Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԿԱՆԴԱԼ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ



Ռուսաստանի օգտին արդյունաբերական լրտեսության մեղադրանքով ԱՄՆ-ում ձերբակալված 11 անձանց շուրջ սկանդալի արձագանքները դեռ չէին մարել, երբ բռնկվեց նորը, այս անգամ՝ ռուս-թուրքական հարաբերություններում: Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հոկտեմբերի 10-ին Անկարայի օդանավակայանում վայրէջքի են հարկադրել Մոսկվայից Դամասկոս (Սիրիա) թռչող սիրիական քաղաքացիական ինքնաթիռը, քանի որ թուրքական հետախուզությունը տեղեկություն էր ստացել, թե դրանով զենք է տեղափոխվում: Ինքնաթիռը խուզարկելու արդյունքում թուրքերը հայտնաբերել և առգրավել են 12 արկղեր, որոնցում, ըստ ռուսական «Կոմերսանտ» թերթի տվյալների, եղել են ՀՕՊ համակարգերի ռադիոլոկացիոն կայանների համար նախատեսված տեխնիկական սարքեր: Ինչպես պնդում է ռուսական կողմը, միջազգային չափանիշներով չեն կարող զենք համարվել, մինչդեռ Թուրքիան հայտարարում է, որ Սիրիայի պաշտպանության նախարարության համար նախատեսված այդ բեռի՝ ակտիվ ռադիոխանգարումներ առաջացնող սարքավորումների տեղափոխումը միջազգային իրավունքի նորմերով արգելված է: Միջադեպի պատճառով կտրուկ լարվել են Ռուսաստանի և Թուրքիայի, Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները: ՌԴ նախագահ Վ.Պուտինը հետաձգել է իր այցը Թուրքիա, որը նախատեսված էր հոկտեմբերի 14-15-ին: Սիրիան հրաժարվել է Թուրքիայից մատակարարվող էլեկտրաէներգիայից, և երկու երկրների միջև տնտեսական բոլոր հարաբերություններն այժմ խզված են:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը չի թաքցրել, որ թուրքական կողմը բեռի մասին իմացել է նախօրոք: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե ինչպե՞ս է կատարվել տեղեկույթի արտահոսքը: Չի բացառվում, որ թուրքերին տեղեկությունը տրամադրած լինեն ամերիկյան աղբյուրները: Միգուցե դա՞ է պատճառը, որ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք ակնկալում են, որ Թուրքիան ԱՄՆ-ին կտրամադրի մանրամասն տեղեկություններ ինքնաթիռից առգրավված բեռի վերաբերյալ:

Հետաքրքիր է, որ սկանդալն անմիջապես հաջորդեց Ռուսաստանի՝ Իրաքին 4.2 մլրդ դոլարի սպառազինություն վաճառելու և Սիրիայի հարցում Ռուսաստանի ու Իրաքի դիրքորոշումների համընկնման շուրջ բարձր մակարդակով արված հայտարարություններին. հոկտեմբերի 8-ին եռօրյա այցով Մոսկվա էր ժամանել Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին և արդյունավետ բանակցություններ վարել ՌԴ ղեկավարության հետ: Չի բացառվում, որ սիրիական ինքնաթիռի կալանումը Թուրքիայի պատասխանն էր սպառազինության մատակարարման վերաբերյալ ռուս-իրաքյան գործարքին, քանի որ վերջինս ուղղակիորեն հակասում է Թուրքիայի շահերին:

Բանն այն է, որ վերջերս Իրաքի և Թուրքիայի միջև հակասությունները սրվել են: Իրաքը թույլ է տալիս, որ իր տարածքով Իրանը բեռներ և մարդիկ տեղափոխի Սիրիա՝ Բաշար Ասադի կառավարությանն օգնելու համար: Իրաքը վառելիք է մատակարարում Սիրիային: Իրաքը թույլ չի տալիս, որ Սիրիայի կառավարության դեմ կռվող ավազակախմբերը ռազմական ճամբարներ հիմնեն իր տարածքում: Իրաքի իշխանական վերնախավում շատ են իրանամետ գործիչները: Իսկ ահա Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Սիրիայի օրինական կառավարությունը տապալվի, և պատերազմի է պատրաստվում Սիրիայի դեմ (Թուրքիան ակնկալում է Սիրիայից տարածք խլել): Այս հարցում Թուրքիայի շահերն ուղղակիորեն հակասում են նաև Ռուսաստանի շահերին:

Իրաքը ռազմական ոլորտում համագործակցում է նաև ԱՄՆ-ի հետ. Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն անցյալ շաբաթ հայտարարեց, որ կնքված են 12.3 մլրդ դոլարի 467 պայմանագրեր: Սակայն ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պահանջել են, որ Իրաքի կառավարությունն այդ զենքը չգործածի երկրի ներսում՝ հարձակողական նպատակներով: Դրանից հետո Իրաքը որոշել է դիմել Ռուսաստանին: Այլ կերպ ասած՝ ռուս-իրաքյան ռազմական գործարքով Իրաքը փորձում է ավելի անկախ քաղաքականություն վարելու պայմաններ ստեղծել:

Մի բան, որ մտահոգում է քրդերին. աչքի առաջ ունենալով Սադամ Հուսեյնի նախադեպը՝ նրանք վախենում են, որ Իրաքի կառավարության ձեռք բերած զենքը կարող է օգտագործվել իրենց դեմ. չէ՞ որ Իրաքի բնակչության երեք հիմնական խմբերը՝ սուննի արաբները, շիա արաբները և քրդերը լուրջ տարաձայնություններ ունեն (մասնավորապես՝ քրդերն ուզում են անկախանալ՝ նավթով հարուստ հանքավայրերով հանդերձ):

Այնինչ, ինչքան էլ քրդերը հակասություններ ունենան արաբների հետ, թուրքերի հետ ավելի լուրջ խնդիրներ ունեն: Թուրք-սիրիական պատերազմը Իրաքի Քրդստանի համար կարող է հումանիտար աղետի վերածվել, քանի որ սիրիացի քրդերը կլցվեն Իրաք: Արդեն իսկ հազարավոր փախստականներ կան: Բացի դրանից, Թուրքիան Սիրիայի դեմ պատերազմ սկսելու դեպքում առիթը կօգտագործի քրդերին ոչնչացնելու համար, որպեսզի նրանք չհզորանան և Թուրքիային տարածքային պահանջներ չներկայացնեն: Ահա թե ինչու հավանական է, որ արաբներն ու քրդերը կմիավորվեն թուրքերի դեմ: Որոշ փորձագետների կարծիքով, Իրաքը այդքան շատ զենք է գնում, որպեսզի պատրաստ լինի Թուրքիայի դեմ պատերազմին:

Ուշագրավ է, որ ԱՄՆ-ը, Եվրոպան և ՆԱՏՕ-ն Սիրիայի հարցում աջակցում են Թուրքիային: Հակադիր ճամբարում են Իրանը, Իրաքը, քրդերը և Ռուսաստանը: Առաջին հայացքից տարակուսանք է հարուցում Արևմուտքի և քրդերի՝ տարբեր ճամբարներում հայտնվելը. չէ՞ որ Արևմուտքը քրդերին աջակցում է անկախության համար մղվող պայքարում: Իրականում, Արևմուտքը վարում է աշխարհաքաղաքական բարդ խաղ, որում Թուրքիայի միջոցով փորձում է չեզոքացնել Սիրիային, քրդերի ձեռքով՝ Թուրքիային, և արդյունքում փորձում ազատվել բոլոր հակառակորդներից:

Թերևս, Իրաքի արաբներն ու քրդերը հասկանում են, որ այդ խաղի մեջ իրենց վերապահված է սոսկ «զինվորիկի» դեր: Այդ է պատճառը, որ նրանք վախենում են տարածաշրջանային մեծ պատերազմից, որը կարող է բռնկվել թուրք-սիրիական հակամարտության սրացման հետևանքով:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #41 (957) 18.10.2012 – 24.10.2012, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


24/10/2012