Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾԱՐԵՑԻՆ ԽՍՀՄ ԿՐԿՆԱԿԻ ՀԵՐՈՍ ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ



Խորհրդային Միության կրկնակի հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 29-ին տեղի ունեցավ հադիսավոր միջոցառում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի դեսպանատների, ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմակայանի ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան և ներկաներին փառապանծ օդաչուի մասին պատմեցին ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, Արցախի հերոս, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, Նելսոն Ստեփանյանի թոռնուհին և այլք:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր խոսքում նշեց, որ Նելսոն Ստեփանյանը կենդանի լեգենդ էր, և նրա կյանքն անհնար է առանց հուզվելու ներկայացնել. «Շնորհավորում եմ մեզ բոլորիս նման մեծ օդաչուի ծննդյան կապակցությամբ: Նելսոն Ստեփանյանը հայ ժողովրդի արժանապատվությունը միշտ էլ բարձր է պահել: Պատերազմի ընթացքում նա չի երկնչել թշնամու զորքերի քանակից, նրան չի հուսահատեցրել հակառակորդի նոր տեխնիկան: Նա կարողացել է դառնալ խոշոր կազմավորման հրամանատար, և իզուր չէ, որ այսօրվա մեր ռազմաօդային ստորաբաժանումների մեջ այն մարտավարական նորարարությունները, որ կատարել է նա, ուսումնասիրության առարկա են հանդիսանում… Մարդկության պատմությունը լի է բազմաթիվ ռազմական իրադարձություններով, որոնց ընթացքում ծնվել են հերոսներ, ովքեր հետո դարձել են մի ողջ սերնդի հպարտությունը, լավի օրինակը. այդ հերոսներից է Նելսոն Ստեփանյանը: Ես ցանկանում եմ, որ մենք բոլորս ձգտենք դառնալ Նելսոն»,- իր խոսքը եզրափակեց Սեյրան Օհանյանը:

Հանդիսության ավարտին ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի և ԶՈՒ օդային պաշտպանության ստորաբաժանման մի շարք զինվորականներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով:

Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-րդ տարեդարձի կապակցությամբ մեծարման արարողություն է տեղի ունեցել նաև կրկնակի հերոս օդաչուի կիսանդրու մոտ:

Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Ազգային բանակ


04/04/2013