կարողացել հագուստ հայթայթել, իսկ Գերմանիայից բերածներն աստիճանաբար մառ գույներ են ընդունում: Զորիի համալսարանական աշխատավարձը մինչև վերջերս հարյուր ռուբլի էր, այնուհանդերձ, նա կեսը տալիս է եղբորը՝ մի փականագործի, որ իր բազմազավակ ընտանիքով տեղափոխվել է Կոստանդնուպոլսից և առ այսօր մնացել է առանց աշխատանքի: Ինչպիսի անձնազոհություն է հարկավոր՝ նման զրկանքների և հրաժարումների պայմաններում բնակություն հաստատելու համար այս քաղաքում, որն իր ռուսական ժամանակներից անխնամ, կեղտոտ տներով և ամենուրեք նորակառույց շինություններով սկիզբ առնող փողոցներով հիշեցնում է հետերկրաշարժյան ավերակավայր: Այո՛, ինչպիսի՛ սքանչելի սեր է ղեկավարում այս քշվածներին, որոնք աշխարհի բոլոր ծայրերից այս երկիրը եկան… Մի երկիր, որ երբեք անցյալում չէին էլ ճանաչել»: Ստալինյան տարիները կործանեցին մարդկային բազում կյանքեր, խեղվեցին ճակատագրեր: Այն բախտորոշ և ողբերգական եղավ նաև Զորյանների ընտանիքի համար:

♦♦♦

1937 թվականին մի զրպարտագրի հիման վրա Ներքին գործերի ժողկոմատը (ՆԿՎԴ) ձերբակալում է մտավորականների մի խմբի: Պատճառաբանությամբ` իբրև թե Երևանում գործել է պրոֆեսորներից կազմված ընդհատակյա մի խմբակ, որը պետական հեղաշրջում է նախապատրաստել: Ձերբակալվածները թվով 19 պրոֆեսորներ էին, և գործն էլ հայտնի դարձավ «Պրոֆեսորների գործ» անվամբ: «Դավադիր» խմբի մեջ էին նաև Զորյան ամուսինները, Կարո Մելիք-Օհանջանյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Հովհաննես Նավակատիկյանը, Լևոն Ռոտինյանը, Ստեփան Ղամբարյանը, Պապա Քալանթարյանը, Գևորգ Գրձելյանը, Ասյա Վերմիշյանը, Բեկ Հովսեփյանը, Արտաշես Քալանթարյանը և այլք:

Մի առիթով Զորյանի զավակը պատմել է. «Հայրս չի հասկացել, թե իրեն ինչու են բանտարկել, ինչպե՞ս կարելի է մարդու ճակատագրի հետ խաղալ անհիմն մեղադրանքով: Հուսահատ օրեր է ապրել, անձնասպան լինելու փորձ արել»:

«Պրոֆեսորների գործ»-ը քննվում է 1940 թվականին` զինվորական տրիբունալում: Սղագրության մեջ պահպանվել է հետաքրքիր մի պատմություն, ինչը հետագայում, աքսորից վերադառնալուց հետո, պատմել է ազգագրագետ Կարո Մելիք-Օհանջանյանը: Դատավարության ժամանակ դատախազի` Զորյանին ուղղված այն հարցին, թե` «Ճի՞շտ է, որ դուք մասնակից եք եղել Թալեաթի սպանությանը», Թեհլերյանի արժանի զինակիցը անվարան պատասխանել է. «Ճի՛շտ է, և դա իմ կյանքի ամենալուսավոր էջն է, և ես հպարտանում եմ դրանով: Եթե նորից առիթ լիներ, ես դա կկրկնեի…»: Հենց սա էլ դրվել է մեղադրանքի հիմքում: Նախկին վրիժառուն նաև զարմանում է դատախազի տեղյակությունից, որովհետև այդ մասին ոչ ոքի երբեք չէր պատմել: Հետո հիշում է, որ գրողներից մեկին, նույնպես ձերբակալվածի, մի զրույցի ժամանակ, երբ լավ տրամադրության մեջ էր, թեթևակի ակնարկել է:

Հ. Զորյանն աքսորվում է Ուրալի հեռավոր շրջաններից մեկը: Աքսորի ճանապարհին, մինչև Չելյաբինսկ, եղել է Կարո Մելիք-Օհանջանյանի հետ: Ընդհանուր դժբախտությունը բարեկամացնում է նրանց: 1941 թվականի դեկտեմբերի 31-ին բանտում միասին դիմավորում են Նոր տարին: Զորյանը վախճանվում է 1942 թվականին: Հ. Զորյանի կյանքի վերջին տարիների պատառիկները պահպանվել են շնորհիվ Կարո Մելիք-Օհանջանյանի, որն աքսորից տուն դառնալուց հետո տիրություն արեց Զորյանի երեխաներին: Այսպիսի վախճան ունեցավ այն ճշմարիտ հայրենասերն ու իսկական մտավորականը, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրեց Արդարության բարձրաձայնման համար:

♦♦♦

Եսթեր Զորյանը աքսորից վերադառնում է 1946թ., բայց Երևանում ապրել չեն թողնում, բնակվում է Քանաքեռում, իսկ հետո պահանջում են, որ մեկնի Սևան, որտեղ էլ աշխատում է օդերևութաբանական կայանում: Կրկին աքսորվում է 1949թ.` Կրասնոյարսկի Տառա սակավամարդ բնակավայր: Ապրելով անմարդկային պայմաններում` բայցևայնպես, իր զավակներին լավատեսական շնչով նամակներ է ուղարկում: Ճակատագիրը կարծես ավելի բարեգութ է գտնվում նրա նկատմամբ, և Ստալինի մահից հետո նա վերադառնում է Հայաստան: Ապրում է մինչև 1962 թվականը` վախճանվելով 70 տարեկան հասակում: Կարճատև հասցնում է վայելել իր զավակների ջերմությունը` ասելով. «Ամեն ինչ պատրաստ եմ ներելու, որովհետև երեխաներս ողջ են և լավ մարդ են դարձել…»:

Հակոբ Զորյանի պայծառ կերպարն ու անունը իր ուրույն տեղը կունենա Հայ Դատի և պահանջատիրության պատմության մեջ: Ազնվագույն հայ, որը հոգու աննահանջ արիությամբ ընդառաջ գնաց մահին: Հակոբ Զորյանն արդարացվեց հետմահու:

ՄԵՐԻ ՔԵՇԻՇՅԱՆ

Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Պատմության էջերից


23/05/2013