Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՏՕ-Ն ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ



Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի արտահերթ նիստում կազմակերպության անդամ 28 պետությունների ներկայացուցիչներ դատապարտել են սիրիական ՀՕՊ ուժերի կողմից թուրքական հետախուզական ինքնաթիռի ոչնչացումը` միջադեպը որակելով որպես «անընդունելի» և Դամասկոսից պահանջել են միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ թեև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետություններից մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում ենթադրվում է կոլեկտիվ պաշտպանություն, ինչը սահմանվում է կազմակերպության կանոնադրության հինգերորդ հոդվածով, սակայն, թուրքական ինքնաթիռի ոչնչացման կապակցությամբ նման որոշումը քննարկման առարկա չի դարձել:

ՌԴ արգտործնախարարությունը մտահոգություն հայտնելով միջադեպի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ, Անկարային ու Դամասկոսին կոչ է արել միջադեպի պատճառով ավելի չսրել իրավիճակը և տեղի ունեցածը չհամարել սադրանք կամ կանխամտածված գործողություն, ինչը կհանգեցնի իրավիճակի հետագա ապակայունացման:

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանն իր հերթին պնդել է հունիսի 30-ին Սիրիայի հարցով Ժնևում կայանալիք միջազգային կոնֆերանսին Իրանի մասնակցությունը, ինչին կողմ է Ռուսաստանը, սակայն դեմ է Միացյալ Նահանգները:

Ենթադրվում է, որ այս խնդրի շուրջ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ բանակցությունների արդյունքի մասին Քոֆի Անանին հայտնելու էին երեկ ուշ երեկոյան կամ այսօր:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


27/06/2012