Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ



Սեյրան Չիլինգարյանի կենսագրական տեղեկանքներին ծանոթանալիս (իսկ դրանք շատ-շատ են՝ բնութագրեր հասարակական կազմակերպությունների նախագահների, ջոկատների հրամանատարների, անհատների կողմից։ Սեյրանի մասին գրված է նաև Հ. Միրզոյանի «Արծիվներ», Մ. Բաղդասարյանի «Ազատագրում» և Ն. Վարդերեսյանի «Համայնապատկեր» գրքերում) ինձ հետաքրքրեց մի դրվագ, որտեղից էլ ուզում եմ սկսել իմ ակնարկը։

Լաչինի ազատագրական օրերին, երբ բացվեց Հայաստանը Արցախին միացնող Կյանքի ճանապարհը, լուսահոգի Ռեմիկ Մարդանյանը ծանոթանալով Սեյրանին, ջերմ ողջագուրանքից հետո ասում է. «Քո ուղարկած վառելանյութ-բենզինն էլ մեզ օգնեց Կյանքի ճանապարհը բացելուն։ Շնորհակալ եմ՝ իմ պապերն էլ են Տավուշից, ես գիտեմ, թե ինչ մարդիկ են շամշադինեցիները։ Որպես վարձատրություն` քեզ եմ տալիս Լաչինից «գերեվարված» ադրբեջանական այս դրոշը։ Պետական մտածողություն ունեցող մարդը գիտի, թե սա ինչ վարձ է»։

Այս պատմությունն ինձ հիշեցրեց հայոց պատմության մեր ազատամարտ-հերոսամարտերից մեկը՝ Խանասորի արշավանքը։ Հիշեցրեց երկու առումով։ Առաջինը՝ Վասպուրական աշխարհից ձորակով մի ճանապարհ էր ձգվում դեպի Պարսկաստան. դա էլ էր կոչվում Կյանքի ճանապարհ։ Թե՛ ֆիդայիները, թե՛ զինակիրները, ինչպես նաև գաղթականությունը այդ ճանապարհով էին անցնում։ Սակայն քրդական մի ցեղ, որ ապրում էր այդտեղ, նենգ ու դաժան էր վարվում անցուդարձող հայերի հետ, և հայ ֆիդայիները որոշեցին նրանց պատժել։ Այս արշավանքն անցավ փառահեղ, և հերոսական այդ օրերից մնացին նաև մեր վաղեմի ժամանակները (հիշո՞ւմ եք, երբ Շապուհ արքան իր գինու գավաթին քանդակել էր Մուշեղ Սպարապետին ձիու վրա և ամեն անգամ գինի խմելիս ասում էր՝ «Թող ճերմակաձին գինի վայելի», որովհետև Մուշեղ Սպարապետը Շապուհի գերեվարված կանանոցը ասպետավարի ազատ էր արձակել) մեզ հիշեցնող ասպետական մի երգ։ Այն օրերը, երբ ունեինք թագավոր ու պետություն.

-Կանանց երբեք ձեռք տալու չէ հայ ֆիդան…

Եվ Խանասորի արշավանքը անցավ փառահեղ, հերոսական։ Եվ այստեղ էլ ուզում եմ հիշել «պետական մտածողություն» արտահայտության մասին։ Հիշում ենք այս հերոսական արշավանքը, սակայն պիտի անվերապահ ընդունենք հայազգի այն նվիրյալի անունը, ով ապահովեց այդ հաղթանակը (նրա մասին, ցավոք, քիչ է գրվում)։ Դա Պողոս Նուբար փաշան է՝ մեծ բարերարն ու բարեգործը, որը ֆիդայիներին զինեց մոսինով, փոխադրամիջոց-ջորիներով և վարձատրեց այլազգի՝ գերմանացի, ֆրանսիացի սպաներին, որոնք արշավանքից մի քանի ամիս առաջ մարտական պատրաստականություն անցան հայ ֆիդայիների հետ, և որից հետո սկսվեց արշավանքը։ Եվ արդյունքը այդ հերոսամարտի արդեն հայտնի է…

Եվ նորից ուզում եմ հիշատակել Պողոս Նուբար փաշային, որն իր ունեցվածքից բաժին հանեց իր ժողովրդին։ Եվ մեր հերոսամարտերի մեջ այս մեկը պաշտպանություն չէր, այլ հարձակում։ Եվ անցնող տարիների հետ մենք հիշում ենք հաղթական այս հերոսամարտը, սակայն ստվերում թողնելով պետական մտածողություն ունեցող բարեգործ-հայրենասերի անունը…

Եվ նորից շարունակենք մեր ակնարկը Սեյրան Չիլինգարյանի մասին, որին, չգիտեմ՝ կոչեմ ազատամարտի՞կ, բարերա՞ր, թե՞ պարզապես Տավուշի Արծիվ (այդպես է նրա մականունը)։

Ուզում եմ ծանոթացնել նրա անցած կյանքի ճանապարհի որոշ հատվածների։

Ծնվել է 1960թ., Շամշադինի Իծաքար գյուղում։ Ավարտել է Նավուրի միջնակարգ դպրոցը։ Մինչ սահմանային ընդհարումները եղել է տարբեր պատասխանատու պաշտոնների։ Համադասարանցի Մուշեղ Ասրյանի, Անդրանիկ Ջուլհակյանի (Ադանայի Անդո) և շրջանի պարետ Արմեն Բաղդասարյանի (այժմ՝ գնդապետ) հետ օգնել է ջոկատների կազմավորմանը, մարտական հերթապահություն անող խմբերին։ Հետո զբաղվել է բենզինի ներկրմամբ և ավելի ընդլայնել օգնության շրջանակները՝ փախստականներ, ժամանակավոր կացարաններ, սնունդ, պատանդների, դիակների փոխանակում և այլն։ Օգնել է Կոթիի զորանոցի կառուցման գործին։ 1991-ին Շամշադինին, ինչպես նաև ծննդավայր Խծաքարին՝ անվարձահատույց վառելանյութ է հատկացրել աշնանացանի համար։ 1992թ. եղել է Շամշադինի «ՀԱԲ» ջոկատի թիկունքի գծով տեղակալը։

Ներքին կարմիրաղբյուրցի երևանաբնակ Սերգեյ Գալստյանի հետ, որն իր շուրջն էր հավաքել շամշադինցիների, սկսեցին զբաղվել զենք-զինամթերքի ձեռքբերումով։ Սերգեյը մեծ կենսափորձ, հարգանք և կենսագրություն ուներ։ Նա «Տավուշ» և «Ուտիք» նորաստեղծ հայրենասիրական միությունների անդամ էր։ Խմբի մեջ էին ծաղկավանցի Յուրա Խաչատրյանը, արծվաբերդցի Սամվել Մարդանյանը, Ռոբերտ Մայիլյանը՝ Իծաքարից, Վանիկ Փայտյանը՝ Նորաշենից։ Տղաներին օգնեցին Կորյուն Ղումաշյանը և արմավիրցի ականազերծող Գնելը։ Սկսեցին զենք-զինամթերք հայթայթել ռուսական բազայի զինծառայողների հետ բանակցելով։

Վտանգավոր գործողություններ, որին մասնակցեցին շատ երևանաբնակ շամշադինցիներ՝ Սասունը, Համլետը, Միշան, Ֆիդայի Խաչոն, վարորդ Սպարտակը, Արտակը, Սեյրանի եղբայրը՝ Պավելը, որն այդ ժամանակ Բերդի հյուրանոցի տնօրենն էր և մասնակից էր սահմանային բոլոր կռիվներին, ինչպես նաև Բերդից հրամանատարներ Յուրա Պապյանն ու Համլետ Բաբայանը։

Զենք-զինամթերքի բեռնման-բեռնաթափման աշխատանքները նույնպես կատարել են շամշադինցի ուսանողները, որոնց աշխատանքը համակարգում էր ուսանող Էդմոն Զարգարյանը։ Անունները ես փորձում եմ բաց չթողնել, որովհետև նրանք պետք են մեր նորանկախ պետականության տարեգրության համար, և բացի այդ էլ նրանք կամաց-կամաց հեռանում են։ Արմավիրցի ականազերծող Գնելը զոհվեց Արցախում, նորաշենցի Վանիկը այժմ 2-րդ կարգի հաշմանդամ է… Զենք-զինամթերքի հայթայթումը մեծ նշանակություն ունեցավ Շամշադինի շրջանի ինքնապաշտպանական մարտերում։ Բարեգործական այս գործերից զատ Սեյրան Չիլինգարյանը մասնակցել է նաև սահմանային մարտերի՝ Կենտվասակի բարձունքի գրավում, Այգեպարի և Մովսեսի ինքնապաշտպանական մարտեր։

Հիշարժան է զորամասի (հրամանատար Յու. Խաչատուրով, այժմ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ) առաջին զինվորական երդումը, որին հրավիրված էր նաև Սեյրան Չիլինգարյանը։

-Ես ինձ ամրագրված AKC ավտոմատը հանձնեցի հայոց նորաստեղծ բանակի զինվորին։ Հայրենասիրական մեծ ու հիշարժան օր էր. դա նկարահանվել է «Զինուժով», եթեր է արձակվել,- վերհիշում է Ս. Չիլինգարյանը, ապա ավելացնում: -Անմոռաց է նաև 1996թ., երբ Սպարտակ Հարությունյանի կառուցած զորավար Անդրանիկի հուշարձանի բացման ժամանակ մկրտվեց 600 շամշադինցի երեխա։ Մկրտությունը կատարեց տեր Կարապետը։ Սուրբ Էջմիածնից խաչերն ու շղթաները ես էի բերել։ Արարողակարգին ներկա էին շատերը, որոնց թվում և պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։

2005-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով։ Այժմ ինչպես պատերազմի բովով անցած շատ շատերը, Սեյրան Չիլինգարյանը նույնպես չունի աշխատանք։ Կան դժվարություններ, սակայն, չնայած ծանր վիճակին, չի բողոքում…

Նրա կյանքում եղել են փորձության պահեր, ժամանակներ, սակայն, բարեբախտաբար, անցել են՝ փոխարենը թողնելով հայրենասիրության մասին մաքուր, ադամանդյա մտքեր.

-Հայրենասիրություն չի կարելի խաղալ։

-Ստիպողաբար չեն դառնում հայրենասեր՝ դա քո արյան հետ է գալիս։

-Այս մեկը գուցե այն է, որ Մամիկոնյան-Չիլինգարյան տոհմածառի մի ճյուղն է Սեյրանը…

Այսօր էլ հարկ եղած դեպքում, երբ լարվածություն է նկատվում Տավուշի սահմանամերձ գոտում, Ղարաբաղյան պատերազմի վետերանների ՀԿ նախագահ Յուրի Միքայելյանի ղեկավարությամբ և հրամանատարությամբ սահմանին են՝ հայ զինվորների կողքին։ Տեսնել է պետք այն ոգևորությունը, որն ապրում է հայ զինվորը…

Հիմա էլ որոշել է Բիթլիսի հայոց եկեղեցու բակից (Աղբյուր Սերոբի գլուխը ամփոփված է այնտեղ) հող բերել և որպես մասունք այն խառնել Եռաբլուրում հանգչող Սոսե մայրիկի աճյունահողին՝ մեկ մարմին, մեկ հոգի…

Տեղեկանքներ, բնութագրեր՝ որոնցից ամբողջանում է մի կերպար, մի հայորդի՝ Սեյրան Արծրունի Չիլինգարյան։

Արածի համար չի ափսոսում, որովհետև ձեռք է բերել արժանապատվություն և նախնիների գործին արժանի ժառանգորդ լինելու պատիվը։

Մայիսի 28-ը նաև Սեյրանի ծննդյան օրն է։ Շնորհավորում ենք. «Ամեն մարդ անցնում է կյանքի իր ճանապարհը, և այդ ճանապարհին, երբ նյութապաշտությունը կուլ չի տալիս երազանքդ, անպայման կծնվեն ազգօգուտ, հայրենանվեր գործեր…»։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ ՄՈՒՇԵՂ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ

Խորագիր՝ #17 (984) 2.05.2013 – 8.05.2013, Ճակատագրեր


03/05/2013