Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՖԵՆՈՄԵՆԸ



Զրույց ազատամարտիկ ՊՈՂՈՍ ԽԱՄՈՅԱՆԻ հետ

-Դուք վերջերս գնացել էիք Արևմտահայաստան՝ տեսնելու Ձեր պապերի ծննդավայրը, Սասնո Բերմ գյուղը։ Եկեք հենց այստեղից էլ սկսենք մեր զրույցը։ Ինչպիսի՞ տպավորություններով վերադարձաք։

-Պապերս մեռան Սասնո կարոտը սրտում։ Հորս ու մորս նախնիները Բերմ գյուղից են, այստեղ է իմ արմատը, ակունքը, սկիզբը։ Երբ տատս պատմում էր, գյուղը նկարվում էր իմ աչքի առաջ՝ երկու եկեղեցիները, Սիմա աղբյուրը, ակումբը… Ծննդավայր գնալու իղձը տարիների փափագ էր…

Անասելի հուզված էի, երբ հասա Սասուն… Ես չգտա այն գյուղը, որ տատս էր պատկերել իմ մանկական հիշողություններում… Եկեղեցիները խոնարհված էին, հավասարեցված հողին, ընկուզենիների անտառը վառելափայտ էր դարձել թուրքերի համար, և հայերի երբեմնի շեն ու կանգուն տների սրբատաշ քարերը զարդարում էին քրդերի նորակառույց կացարանները… Գույնզգույն շորերով քուրդ կանայք, փափախավոր տղամարդիկ մորեմերկ վխտացող տղեկները այնքան աններդաշնակ էին իմ երազանքների գյուղին, իմ ծննդավայրի սրբազան պատկերին… Ինձ թվաց՝ լսում եմ հարազատ հողի տնքոցը օտար ներբանների տակ…
…Վերադարձա՝ մի քանի մասունք բերելով հայրենիք…. Մի բուռ հող, ջուր Սիմա աղբյուրից։ Տարա ու ցողեցի պապերիս գերեզմանին։

-Տխուր ծես է… Մի տեսակ վհատեցնող…

-Չէ՛… Վհատեցնող չէ… Քանի դեռ մենք մեր հողը, որպես սուրբ մասունք, խառնում ենք իրենց ծննդավայրից հեռու թաղված մեր պապերի աճյունին, քանի դեռ էդ հողի կարոտը չի մեռել մեր սրտում, ուրեմն դեռ հույս կա, որ մեր որդիները ժառանգել են մեր ցավը, սերը առ հայրենիք, առ կորուսյալ ծննդավայր…

-Գեղեցիկ եք պատմում։

-Ցանկանում էի բանասեր դառնալ… Ես գրականության, արվեստի սիրահար եմ:

– Կաղում եք. պատերազմի ժամանա՞կ է եղել…

-Այո՛… Հակառակորդը հարձակվում էր մեծ ճակատով։ Անկեղծ ասած, Արցախյան պատերազմի ընթացքում ես այդպիսի կազմակերպված և լայնածավալ հարձակում չէի տեսել։ Եթե նախկինում ադրբեջանցիների հրետանին չգիտես ում էր նշան բռնում, այս անգամ խփում էր ճիշտ նշանակետին։ Նրանք մարդկային ուժով ուղիղ տասն անգամ գերազանցում էին մեզ… Տարածքը պահում էինք գերմարդկային ուժերով։ Դրությունն օրհասական էր… Տղաները զոհվում էին։ Երևի չէինք դիմանա, եթե մեր կողքին չլինեին 18-20 տարեկան ջահել տղերքը։ Նրանց ներկայությունն ուժ էր տալիս… Երբ հակառակորդը սկսում էր կրակել բոլոր զինատեսակներից, և մահը դառնում էր այնքան հավանական ու անխուսափելի, տղաներն սկսում էին բարձրաձայն երգել։ Ռումբերը սուրում էին, հողը ցնցվում… Տղաները բարձրաձայն երգում էին Սասնա երգեր։

-Վերջերս, երբ հարցազրույցի ժամանակ նախարարին հարցրի, թե ինչպես է մարդը հերոսանում, նա ասաց, որ իրավիճակն է հերոսացնում մարդուն։

-Թե չէ ինչպե՞ս կհաղթեինք ադրբեջանցիներին… Միշտ, բոլոր ճակատամարտերում տասնապատիկ գերազանցել են մեզ։

-Ի՞նչ է, թշնամու ճամբարում հերոսանալու միջավայր չկա՞ր…։

-Էս կռիվը բարոյականության կռիվ էր… Ուզում եմ ասել՝ էս կռվում բարոյականությունը հաղթեց։ Ադրբեջանցիները հարձակվելիս զինվորներին գցում էին առաջ, կրակի բերան, առաջին հարվածի տակ, հետո գալիս էր զինտեխնիկան, հետո հրամանատարները, հետո մոջահեդները։ Հիմա Դուք ասեք՝տասնապատիկ չէ, որ հարյուրապատիկ էլ գերազանցեին մեզ, այդ ոգով, այդ բարոյականությամբ կարո՞ղ էին հաղթել մեզ, որ պատրաստ էինք մեր կյանքը տալ ընկերոջ համար, մեր սիրտը վահան դարձնել ընկերոջ սրտի առաջ։ Շամիլ Բասաևը ասել էր. «Եթե իմանայի, որ ադրբեջանցիներն այսքան վախկոտ ազգ են, չէի համաձայնի կռվել այստեղ։ Այս ժողովուրդն արժանի չի մեր օգնությանը…»։ Գիտեք՝ գայլի հոգեբանություն ունեն՝ ոհմակով անասելի դաժան են, հենց զգացին, որ հաղթելու հնարավորությունները նվազել են, անմիջապես խուճապահար են լինում։

-Փաստորեն, պատերազմից հետո էլ մինչև 96թ. սահմանում եք ծառայել։

-Զինվորներին օգնել էր պետք։ Անփորձ տղաներ էին, պատերազմով անցած ռազմիկների կողքին ավելի պաշտպանված կլինեին… Ի՜նչ տղաներ էին այդ տարիների զինակոչիկները։ Ապշած ու հիացած էի, ի՜նչ սերունդ էր՝ քաջ, հայրենասեր, ազնվաբարո, բարձր…

-Հիմա այդպիսի՞ն չեն, հիմա փոխվե՞լ է սերունդը…

-Ես 96-ին զորակոչվեցի կանոնավոր բանակ… 7 տարի ստորաբաժանման հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ էի։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես պետք է զինվոր դարձնել, ինչպես պետք է արթնացնել նրա մեջ քնած առյուծին՝ քաջ, ազնիվ, պատվարժան, հայրենասեր տղամարդուն։

-Ինչպե՞ս…

-Ոչ մի հանձնարարություն չէի տալիս, առանց բացատրելու դրա կարևորությունը և նպատակը։ Ոչ մի սխալ ու թերություն չէի ուղղում, առանց բացատրելու դրա վնասակար հետևանքները։ Անհատապես ճանաչում էի յուրաքանչյուրին ու խոսում էի նրանց հետո…Չէի զլանում, չէի հոգնում։ Նրանք տեսնում էին, որ իմ ամբողջ ջանքերը ուղղված են իրենց ծառայությունն ավելի պաշտպանված, անվտանգ դարձնելուն։ Զգում էին, որ կաշվից դուրս եմ գալիս իրենց հոգսերը թեթևացնելու ու խնդիրները լուծելու համար։ Չէի բռնանում, ուզում էի, որ հասկանալով կատարեն հրամանները, դրանց անհրաժեշտությունը գիտակցելով։ Հարգում էի զինվորի մարդկային արժանապատվությունը։ Նույնիսկ պատժելիս՝ նրա տղամարդկային ինքնասիրությունը չէի վիրավորում։ Նաև շատ դժվար, բարդ բնավորությամբ զինվորներ եմ ունեցել։ Չեմ ուզում պատմել, թե որքան հոգս պատճառեց ինձ այդ տղան։ Բայց զորացրվելիս ստորաբաժանման ամենալավ զինվորն էր…

-Ե՞րբ եք զորացրվել…

-Անցած տարի։ Հին վերքերը զգալ տվին։ Տարիներ առաջ դիրքեր բարձրանալիս վթար եղավ։ Ողնաշարս վնասվեց։ Վիրահատեցին։

-Ինչպե՞ս եք ապրում հիմա, ինչո՞վ եք զբաղվում։

-Չորս երեխա ունեմ։ Կրտսերս տղա է։ 15 տարեկան է արդեն։ Լավ տղա ունեմ։ Համարձակ, ճշտախոս, արդար, արժանապատիվ։ Դպրոցում գերազանց է սովորում։ Ուզում եմ զինվորական դառնա… Ապրում եմ մեր բանակն ավելի հզոր, ամուր ու ոգեղեն տեսնելու երազանքով։ Մեր ուժը մեր բարոյականության մեջ է։ Այդ ուժը հաղթեց Արցախում, այդ ուժը մեզ կտանի անհավանական հաղթանակների նաև ապագայում… Երբ սպան ու զինվորը մարտական ընկերներ լինեն՝ մի ուժ, մի ոգի, մի կամք… Երբ զինվորը սիրի կողքի զինվորին եղբոր պես… Երբ ազգը սիրի բանակը՝ իբրև լավագույն ու սրբազան արարում։
…Մենք պիտի վերագնահատենք մեր անցյալը։ Հասկանանք, թե ինչու և երբ կորցրինք… Պիտի հասկանանք մեր հաղթանակների ֆենոմենը։ Ու քայլենք հաղթանակի ճանապարհով։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #31 (947) 9.08.2012 – 15.08.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


15/08/2012