Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆԴԴԵՄ ԿԱԽԱՐԴՆԵՐԻ



Ա. Աստվածպաշտությունն Աստծուն հավատարմությամբ, հոժար կամքով ծառայելն է, և այս ծառայությունը կատարվում է հնազանդությամբ աստվածային պատվիրաններին, որոնք Սուրբ Գրքում դրոշմվելով՝ Սուրբ Հոգով ավանդվեցին։

Ուստի, ով Սուրբ Գրքին հակառակն է անում, հակառակվում է աստվածային պատվիրաններին, իսկ ով հակառակվում է աստվածպաշտությանը, կորցնում է, և ով աստվածպաշտությունը կորցնում է, հարկավ դրանից անաստված է դառնում։ Իսկ Սուրբ Գիրքն ամբողջապես արգելում է կախարդությունը. ուրեմն կախարդները, ընդդեմ Սուրբ Գրքի գործելով, ոտնատակ են անում աստվածային պատվիրանը, ինչ պատճառով անաստված են դառնում։

Բ. Թեպետ կռապաշտներն անաստված են, որովհետև ճշմարիտ Աստծուն չեն ճանաչում, սակայն դևերին էլ չեն ծառայում, քանի որ դև են։ Ուստի կախարդները կռապաշտներից վատ են, որովհետև Աստծուն գիտեն, բայց խնկարկում ու ծառայում են դևերին, կանչում ու ապավինում նրանց և ոչ թե Աստծուն։։

Գ. Ով բարեկամանում է մեկին ատելի անձանց հետ, նրան ատելի է դառնում, իսկ կախարդները բարեկամանում են Աստծո ատելիների հետ, որ դևերն են, ուրեմն կախարդներն ատելի են Աստծուն։

Հետևաբար, կախարդների մոտ գնացողներն Աստծուն ատելի են դառնում, որովհետև ակնկալում են ինչ-որ բարեկամություն գտնել կախարդական դիվագործությունից, այլապես երբեք չէին գնա կախարդի մոտ։

Դ. Դևերն առավել արագաշարժ են մարդկանց գցելու կախարդական գործերի մեջ, քան այլ չարիքների, որովհետև թեպետ մյուս բոլոր չար գործերում դևի կամքն է կատարվում, բայց նրան չեն ծառայում, իսկ կախարդության մեջ դևին որպես գործի հեղինակի ծառայում են։ Ուստի, մյուս մեղքերը մարդուն չարագործ են դարձնում, իսկ սա՝ դիվապաշտ։

Արդարև, կախարդն ու նրան հետևողն ըստ ամենայնի արժանի են դատապարտության։

Ե. Դևերը սովոր են կախարդների միջոցով խաբել հիմարներին՝ իբրև թե գաղտնիքներ հայտնելով։ Բայց ոչ թե անհայտը ճշմարտապես ցույց տալ են կարողանում, այլ խաբեությամբ տարակուսանքների մեջ են գցում մարդկանց, որպեսզի առավե՛լ մտատանջեն ու չարչարեն։

Քանզի ով ի բնե չար է ու մարդկանց թշնամի, ինչպե՞ս կարելի է նրանից որևէ բարիք հուսալ։ Եվ ով ի սկզբանե ստախոս է, ինչպե՞ս է հնարավոր, որ ճիշտը խոսի։ Ուրեմն՝ կախարդներն ինչ որ գուշակում են՝ դևերից սովորելով, կեղծիք է, սուտ և խարդախությամբ լի։

Զ. Ոմանք հիմարաբար կարծում են, թե դևերն են մարդկանց պատճառում որոշ հիվանդություններ, որոնք կոչում են «դրսևե»։ Ավա՜ղ, ինչպիսի՜ կուրություն ունեն նրանց սրտերը։ Դևերն առանց Աստծո թույլտվության չեն կարող ցավերով տանջել որևէ մեկին։ Ցավերն ու հիվանդությունները բազում պատճառներով են առաջ գալիս և բժիշկների դեղերի ու օգնության կարիքն ունենում։ Իսկ եթե որևէ ախտ դիվական է, այդժամ պետք է Աստծուն աղաչել ու սրբերին բարեխոս դարձնել բուժվելու համար։

Եվ քանի որ մեր փրկիչ Քրիստոսը կապեց դևերի զորությունը, ուստի դևը չի կարող մարդկանց վնասել այնքան, որքան կամենում է, այլ որքան Աստված թույլ է տալիս։ Եվ սա՝ մարդու որևէ հանցանքի կամ մեզանից թաքցված ու անգիտելի պատճառներով, այլապես դևերը բոլոր մարդկանց չարաչար կտանջեին։

Իսկ այն քրիստոնյային, ով շնորհի մեջ է, դևը երբեք չի համարձակվում մոտենալ՝ ըստ այսմ. «Ահա ձեզ իշխանություն տվեցի կոխոտելու օձերը, կարիճները և թշնամու ամբողջ զորությունը» (Ղուկ. Ժ 19)։

Է. Շատ անգամ հիվանդությունը պատահում է արյան ապականությունից, մաղասներից, մաղձերից կամ սևամաղձությունից, այլև ուրիշ բազմադիմի պատճառներից։ Ուստիև կան հիվանդներ, ովքեր իբրև դիվալլուկներ փրփուր են թափում բերանից, սարսափում, ճչում, գետնին թավալվում, ծամածռվում, պապանձվում և այլն։

Բնության ու խառնվածքի այս և սրանց նման ախտերն ու տկարությունները կարիքն ունեն բժշկական դեղորայքի, երակահատության, օդափոխության ու պահեցողության։ Բայց անգետներն ու թերահավատներն այսպիսի ախտերի պատահման դեպքում դիմում են կախարդական հնարների. իրենց հիվանդներին իզուր տանջում են, շատ դրամ իզուր մսխում և ոչինչ չեն շահում, բացի դատապարտությունից։

Ը. Հիվանդությունը պատահում է կա՛մ Աստծուց՝ ի պատիժ մեղքերի, կա՛մ հենց իրենից՝ մարդուց, իր բնության տկարության կամ իր անզգուշության պատճառով։ Երկուսն էլ կարիքն ունեն նախ աստվածային օգնության, ապա բժշկական դեղորայքի։ Ուստի նախ պետք է ջերմեռանդ աղոթքներով ու ողորմությամբ դիմել Աստծուն և հետո՝ բժիշկներին։ Կա նաև ասես բնական հիվանդություն, որ դեպի բնական մահն է առաջնորդում։ Դևերն այսպիսի հիվանդություններին անհաղորդ են, որևէ օգուտ կամ վնաս տալ չեն կարող։

Սակայն որոշ տկարամիտներ, այս ամենը դևերի զորությանը վերագրելով, թողնելով բնական դեղերը, որոնց Աստված ախտերը բուժելու զորություն տվեց, և սուրբ Ավետարանն ու հոգևորականներին, գնում են այլևայլ ազգերի խոջաների մոտ՝ օգնություն հայցելու։

Արդարև, սա մահացու մեղք ու անաստվածություն է. որովհետև մոռանալով կյանքի աղբյուր Աստծուն և Աստծո կողմից կարգվածներին՝ դիմում են Աստծուն ատելիներին՝ դևերին ու նրանց դիվազգի սպասավորներին։

Թ. Կան և ոմանք, որ ասում են. «Ահա ո՛չ բժշկական դեղերով և ո՛չ սուրբ Ավետարանով չբուժվեց մեր հիվանդը։ Ի՞նչ անենք, նրան անխնա՞մ թողնենք. ծովն ընկածն օձերից է կառչում»։

Ո՛վ հիմար, հարկ է, որ միայն աղաչես Աստծուն նրան առողջություն տալու։ Իսկ եթե Աստված կամեցել է, որ նա շարունակի մնալ նույն հիվանդության մեջ, իզուր է քո տառապելը և իզուր՝ կախարդների մոտ գնալով մեղանչելը։ Գուցե Աստծուն քո բարկացնելու պատճառով հիվանդությունը կա՛մ երկարատև դառնա, կա՛մ մահաբեր։

Ժ. Կախարդների հետ դատապարտվում են նաև նրանք, ովքեր պարզամիտներին խաբում են այլևայլ դյութական գործողություններով՝ բակլայի, գարու կամ այլ միջոցներով, որոնցով իբր ծածուկ բաներ են իմանում։ Այս բոլոր դյութական հմայությունները դևերի պատրողական գիտությունն են, որով մարդկանց մոլորեցնում են։

Այսպիսին են չար պառավներից շատերը, ովքեր դևերի բնակարան դառնալով՝ դիվական աղանդներն ուրիշներին են սովորեցնում և դառնում բազում չարիքների պատճառ։ Ոչ թե որովհետև կարողանում են չարիք կամ բարիք պատճառել մեկին, այլ որովհետև մարդկանց մեջ խռովության պատճառ են դառնում և անմեղներին իրենց հետ դեպի դատապարտություն տանում։ Ուստի ով հավատում է նրանց խոսքերին և ընդունում դյութական խաբեությունները, նրանց հետ մատնվում է հավիտենական կորստյան։

ԺԱ. Դյութական միջոց է և նուսխան, որ կոչում են նաև հմայիլ, ուստի եթե մեկն այն իր վրա է կրում, ինչ նշանագրով էլ որ գրված լինի, կախարդական փաթեթ է համարվում, և մեղանչում են գրողն ու պահողը։ Որովհետև այդպիսի դյութական հուռութքները մեր սուրբ հավատքին հակառակ են։

«Վհուկներին մի՛ հետևեք և ոգեհանների հետ մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք» (Ղևտ. ԺԹ. 31)։

«Դու ատեցիր նաև Քո սուրբ երկրի հին բնակիչներին իրենց կատարած գարշելի գործերի, կախարդությունների և անսուրբ ընծաների համար» (Իմաստ. ԺԲ 3-4)։

ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ \ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ
«ԽՐԱՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ»
(18 – 19-րդ դդ.)

Խորագիր՝ #09 (925) 08.03.2012 – 14.03.2012, Հոգևոր-մշակութային


14/03/2012