Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՉՎԵՐԱՑ



Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարեւորն է, որովհետեւ նվիրված է գերությունից Խաչի վերադարձի եւ փառաբանության հիշատակին:

Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը, այս տարի` սեպտեմբերի 16-ին:

Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեվարվում եւ Պարսկաստան է տարվում նաեւ Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում եւ դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս.Խաչը եւ այն վերադարձնում նախկին վայրը: Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաեւ հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:

Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած Երուսաղեմ է տանում եւ իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց եւ սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը` Խաչվերացը:

Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս խաչվեց` այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել նշանակում է նաեւ զոհաբերություն, զրկանք հանձն առնել:

Ըստ Գրիգոր Տաթեւացու` Խաչը դարձավ երկնքի եւ երկրի` Աստծու և մարդկանց միջեւ եղած վիհը հաղթահարող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Խաչի վեր բարձրացումով սարսափահար եղավ սատանան: Խաչի բարձրացումով մեկ անգամ եւս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի եւ բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը:

ԽԱՉՎԵՐԱՑՆ ԸՍՏ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ

Ժողովուրդը Խաչվերացին կատարում է ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում եւ զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ:

Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն` ուլի միսը եւ ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Ինչպես մյուս 4 Տաղավար տոների դեպքում, այնպես էլ Խաչվերացի հաջորդ օրը Մեռելոց է` ննջեցյալների հիշատակության օր: Եկեղեցում, ի հիշատակ բոլոր ննջեցյալների, մատուցվում է Սուրբ եւ Անմահ Պատարագ, որի ավարտին կատարվում է հոգեհանգստյան կարգ: Յուրաքանչյուր բարեպաշտ քրիստոնյայի պարտքն է, որ հարգելով իր ննջեցյալին՝ մասնակցի Սուրբ եւ Կենարար Պատարագին, իրեն հարազատ ննջեցյալի անուն ազգանունը ներկայացնի պատարագիչ քահանային, որպեսզի քահանան իր աղոթքներում Տիրոջ առջեւ հիշատակի նրա անունը:

Սուրբ Պատարագից հետո մարդիկ այցելում են իրենց հարազատների շիրիմներին եւ աղոթքով ու խունկ ծխելով հարգում նրանց անմոռաց հիշատակը: Քահանայի ներկայության դեպքում կատարվում է նաեւ Հոգեհանգստյան կարգ եւ Գերեզմանօրհնեք:

ՏԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քահանա ԴԱՆԻԵԼՅԱՆ

Խորագիր՝ #37 (953) 20.09.2012 – 26.09.2012, Հոգևոր-մշակութային


26/09/2012