Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՐՄՈՔ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ



-Իմ ձեռքերի վրա է հանգել, իմ աչքերի առաջ,- փոքր-ինչ հուզված՝ պատմում է կրտսեր եղբայրը՝ պահեստազորի փոխգնդապետ Վլադիմիր Գասպարյանը։ -Արկի հուժկու հարվածից ստացած վերքը խորն էր, մահացու։ Բեկորները խոցել, բզկտել էին ողջ մարմինը, ու նա վայրկյանների ընթացքում ավանդեց հոգին՝ առանց գեթ մի րոպե գիտակցության գալու, առանց բառ անգամ արտասանելու…Է՜հ, ի՞նչ ասեմ…

Հառաչում է։ Ու ես զգում եմ, որ նա մտքով այնտեղ է՝ փոքր ու աննշան այն գյուղի մոտակայքում, ուր ադրբեջանցիները կրակ էին թափում՝ «թողած» դիրքերը ետ վերցնելու համար, ուր մերոնք ոչ միայն համառորեն դիմակայում, այլև քաջաբար կռվելով՝ քայլ առ քայլ առաջ էին գնում…

-Մարտի դաշտում միասի՞ն էիք,- հարցնում եմ։

Նա ասես «սթափվում» ու պատասխանում է.

-Հա, էդ օրն էինք միասին։ Ու համարյա իրար կողքի էինք, մի քառասուն-հիսուն մետրի վրա։ Ես պարզորոշ լսում էի նրա խրոխտ ձայնը, տեսնում, թե ինչպիսի ոգևորությամբ է շարժվում առջևից, ինչպիսի հմտությամբ, խիզախությամբ էր ետ մղում հակառակորդի կատաղի գրոհները։ Դե, ասենք, բախտորոշ այդ ժամին բոլորս էինք մեզ «մոռացել» ու կռվում էինք գժի պես՝ համոզված, որ, ուր որ է թշնամին պիտի թողնի, պիտի լքի մարտի դաշտը։ Բայց հենց այդ ժամանակ լսվեց մի ուժգին որոտ, և ծուխն ու փոշին պատեցին երկինքը։ Սիրտս զգում էր, որ…

Վազում եմ, հասնում և ուզում եմ գրկել, բարձրացնել, սակայն… ուշ էր արդեն… Ոչինչ անել հնարավոր չէր… Ահա այսպես է եղել, այսպիսի հանգամանքներում է զոհվել եղբայրս, մեր բոլորի այնքան սիրելի Ալեքսանդրը, որին պարզապես Ալիկ էինք ասում։

Ասում ու ինձ է պարզում կարմիր շապիկով այն գիրքը, որում խիզախ հայորդու նկարն է, տակը՝ հարազատ ու սրտամոտ այս բառերը.

Ալեքսանդր Գեորգիի Գասպարյան

Իսկ մի քիչ ներքև՝ այս տողերը.

«Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած քաջության և անձնական խիզախության համար, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 50-ամյակի և Շուշի քաղաքի ազատագրման երրորդ տարեդարձի կապակցությամբ հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»։

Եվ սա դեռ ամենը չէ։

Նա արժանացել է նաև «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, «Մայրական երախտագիտություն» մեդալի, տասնյակ պատվոգրերի, գովասանագրերի։

Մինչև շարժումը սկսվելը Ալեքսանդրն ընտանիքով ապրում էր Բաքվում։ Ու թեև լավ էր վաստակում (կենտրոնում դերձակ էր աշխատում), բայց չէր հարմարվում, հեռանկար չէր տեսնում, հարազատ լեռնաշխարհի կարոտն էր քաշում։ Ու մի օր էլ (դա 88-ի սկզբներին էր) որոշում է թողնել ամեն ինչ ու գալ Ստեփանակերտ։ Որոշումը՝ որոշում էր։ Գալիս ու օրեր անց՝ կանգնում է միտինգավորների կողքին։ Նաև հանդուգն ու անվախ տղաների հետ ինքնաշեն զենքեր է սարքում, տեղափոխում, հասցնում ուր պետք է՝ Շահումյան, Մարտակերտ։ Իսկ երբ իրավիճակը ծայրահեղ սրվում է, ու սկսվում է կռիվը, նա առաջիններից մեկն է ձեռքն առնում զենքը։

Կրկժան, Խոջալու, Աղդամ, Կուբաթլու, Զանգելան, Ջեբրայիլ, Ֆիզուլի, Հորադիզ, Մարտակերտ, Ժդանով… Սրանք այն վայրերն են, այն տարածքները, ուր հաղթական մարտեր է մղել նա։

Այո՛, նա ապրում է, կա՛, քանզի կան գետնին ընկած նրա զենքը բռնողներ, կիստ թողած գործը՝ շարունակողներ, իղձը, բաղձանքը կյանքի կոչողներ։ Դուստրը՝ Գայանեն, ավարտել է բժշկական ուսումնարանը, և արդեն ութ տարի է՝ աշխատում է ԿՊՇ-ում, այնտեղ, ուր ծառայել է հայրը։ Ավագ լեյտենանտ է, բարեխիղճ ու կարգապահ զինծառայող։ Մեծ տղան՝ Արթուրը, ավարտել է Արցախի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի բաժինը և աշխատում է քաղաքի զինկոմիսարիատում։ Ավագ լեյտենանտ է ու սիրով, հաճույքով է հագնում զինվորական համազգեստը։ Փոքրը՝ Արմենը, դեռ 4-րդ կուրսի ուսանող է, սովորում է Երևանի գյուղատնտեսական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում։ Այսինքն՝ Գասպարյանների օջախում մի առանձնահատուկ սեր ու ակնածանք կա զինվորականի համազգեստի հանդեպ։

Ալիկ Գասպարյանի մահվանից տարիներ են անցել, տասնութ երկար ու ձիգ տարիներ։ Սակայն ցավը, մորմոքը դեռ չի մոռացվել։ Ամեն տարի հուլիսի 27-ին ու դեկտեմբերի 25-ին, նաև տոնական օրերին, հարազատները գնում են Ստեփանակերտի հուշահամալիր, թարմ ու անուշաբույր ծաղիկներ դնում նրա գերեզմանին։

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
Թոշակառու ուսուցիչ

Խորագիր՝ #37 (953) 20.09.2012 – 26.09.2012, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


26/09/2012