Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ԷՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԲԱՆԱԿԸ. ԱՎԻԱՑԻԱ



ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԳՆԴԱՊԵՏ
1992-1996թթ. ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

1992-ի փետրվարին, երբ եկել էր մասնակցելու հոր հուղարկավորությանը, մի քանի օր անց, գնդապետի ուսադիրներով երիտասարդ զինվորականին Վազգեն Սարգսյանը հրավիրել էր իր մոտ ու ծանոթանալով՝ մի կարճ հարց տվել. «Այստեղ պատերազմ է, ի՞նչ ես մտածում»: Գնդապետն էլ նույնքան կարճ պատասխան էր տվել. «Համաձայն եմ…»: Եվ շուտով մարշալ Շապոշնիկովի հրամանով, փոխադրվել էր ՀՀ զինված ուժեր՝ «մնալով պաշտպանության նախարարի տրամադրության տակ»:
1992-1996 թվականներին ավիացիայի վարչության պետ, պահեստի գնդապետ Ալեքսանդր Աբրահամյանը 1977-ին ավարտել էր օդաչուական բարձրագույն զինվորական ուսումնարանը, ապա Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան (երկուսն էլ ոսկե մեդալով, ինչպես եւ 2003-ին ավարտեց ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ակադեմիան), կարճ ժամանակում դարձել էսկադրիլիայի հրամանատար եւ առաջին կարգի օդաչու, ապա նշանակվել հեռավոր թռիչքի ՄԻԳ-31 ինքնաթիռների՝ ԽՍՀՄ-ում երկու գնդերից մեկի հրամանատար: Այդ զորամասն ընդգրկված էր Խորհրդային Միության պետական սահմանի հեռավորարեւելյան հատվածի պաշտպանությունում.
«Երբ նշանակվեցի վարչության պետ, ամբողջ սպառազինությունը մի քանի ռադիոկայանք էր ու մի քանի զորային ՀՕՊ միջոց, որոնք նախկին խորհրդային բանակից գնդապետ Սերգեյ Գուրոկյանն էր ընդունել, նա էլ ավիացիայի եւ հակաօդային պաշտպանության դեռ միացյալ վարչությունում ՀՕՊ բաժնի պետն էր:
Շուտով ավիացիայի բաժինը ղեկավարեց փոխգնդապետ Բորիս Բաբայանը, որին, շատ լավ ճանաչելով, խնդրել էի վերադառնալ Ռուսաստանից: Նա հետո զոհվեց մարտական առաջադրանք կատարելիս,- հիշում է գնդապետ Աբրահամյանը:-92-ի մայիսի սկիզբն էր, հայկական բանակը ոչ մի ինքնաթիռ եւ ուղղաթիռ չուներ: Ներկայացել էր մի քանի օդաչու, եւ սկսեցինք նախկին Խորհրդային Միությունից կանչել մեզ ծանոթ հայ օդաչուներին, զինկոմիսարիատներում ուսումնասիրել մոբիլիզացիոն ռեզերվը: Զուգահեռաբար, իր գործի մեծ նվիրյալ Դանիել Բալայանի ղեկավարությամբ սկսվեց ավիացիայի ուսումնական կենտրոնի ստեղծումը, եւ 92-ի հունիսի վերջին լրատվամիջոցները հրապարակեցին նորաբաց կենտրոնում ավիացիոն մասնագետների, թռիչքային փորձ ունեցողների եւ ԽՍՀՄ ավիացիոն ռազմաուսումնական հաստատություններում ուսանածների ընդունելության հայտարարությունը:
Տեսական պատրաստության առարկաների դասավանդման կազմակերպումը հեշտ էր. ֆիզիկայի ու մաթեմատիկայի բարձրակարգ մասնագետները Հայաստանում շատ էին: Իսկ բուն մասնագիտական՝ թռիչքատեխնիկական ու մարտավարական առարկաները ինձնից ու վարչության պետի տեղակալ Բորիս Բաբայանից սկսած, վարչության սպաներն էին դասավանդում: Ուղղաթիռային էսկադրիլիան շուտով հանձնվելու էր մեզ, եւ որոնում ու գտնում էինք այն մարդկանց, որոնք երբեւէ թռիչքներ էին կատարել, ապա տարբեր պատճառներով հեռացել կամ հեռացվել էին ԽՍՀՄ ռազմաօդային ուժերից: Միայն իմանում էինք, որ մարդը թռչել գիտի, եւ ընդունում էինք ու սկսում ուսուցումը, որն իրականացվում էր պաշտպանական մարզատեխնիկական ընկերության ուսումնական օդանավակայանում:
Մենք տարօրինակ ու դժվարին իրավիճակում էինք: 7-րդ բանակի կազմում ռազմական ինքնաթիռներ չկային, Հայաստանին էին հանձնվելու միայն ուղղաթիռներ, իսկ վերադարձող օդաչուների զգալի մասը ինքնաթիռի օդաչուներ էին, ու շուտով սկսվեց նրանց շտապ վերապատրաստումը: Եվ պատերազմի ամբողջ ընթացքում ռազմաճակատում վճռորոշ դերակատարություն ունեցան ուղղաթիռների օդաչուները:
Ապա մեզ հանձնվեց ավիաուղղորդողներ պատրաստող ուսումնական կետը, որտեղ էլ ռազմաուսումնական կենտրոն ստեղծեցինք: Զորամասերից մեկ-երկու հոգի գործուղում էին մեզ մոտ, նրանց ծանոթացնում էինք ուղղաթիռների մարտավարա-տեխնիկական բնութագրերին, օդաչուները զրուցում էին հետները, եւ անգամ իրենց չարդարացրածներին եւս դարձնում էինք ավիաուղղորդող:
Հունիսի 17-ին նախկին խորհրդային էսկադրիլիայից առաջին ուղղաթիռը հանձնվեց հայկական բանակին: Մեր առաջին ուղղաթիռն ուսումնական կենտրոնի օդանավակայան տեղափոխեցինք գնդապետ Բորիս Խաչատուրովի եւ ինժեներ Սերգեյ Հարությունյանի հետ: Այդպես սկսվեց նախկին խորհրդային բանակի ռազմական ավիացիայի, ավելի ճիշտ՝ ռազմական ուղղաթիռների հանձնումը Հայաստանին, որպիսիք Հայաստանում դեռ չկային:
Եվ որպեսզի ինքնաթիռը կամ ուղղաթիռը օդ բարձրանան, գետնի վրա գործող հսկա ու բարդ ենթակառուցվածք է հարկավոր, եւ գնդապետ Եղիշե Համբարյանը կարճ ժամանակում կարգի բերեց Գյումրիի ու «Էրեբունի» օդանավակայանների համապատասխան ենթակառուցվածքները:
Կարողացանք պահպանել նաեւ օդային տարածքի ղեկավարման գոտիական (զոնալ) կենտրոնը, որն անհամեմատ ուշ հանձնվեց Հայաստանին:
Հուլիսին տեղի ունեցավ զինվորական օդաչուների երդման առաջին հանդիսավոր արարողությունը: Թեեւ արդեն արագացված դասընթացներ ավարտած, բայց ռազմական օդաչուներ ունեինք, ինչպես նաեւ՝ երկու-երեք փորձառու անձնակազմ՝ Բորիս Խաչատուրով, Էրիկ Մարտիրոսյան, Գրիգոր Բաղինյան, Սերգո Խանագյան, Սամսոն Սամսոնյան, Մկրտիչ Ավդալյան, Արմեն Մկրտչյան, Աշոտ Կարապետյան… Ռուսաստանից եկել էին նաեւ մի քանի երիտասարդ սպաներ՝ Արմեն Մարտիրոսյանը, այժմ ավիացիայի վարչության ղեկապետ, գնդապետ Հրայր Գրիգորյանը… Մինչդեռ իսկական թռիչքավարժարան չունեինք, որպեսզի օդից մարտական կրակ վարելու առանձնահատկությունները սովորեցնեինք եւ որոշեցինք մարտական կրակով թռիչքներն իրականացնել հակառակորդի տարածքում՝ մարտադաշտը դարձնելով փորձադաշտ: 92-ի օգոստոս-սեպտեմբերին, երբ «Կյանքի ճանապարհը» նեղանում էր, իսկ Արծվաշենի անկումից հետո որոշվում էր ոչ միայն Վահան գյուղի ճակատագիրը, թռիչքները սկսվեցին: Նույն օրերին էլ Վազգեն Սարգսյանի ջանքերով ձեռք բերեցինք առաջին երկու ՍՈՒ-25 ինքնաթիռը. օդաչուներից Մելիք Մելիքյանն առաջին իսկ օրից մեզ մոտ էր, իսկ օգոստոսին եկավ Ստեփան Գալստյանը, ապա՝ Ավետիք Մուրադյանը:
Ուղղաթիռների քանակը բավարար էր մարտական գործողություններին աջակցելու համար, եւ մեր առաջնահերթ խնդիրը օդաչուների վարպետության եւ համագործակցության կատարելագործումն էր, ինչպես նաեւ արագ ու արդյունավետ գործել կարողանալը:
Ավիացիան արդեն իսկ ոչ միայն սանիտարական խնդիրներ էր կատարում (վիրավորների տեղափոխում), այլեւ հստակ աջակցում էր մոտոհրաձգային ստորաբաժանումների գործողություններին, թեեւ ընդամենը 1992 թվականն էր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման առաջին տարին…»:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #04 (869) 02.02.2011 – 09.02.2011, Պատմության էջերից


10/02/2011